Տնտեսությունից՝ անվտանգություն․ ՀՀ-Գերմանիա գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը
ՀՀ-Գերմանիա ռազմավարական օրակարգի մասին հռչակագիր
Հայաստանի վարչապետի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հռչակագիր ՀՀ-Գերմանիա գործընկերության ռազմավարական օրակարգի մասին։ Փաստաթուղթը ստորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Հռչակագի համաձայն՝ կողմերը հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ճանաչում են «տարբեր ոլորտներում շահերի համընկնումը»։
Փաստաթղթում մատնանշվում են այն ոլորտները, որոնցում կողմերը մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ տնտեսությունից մինչև անվտանգություն։
Ինքը՝ Փաշինյանը, Գերմանիա կատարած այցը պատմական է որակել։ Շեշտել է՝ հռչակագրի ստորագրմամբ Երևանի և Բեռլինի հարաբերությունները «թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ»։
«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեզ միավորող արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Փաստասթղթի մանրամասները, Հայաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հայտարարությունները
- Հստակեցվում է ՀՀ-ի մասնակցության շրջանակը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
- «Նպաստում ենք ՀՀ-ի պաշտպանության ապահովմանը». Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Երևան
Հայաստանի վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել դեկտեմբերի 9-ին։ Նա հանդիպել է ինչպես կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, այնպես էլ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, մասնակցել նաև ընդլայնված կազմով հանդիպման։
Փաշինյանը ելույթ է ունեցել Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում, ներկայացրել տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ իր տեսակետները։ Կառավարության ղեկավարն այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ, հանդիպել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ։
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի այցը Համբուրգ։ Այստեղ նա կհանդիպի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, ինչպես նաև Համբուրգի առևտրի պալատում կմասնակցի տեղի գործարարների հետ քննարկման։
Ո՞ր ոլորտներում կգործակցեն Երևանն ու Բեռլինը
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հրապարակել է ստորագրված հռչակագիրը, ըստ որի՝ կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվել դրանցով՝
- քաղաքական և դիվանագիտական համագործակցություն,
- տնտեսական և առևտրային համագործակցություն,
- զարգացում և կարողությունների ամրապնդում,
- մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փորձի փոխանակումներ,
- գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն,
- անվտանգություն և պաշտպանություն։
Փաստաթղթի համաձայն՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցությունը ենթադրում է երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի՝ միջուկային անվտանգության, կիբեռանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ։
Բացի այդ, հռչակագրում նշվում է, որ կողմերը կհամագործակցեն «անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում», փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կփոխանակեն տեղեկություններ ու իրենց լավագույն փորձը։
Անդրադարձ է արվում նաև Հայաստան-Գերմանիա տնտեսական համագործակցությանը։ Մասնավորապես՝ խոսվում է երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման մասին։
Ըստ հռչակագրի՝ գործակցությունը կզարգանա նաև էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում։
«Հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ»
Հայաստան-Գերմանիա գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի երկրոդ կետում ասվում է՝ հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ․
«Հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության»։
Շեշտվում է, որ փաստաթղթի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից:
Մերց․ «Ռուսաստանը փորձում է ԵՄ-ի և Արևմուտքի հետ սերտացման վախեր սերմանել»
Գերմանիայի կանցլերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետն իրեն ներկայացրել է երկրի զարգացման ու հարևանների հետ խաղաղ ապրելու իր տեսլականը։ Ֆրիդրիխ Մերցի դիտարկմամբ՝ ժողովրդավարական զարգացման մաս են դառնալու 2026 թ․-ի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, բայց կա «խաթարող հանգամանք»․
«Ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում։ Հատկապես՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և Արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին»։
Ասում է՝ ԵՄ արժեքների մասին սխալ տեղեկություններ են տարածում, փորձում են ապակայունացնել իրավիճակը։
«Ինչպե՞ս կարող է Գերմանիան նպաստել ՀՀ դիմակայունությանը։ Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերում, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել Հայաստանի անվտանգությունն ավելի լայն օրակարգով»,- հայտարարել է նա։
Մերցը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև օգոստոսի 8-ին հաղորդակցությունների բացման (TRIPP նախագծի) շուրջ ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Խոսել է նաև տնտեսական ոլորտում Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ինտենսիվացման մասին։
Կանցլերի փոխանցմամբ՝ գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ․
«Տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է օգտագործենք։ Դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն»։
Մերցը նշել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների համար այնքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, ուստի նախ ուսումնասիրում են դրանք։ Այս համատեքստում նա ևս մեկ անգամ կարևորել է ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները։
Փաշինյան․ «Դեպի ԵՄ տանող ճանապարհին ակնկալում ենք Գերմանիայի աջակցությունը»
Հայաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է՝ Գերմանիան ՀՀ կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ Հիշեցրել է՝ ՀՀ-ում եվրաինտեգրման գործընթացը նոր թափ է հավաքել, երկրի խորհրդանը միությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին օրենք է ընդունել։
«Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը՝ ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ և երկարատև ճանապարհին»։
Անդրադառնալով ՀՀ-ԳԴՀ հարաբերություններին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով «նոր լիցք ու որակ» կհաղորդեն գործընկերությանը։ Բարձր է գնահատել, մասնավորապես՝ Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանը։
«Աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների՝ առավել համակարգված և արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ամրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը»,- նկատել է նա։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է՝ Բեռլին կատարած այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացվել տնտեսական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը․
«Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական միությունում՝ առաջինը։ Եվ մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ»։
Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում և ՀՀ շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում՝ ներդրումներ անելու, ինչպես նաև հայաստանյան գործարարների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-Գերմանիա ռազմավարական օրակարգի մասին հռչակագիր