Վրաստանից դուրս քաղաքացիները չեն կարողանա քվեարկել
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նպատակն է կանխել էմիգրանտների մասնակցությունը ընտրություններին, քանի որ նրանք չեն աջակցում կուսակցությանը», — հայտարարել է «Արդար ընտրություններ» կազմակերպության նախկին ղեկավար Նինո Դոլիձեն՝ ի պատասխան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի այն հայտարարությանը, որ նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանական և մունիցիպալ ընտրությունների ժամանակ քաղաքացիները կկարողանան քվեարկել միայն Վրաստանի ներսում։
Սա նշանակում է, որ այլևս ընտրատեղամասեր չեն ստեղծվի արտասահմանում գտնվող Վրաստանի դեսպանատներում և հյուպատոսություններում։ Արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց երկիր՝ քվեարկելու համար։
Նինո Դոլիձե. «Սա հետընթաց քայլ է՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով։ Այսպիսով, «Վրացական երազանքը» փաստացի արգելում է մեր [արտասահմանում ապրող] քաղաքացիներին մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Պետությունը, ընդհակառակը, պետք է քայլեր ձեռնարկի նրանց ինտեգրելու համար։
«Վրացական երազանքը» փաստացի պատժում է արտագաղթածներին, քանի որ, ըստ վիճակագրության, կուսակցությունը գրեթե երբեք չի հաղթել արտասահմանում բացված ընտրատեղամասերում։ Սա նշանակում է, որ երկրից արտագաղթածները չեն աջակցում իշխող կուսակցությանը։ Աջակցությունը հատկապես ցածր է եղել 2024 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ ընդամենը 13%։
Այսպիսով, ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նույնիսկ եթե դրանք անցկացվեն վաղաժամկետ, արտագաղթածները չեն կարողանա մասնակցել ընտրական գործընթացին»։