«Հասունանում է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վերանայման գործընթաց»․ հայ քաղաքագետ
ՀՀ-ՆԱՏՕ կապերի վերանայման մասին
«Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերանայումն այլևս ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»,- կարծում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
Մինասյանը ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին նվիրված վերլուծություն է հրապարակել, որում արձանագրել է՝ Հայաստանը երբեք չի հետապնդել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ, այսօր էլ երկրի քաղաքական և հանրային շրջանակներում նման պահանջ չկա: Միևնույն ժամանակ նկատել է՝ վերջին տարիների զարգացումները «նպաստավոր հող» են ստեղծել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման համար:
«Տարածաշրջանային վերադասավորումների, ՀԱՊԿ-ի անգործության և պաշտպանական բարեփոխումների օրակարգի պայմաններում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը կարող է դառնալ ՀՀ-ի անվտանգային համակարգի ամրապնդման և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման առանցքային բաղադրիչ»,- ընդգծել է Մինասյանը։
Անդրադառնալով գործընկերության ներկայիս գործիքակազմին՝ փորձագետը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս երկրի պաշտպանական ու քաղաքացիական կարողությունները հասցնել միջազգային ստանդարտների՝ զերծ մնալով դաշնակցային պարտավորություններ ստանձնելուց:
- «Որոշել ենք դուրս գալ «գրպանից» և լինել անկախ պետություն». Փաշինյան
- Հայաստանը՝ Արևմուտքի և ՌԴ միջև․ կառավարության «բալանսավորման» քաղաքականության ռիսկերը
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
- Հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը խորանում է․ ի՞նչ սպասել 2025 թ․-ին
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 1992 թ․-ին, երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի անդամ: Երկկողմ գործակցությունը զարգացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» (Partnership for peace) ծրագրի, ինչպես նաև «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի (Individual partnership action plan) շրջանակում, հիմնականում կենտրոնանալով քաղաքական և անվտանգության երկխոսության, պաշտպանական բարեփոխումների և զինված ուժերի մասնագիտական պատրաստության վրա։
2000-ականներից Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է հիմնականում խաղաղապահության ոլորտում: Հայ խաղաղապահները մասնակցել են Աֆղանստանում և Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելություններին և շարունակում են իրենց ներգրավվածությունը Կոսովոյի առաքելությանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունների վերանայումը բխում է նոր աշխարհաքաղաքական իրողություններից, անվտանգության սպառնալիքների բազմազանությունից և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունից։
Ասում է՝ դրա համար առկա են առավել քան բավարար հիմքեր: Դրանք են՝
- տարածաշրջանային նոր իրողությունները (44-օրյա պատերազմի և ԼՂ-ի էթնիկ զտման արդյունքում նոր ստատուս քվոյի ձևավորում, ՀՀ-ի մասնակցության սառեցում ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի աշխատանքներին, տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացում),
- Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը,
- Զինված ուժերի բարեփոխումների օրակարգը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վերանայումը կնպաստի տարածաշրջանում դաշինքի համագործակցությունների հավասարակշռմանը:
«Ներկայումս տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությունն ամենացածր մակարդակի վրա է»,- նկատել է նա։
Մինասյանի փոխանցմամբ՝ Վրաստանն ունի ամենասերտ հարաբերությունները և հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու երկիր։ Իսկ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, ունի դաշինքի գործընկերոջ կարգավիճակ։ Սակայն դաշնակից Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանը զգալի առաջընթաց է գրանցել ԶՈՒ բարեփոխումների և ՆԱՏՕ-ի ստանդարտներով թուրքական մոդելի անցնելու հարցում:
Փորձագետը կարծում է՝ դաշինքի հետ հարաբերությունների վերանայումը կարող է դառնալ ՀՀ-ի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևոր բաղադրիչ:
Խոսելով արտաքին հարաբերությունների բազմազանեցման գործընթացում «զգալի առաջընթացի» մասին՝ Մինասյանն օրինակ է բերել, մասնավորապես՝
- Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության հաստատումը,
- Վրաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը,
- Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը ( ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայում, Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրում)։
Ըստ Մինասյանի՝ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր ունենալ նաև Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգում (2024-35 թթ․) նախանշված նպատակների կյանքի կոչման համար․
«ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերանայումն արդեն հասունացած գործընթաց է: Ավելին, այն կարող է նպաստել Հայաստանի ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ուժեղացնել կիբերանվտանգության, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի և ճգնաժամային կառավարման ոլորտներում կարողությունները»։
Շեշտում է՝ երկկողմ գործակցության ամրապնդման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի և Իրանի բարդ հարաբերությունները, կառույցում Թուրքիայի առանցքային դերն ու Ադրբեջանի հետ նրա դաշնակցային հարաբերությունները:
Հայաստանն, ըստ նրա, պետք է որդեգրի «համագործակցության խորացում՝ առանց նոր մարտահրավերների ստեղծման» բանաձևը։
Մինասյանի խոսքով՝ Երևանը պետք է փորձի օգտվել դաշինքի գործընկեր երկրների համար իրականացվող ծրագրերից։ Օրինակ՝ նպատակահարմար է համարում Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունն ամրապնդել «Պաշտպանական կարողությունների զարգացման» (Defence capacity building) գործիքի շրջանակում։ Դրա միջոցով արդեն իսկ աջակցություն է տրամադրվում դաշինքի անդամ չհանդիսացող մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանին և Մոլդովային:
«Այն կարող է ծառայել որպես կարևոր հարթակ՝ պաշտպանական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, կրթական և ուսումնական համակարգերի արդիականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև ուժային կառույցները միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ»,- նկատել է նա։
Փորձագետի համոզմամբ՝ պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համատեղ գործողությունները պետք է կենտրոնանան ոչ միայն տեխնիկական ու փորձագիտական աջակցության, այլև մարդկային կապիտալի զարգացման վրա՝ ապահովելով «երկարաժամկետ կայունություն և պաշտպանական համակարգի դիմակայունություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ՆԱՏՕ կապերի վերանայման մասին