Վրաստանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել լրագրող Մզիա Ամաղլոբելիի դատավճիռը
Վերաքննիչ դատարանը մերժեց Մզիա Ամաղլոբելիի բողոքը
Նոյեմբերի 18-ին Քութայիսիի վերաքննիչ դատարանն ավարտեց Batumelebi և Netgazeti հայտնի պարբերականների հիմնադիրի, լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործի վերանայումը և անփոփոխ թողեց երկու տարվա ազատազրկման դատավճիռը։
Մզիա Ամաղլոբելիին մեղադրեցին ոստիկանի վրա հարձակվելու մեջ, քանի որ նա ապտակել էր ոստիկանին իրեն վիրավորելու համար։ Դա տեղի էր ունեցել հունվարին, բողոքի ակցիայի ժամանակ։ Սկզբում Մզիային մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը նախատեսում է չորսից յոթ տարվա ազատազրկում։ Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները միջնորդեցին նրան արդարացնել և ազատ արձակել։
Դատավճռի հրապարակման օրը՝ 2025 թվականի օգոստոսի 6-ին, դատավորը մեղմացրեց մեղադրանքը՝ լրագրողին մեղավոր ճանաչելով ոստիկանին դիմադրելու մեջ։
Ինչպես են անցել վերաքննիչ դատարանի նիստերը
Մզիա Ամաղլոբելիի գործով վերաքննիչ դատարանի կազմը, որի մեջ մտնում էին Նիկոլոզ Մարգվելաշվիլին, Մարինա Սիրաձեն և Նանա Ջոխաձեն, նոյեմբերի 11-ից սկսեց քննել գործի նյութերը։ Այս ընթացքում տեղի ունեցավ երեք նիստ։
Դրանցից երկուսի ընթացքում Մզիան մի քանի ժամ կանգնած է եղել մեղադրյալների համար նախատեսված ապակե խցիկում։ Միայն առաջին նիստի ժամանակ նրան թույլատրվեց նստել իր փաստաբանների հետ։
Երեք նիստերն էլ անցկացվեցին 24 հոգու համար նախատեսված փոքր դահլիճում, և նրան աջակցելու եկածների մեծ մասը չկարողացավ մտնել դատարան։ Հավաքված տասնյակ կողմնակիցներին, գործընկերներին և ընտանիքի անդամներին նույնիսկ թույլ չտրվեց մտնել դատարանի բակ. դարպասները ամուր փակված էին։
«Ազատություն Մզիային», «Ազատություն ռեժիմի կալանավորներին», «Օլիգարխիան նետել կրակի մեջ»՝ վանկարկում էին Մզիայի կողմնակիցները բոլոր երեք դատավարությունների օրերին։
Փաստաբան. «Նույնիսկ չեն խուզարկել նրա բնակարանը, քանի որ գիտեին՝ ոչ մի թեթրի չեն գտնի»
Նոյեմբերի 18-ին կայացած վերաքննիչ դատարանի վերջին նիստում Մզիայի փաստաբան Մայա Մցարիաշվիլին մի քանի ժամ հիմնավորում էր, թե ինչու է նրա բանտարկությունը աբսուրդային․
«Ես ներկայացնում եմ Մզիա Ամաղլոբելիին, որը երբեք իշխանության մեջ չի եղել։ Նա կաշառակեր չէ։ Նա դոլարային բազմամիլիոն ակտիվներ չունի։ Նա ունի մեկ բնակարան, որի արժեքը, հավանաբար, 100,000 լարի է (մոտ 35,000 դոլար)։ Նա երբեք արվեստի որևէ գործ չի ունեցել։ Նա նույնիսկ չի մասնակցել ճանապարհների փակմանը [ինչը հաճախ անում են Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակիցները]։
Նա երբեք չի տուգանվել։ Ոստիկանները նույնիսկ չեն խուզարկել նրա տունը, քանի որ գիտեին, որ այնտեղ ոչ մի թեթրի չեն գտնի։ Նա ունի միայն մեկ գրասենյակ՝ Batumelebi-ի խմբագրությունը»։
Ժամեր տևած իր ճառը նա ավարտեց հետևյալ խոսքերով.
«Այս դատավճիռը կարող էր կայացվել ցանկացածի նկատմամբ։ Դատավորներ, առաջին ատյանի դատարանը տեսավ ամեն ինչ, բայց այնուամենայնիվ օրինականացրեց անարդարությունը։ Մզիան խղճի բանտարկյալ է։ Նա անմեղ է, և մենք պահանջում ենք արդար որոշում»։
Ներկաները երկար ծափահարում էին փաստաբանի խոսքի ավարտից հետո։
Մզիա Ամաղլոբելի. «Իմ երկիրը պայքարում է իր ազատության համար»
Մզիա Ամաղլոբելին օգտվեց իրեն տրված խոսքի իրավունքից.
«Ես ոչինչ չունեմ ասելու, բացի իմ երախտագիտությունը հայտնելուց։ Այսօր դատարան կոչվող այս պատմական շենքում պաշտպանությունը բարձրաձայնեց ճշմարտության ձայնը։ Ձայն, որը մեծապես զորացնում է ինձ և, կարծում եմ, կդառնա պայքարի օրինակ ինձնից բացի շատերի համար։ Հատկապես հասարակության այն մասի համար, որը պայքարում է ժողովրդավարական Վրաստանի համար»։
Նա խոսեց նաև «Վրացական երազանքի» կողմից ընդունված ռեպրեսիվ օրենքների մասին.
«Չգիտեմ, թե որքանով արդար կլինի ձեր դատավճիռը։ Որքա՞ն ժամանակ կպահեք ինձ քրեակատարողական հիմնարկում ապտակի համար։ Մեր օրենքներն այնքան ռեպրեսիվ են, որ կարող ենք ձերբակալվել դիմակ կրելու համար։ Կարիք էլ չկա հարցնել, թե ինչու։ Ռեժիմը կհորինի այն ամենը, ինչն իրեն անհրաժեշտ է»։
Մզիան ընդգծեց պայքարի շարունակականության կարևորությունը և կոչ արեց իր կողմնակիցներին չկորցնել հավատը.
«Եթե մենք կորցնենք հավատը, ռեժիմը, անշուշտ, կրկին ու կրկին կձերբակալի մեզ և կանի ամեն ինչ՝ մեզ նվաստացնելու, վիրավորելու և նույնիսկ մեր սեփական երկրից վտարելու համար։
Բանտարկությունը հեշտ չէ կրել, բայց նաև վտանգավոր չէ։ Ես վախենում եմ ոչ թե բանտարկությունից, այլ դրանից, թե ինչ է ինձ սպասում ազատության մեջ։ Այնտեղ իմ երկիրն է, որը պայքարում է ազատության համար և որը նվաճում են առանց տանկերի։
Ես հավատում եմ, որ հայրենիքի հանդեպ սերը և արժանապատվությունը բնածին հատկանիշներ են։ Արժանապատվությունը դուրս է գալիս սահմանադրությունը պաշտպանելու շրաջանակից։ Ես կոչ եմ անում ձեզ պայքարել, քանի դեռ ուշ չէ։ Պայքարեք մինչև վերջ», — ասաց Մզիան։
Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի. «Վրաստանը կփրկվի»
Հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկա էր դատական այս նիստին, ինչպես և այս գործով անցկացված բազմաթիվ այլ լսումների։
«Ռեժիմի սադիստական միտումները դրսևորվում են և նրանց ընտրած փոքր դատարանի դահլիճով։ Նրանք կարծում են, որ 28 ընտանիքի անդամներից բացի էլ ոչ ոք չպետք է աջակցի աշխարհում որպես պրոֆեսիոնալ լրագրող և ազատության անխոնջ մարտիկ ճանաչված մարդուն։
Մզիան բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել։ Շնորհակալություն մեզ օրինակ ծառայելու համար։ Նման օրինակի շնորհիվ արժանապատվությունն ու իրական հայրենասիրությունն ապագա ունեն։ Վրաստանը կփրկվի», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցերում։
«Ազատություն Մզիային», — վանկարկում էին փողոցում գտնվող մարդիկ, երբ լրագրողին տանում էին բանտ վերաքննիչ դատարանից։
Մզիա Ամաղլոբելին իր պատիժը կրում է Ռուսթավիի կանանց բանտում։ Նա Վրաստանի պատմության մեջ առաջին կին լրագրողն է, որը ճանաչվել է խղճի բանտարկյալ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վերաքննիչ դատարանը մերժեց Մզիա Ամաղլոբելիի բողոքը