«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց լիցենզիայից․ պետությունը կգնի՞ այն
ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից․ ինչ կհետևի սրան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշում կայացրեց։ Հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նախագիծը։
ՀԷՑ-ը «Տաշիր կապիտալ» ընկերության սեփականությունն է։ Ըկերությունը, իր հերթին, պատկանում է հայ գործարար Սամվել Կարապետյանին, որը մի քանի ամիս է, ինչ կալանավորված է իշխանազավթման կոչ հնչեցնելու մեղադրանքով։
«Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ ընթացքում կողմերը չգան համաձայնության, պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը»,- որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Կառույցի նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանը նախքան հանձնաժողովի եզրափակիչ ելույթը հայտարարել է՝ «հանձնաժողովն իր որոշումը վաղուց ունի, մնում է ընդամենը հայտարարելը»։ Ավելի վաղ Ղազինյանը կասկածի տակ էր դրել հանձնաժողովի անկախութունն ու նշել, թե այն գործում է «կառավարության ղեկավարի հրահանգներով»։
«Եթե հանձնաժողովն իրականում անկախ լիներ, այս հիմքերի պարագայում միանշանակ ամենամաքսիմումը, որ կարող էր լինել, ինչ-որ պատժամիջոցն է»,- ասել էր նա։
«Տաշիր կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչների գնահատմամբ՝ առկա չէ ծանրակշիռ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու համար։ Նախքան որոշման կայացումը պաշտպանները հանձնաժողովին վարույթը կասեցնելու միջնորդություն են ներկայացնել, սակայն այն մերժվել է։
Հարցի շուրջ քննարկումները մեկնարկել էին դեռևս նոյեմբերի 13-ին։ Երկու օր շարունակ ծավալվող քննարկումներից հետո այսօր կողմերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով, ինչից հետո էլ հարցը դրվել է քվեարկության։
Էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու որոշումը ենթադրում է, որ պետք է իրականացվեն հետևյալ քայլերը՝
- ՀԷՑ-ը ճանաչվի հանրային գերակա շահ,
- գնահատվի ընկերության արժեքը,
- ապա փոխհատուցում տրամադրվի սեփականատիրոջը։
- «Փաշինյանը վերարտադրվելու շանսեր չունի, ակտիվ մասնակցելու ենք ընտրություններին»․ Քոչարյան
- «Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
- «Ոչ ոք չի կարող սպառնալ ՀՀ-ին»․ Փաշինյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարարին
Մի քանի ամիս է, ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին։
«Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում զարմանքով և զայրույթով արձանագրել եմ, որ, ըստ էության, ՀԷՑ–ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Իմ վերլուծությունը հիմք է տալիս մտածել, որ այդ ամենը արվել է և արվում է ՀՀ-ում ներքին դժգոհություն գեներացնելու համար»,- ասել էր լրագրողներին վարչապետը մինչ գործընթացւ սկսելը։
Ապա կառավարությունն այս ընկերությունում ժամանակավոր կառավարիչ էր նշանակել, սկսել ուսումնասիրություններ։ Գործընթացը Փաշինյանը որակել էր «վիրահատական» միջամտություն։
Վարչապետ Փաշինյանն օրերս հնարավոր էր համարել իրադարձությունների զարգացման երկու սցենար՝ կամ պետությունը կգնի ՀԷՑ-ը, կամ այն կանցնի մասնավոր ընկերության։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ գործընթացն «անկասելի է և աներկբա, գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից որևէ մեկով»։
Հայտնի չէ՝ ՀԷՑ-ի ներկայիս սեփականատերերը մտադի՞ր են կառավարության հետ քննարկել ընկերությունը վաճառելու հարցը, որքա՞ն են այն գնահատում։ Ընկերության նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ պատրաստ են բոլոր սցենարներին։ Սակայն չէր հստակեցրել, թե արդյո՞ք պատրաստ են բանակցել նաև ընկերության վաճառքի շուրջ: Սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքն արդեն իսկ դիմել էր միջազգային արբիտրաժ՝ պետությունից պահանջելով 500 միլիոն դոլարի փոխհատուցում։
Որպես հիմք են ընդունել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի ներկայացրած փաստերը
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, իշխող ուժի ներկայացուցիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որոնց համաձայն՝ 2025 թ․-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է։ Մասնավորապես՝ ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018 թ․-ից սկսած։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է նաև փաստեր, որոնք վկայում են՝ ընկերությունը նախկինում ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել հանձնաժողովին, ինչի արդյունքում սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները և այլն։
Նախագծում նշվում է, որ որպես հիմք են ընդունվել նաև՝
- ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները․
դրանք արձանագրվել են «Գեղամա», «Արաքս», «Ղարս», «Դեբեդ» մասնաճյուղերում։ Օրինակ՝ ՀԷՑ-ի տարբեր տեղամասերի պետեր հրահանգել են ապահովել հոսանքի կորուստներ տարբեր տոկոսներով։
- ՀԷՑ-ի կողմից «Տաշիր գրուպ»-ի այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների (ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի) տրամադրումը․
օրինակ՝ մի դեպքում «Տաշիր կապիտալ»-ը ստացել է 7 մլն դոլարի վարկ «Արդշինբանկից», վարկի երաշխավոր եղել է ՀԷՑ-ը, մեկ այլ դեպքում «ԱՄԻՕ» բանկը միլիոնավոր դոլարներ է տրամադրել «Արմհոլդինգ» ՓԲԸ-ին, որի երաշխավորը կրկին եղել է ՀԷՑ-ը։
«ՀԷՑ-ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ուղղակիորեն ազդել է նաև սակագների ձևավորման վրա։ Գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացն արվել է խիստ կողմնակալ, խտրական՝ դրանով ստեղծելով տնտեսական փակ, մենաշնորհային արժեշղթա։ Գերշահույթների միգրացիա է կատարվել ՀԷՑ-ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբին»,- հայտարարել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀԷՑ-ի մեղավորությունը չհաստատվեց»․ փաստաբաններ
«Ներկայացված ապացույցների մեծամասնությունը օրենքի խախտմամբ է ձեռք բերվել և վարույթի շրջանակներում չեն կարող քննարկման առարկա դառնալ։ Ապացույցների մեծ մասը ձեռքբերման ոչ իրավաչափ եղանակի պատճառով արժանահավատ չէ»,- հայտարարել է «Տաշիր կապիտալ»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբաններից Վարդան Ալոյանի խոսքով՝ հնարավոր է, որ եղել են խնդիրներ, բայց դրանք չեն եղել «դիտավորյալ գործողություններ»․
«Որևէ կետով չհաստատվեց, որ ՀԷՑ-ը մեղավորություն ունի, և եթե մեղավորություն ունի, դա այն աստիճանի մեղավորություն է, որ կարող է լիցենզիայի դադարեցման համար հիմք հանդիսանալ»։
«Ուզում են պատժել Սամվել Կարապետյանին»․ ՀԷՑ-ի նախկին ղեկավար
Ժամանակավոր կառավարչի նշանակումից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ղեկավարում էր Դավիթ Ղազինյանը։ Նա իր ելույթում հիշեցրել է ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղիղ քաղաքական հրահանգ»։
Նախկին ղեկավարի գնահատմամբ՝ գործ ունենք «ՀԷՑ-ը խլելու գործընթացի» հետ։
«Ձեզ խաբել են, որպեսզի «պատժեն» Սամվել Կարապետյանին կամ բերեն բանակցությունների դաշտ՝ ցույց տալով, թե, իբր, ՀԷՑ-ը ծառայել է քաղաքական նպատակների»,— իր խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին՝ ասել է նա։
Հերքելով մեղադրանքները՝ նկատել է՝ վարույթի նյութերը «շատ թերի ու սխալ» են պատրաստված, իսկ նպատակը «ճգնաժամային կառավարման իմիտիացիա ստեղծելն» է։ Խոսելով բազայից 2018 թ․-ից հետոյի տվյալների ջնջման մասին՝ նկատել է՝ դա չեն կարողացել հիմնավորել։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի թերհավաքագրումներին ու հավելագրումներին, ըստ Ղազինյանի, դրանք չեն եղել «համակարգված», քանի որ չի եղել գլխամասից ցուցում, ներգրավված չեն եղել նաև մասնաճյուղերի տնօրեններ․
«Համակարգվածությունը պետք է ինչ-որ մի կենտրոնից լիներ, չէ՞։ Ո՞ւր է այդ կենտրոնը։ Նման որակում տալը հանցակազմ պարունակող արարք է»։
ՀԷՑ-ի նախկին ղեկավարի համոզմամբ՝ հանձնաժողովը չի ցանկացել ճշմարտությունը վերհանել, հակառակ դեպքում ելույթով հանդես գալու հնարավորություն կտար նաև վկաներին։ Ըստ նրա՝ վարույթի հարուցման համար հիմք են ընդունվել «ոստիկանական մեթոդներով վերցված ցուցմունքներ»։
«4 ամսվա ընթացքում չի կատարվել որևէ ծառայողական քննություն։ Կառավարիչը դրսևորել է երկակի ստանդարտներ՝ որ դեպքում պետք է, ՀԷՑ-ի հին աշխատակազմը շատ լավն էր, որ դեպքում պետք չէ՝ ՀԷՑ-ի հին աշխատակազմը հանցագործների հավաքածու էր»,- հայտարարել է Դավիթ Ղազինյանը։
«Նախագիծը որևէ կերպ չի վերաբերվում ՓԲԸ սեփականատիրոջը»․ հանձնաժողովի աշխատակից
Հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը՝ ներկայացնելով խախտումները, ընդգծել է․
«Որոշման նախագիծը որևէ կերպ չի վերաբերվում հենց ՓԲԸ սեփականատիրոջը կամ բաժնետերերին, այլ ընդհակառակը խոսում է նրանց շահերի հնարավոր խախտումների մասին»։
Միաժամանակ նկատել է՝ հավելագրումների և թերգրանցումների մասով ընկերության դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը եղել է «համակարգված և համատարած»։ Եզրափակիչ ելույթում Ղազարյանը նշել է, որ ընկերության «ոչ իրավաչափ վարքագիծը» կարող է վկայել՝
- կամ ընկերության ղեկավար կազմից համակարգված լինելու,
- կամ նրանց կողմից բավարար ջանք չգործադրելու մասին։
«Ընկերությունը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին վտանգել ամբողջ էներգետիկ համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը կամ հանգեցնել միլիոնավոր սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտման»,- հայտարարել է նա։
«Պետականացման գործընթացն օրենքի շրջանակում է»․ ժամանակավոր կառավարիչ
Արձագանքելով ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ մեղադրանքներին՝ գործող կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ այն օրինական է։
«Վստահ եմ, համոզված եմ, որ գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել»,- նկատել է նա։
Շեշտել է՝ ՀԷՑ-ում առկա խախտումները պետք է ժամանակին արձանագրեր հենց հանձնաժողովը, որը տևական ժամանակ անգործություն է ցուցաբերել։
Պետրոսյանի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներում քննվում են քրեական վարույթներ, կտրվեն համապատասխան գնահատականներ․
«Գուցե ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ու կառավարիչները հակված չեն եղել իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրավապահ մարմիններին, և բոլոր առերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել, քողարկվել են ՀԷՑ-ում»։
Ըստ ժամանակավոր կառավարչի՝ ռազմավարական նշանակության այս օբյեկտի հետագա ճակատագիրը կանխորոշելու է բացառապես հանձնաժողովի որոշման բովանդակությունը։
Վարչապետ Փաշինյանի առաջարկած 2 սցենարները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում դժվարացել էր ասել՝ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման պարագայում կառավարությունն ունի՞ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար․
«Ամեն ինչ կախված է գնից։ Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, շատ լրջորեն կքննարկվի»։
Փաշինյանը նաև նշել էր, որ եթե գինը շատ մեծ լինի և «ակնհայտ լինի, որ պետական բյուջեի միջոցներով չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել», առաջ կշարժվեն երկրորդ սցենարով։ Երկրորդ սցենարը հետևյալն է՝ ՀԷՑ-ն անցնում է միջազգային մասնավոր ընկերության, որն էլ վճարում է սեփականատերերին։
«Բոլոր դեպքերում ՀՀ-ն կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը»,- ավելի վաղ խոսելով այս սցենարի մասին՝ նկատել էր նա։
Վերջնական որոշում կայացնելու համար վարչապետն առաջարկել էր սպասել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը:
«Այդ որոշումն ինչ-որ մի բովանդակություն է ունենալու, որը կամ հնարավոր է դարձնելու, կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու։ Նախ կսպասենք, կտեսնենք՝ հանձնաժողովն ինչ է որոշելու, դրանից հետո կկոնկրետացնենք»,- նկատել էր Փաշինյանը։
ՀԷՑ-ի պետականացման շուրջ քննարկումների մեկնարկից ի վեր չի հանրայնացվել տեղեկություն այն մասին, թե արդյոք որևէ միջազգային ընկերություն հետաքրքրված է դրա ձեռքբերմամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից․ ինչ կհետևի սրան