Վարժական հավաքներից խուսափելը ՀՀ-ում կպատժվի խստորեն՝ առավելագույնը 5 տարվա ազատազրկմամբ
ՀՀ-ում կպատժեն 25-օրյա հավաքներից խուսափողներին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է խստորեն պատժել այն բոլոր անձանց, որնոք կխուսափեն 25-օրյա վարժական հավաքներից։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Ըստ այդմ՝ սահմանվել է, թե որոնք են հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվել է արարքի նկարագրությունը, ինչպես նաև մի շարք հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը՝ տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Իրավապահ մարմիններից բացի խախտումների հայտնաբերման ու բացահայտման գործառույթ է վերապահվել նաև Ռազմական ոստիկանությանը։
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հարցն ակտիվ քննարկման առարկա է դարձել։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը քննադատաբար է մոտենում քրեական պատասխանատվության խստացմանը։ Կարծում են՝ 2 տարվա պարտադիր զինծառայությամբ քաղաքացին արդեն իր պարտքը տվել է հայրենիքին, ուստի պետք է հավաքների ներգրավել նրանց, ովքեր զինվորական պատրաստություն առհասարակ չեն անցել։
- «Ձեռնպահ մնալ կոնֆլիկտային խոսույթից և քայլերից՝ հանուն խաղաղության»․ ՀՀ ԱԺ հայտարարությունը
- «ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը միշտ եղել է նույնքան եղբայրական պետություն, որքան ՀՀ-ն»․ Փաշինյան
- «Ոչ մի օտար զորք Հայաստանում»․ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին
Հիվանդության սիմուլյացիայից մինչև փաստաթղթերի կեղծում․ պատժի տեսակները
Քրեական օրենսգրքում մտցված փոփոխության համաձայն՝ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից հավաքից խուսափելը կարող է դրսևորվել հետևյալ եղանակներով՝
- վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ,
- օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելով,
- վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելով,
- վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափելով։
«Վարժական հավաքից խուսափելը պատժվում է տուգանքով՝ [նվազագույն ամսական աշխատավարձի] 15-ապատիկից 30-ապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամսվա, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարվա»,- ասված է նախագծում։
Բացի այդ, օրենսդրական փոփոխության համաձայն՝ վարժական հավաքից խուսափած քաղաքացին կարող է ենթարկվել ավելի խիստ, երկարաժամկետ պատժի՝ 2-5 տարվա ազատարկման, եթե արարքը կատարել է՝
- իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,
- փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։
Սակայն նշվում է նաև, որ վերոնշյալ երկու դեպքերում «հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից», եթե կամովին ներկայանում և ներգրավվում է վարժական հավաքին։
«Նախկինում վարժական հավաքները ձևական բնույթ էին կրում, այժմ՝ ոչ»․ ՊՆ փոխնախարար
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն օրերս պնդել էր՝ վերջին երկու-երեք տարիներին վարժական հավաքների վերաբերյալ բազմաթիվ խստացումներ են արվել, սակայն խնդիրները մնում են չլուծված։ Գեղամյանը հայտարարել էր, թե օրենքով վարժական հավաքները պետք է լինեն ուսումնական, սակայն «10 օր անց քաղաքացիներին ուղարկում են մարտական հերթապահության»։
Արձագանքելով պատգամավորի դիտարկումներին՝ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նկատել է՝ հավաքների շուրջ 10 օրը զինծառայողները մասնագիտական ունակությունների զարգացման գործընթացի մեջ են, մնացած ժամանակահատվածում ներգրավվում են ծառայության մեջ, այդ թվում՝ մարտական հերթապահության։
«Փաստն ինքնին, որ փոփոխություններ արվում են, վկայում է համակարգի կատարելագործման մասին։ Նախկինում հավաքները հիմնականում ձևական էին, իսկ այսօր իրականացվում են ըստ բովանդակության ու նշանակության»,- շեշտել է Սարգսյանը։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Ձեզ՝ ղեկավարներիդ էլ է վերաբերում վարժական հավաքը, սովորական ժողովուրդը ձեր համար ստրուկ չի՝ ոնց ուզեք, հետները վարվեք»։
«Հա, բայց կլինի՞ ամեն անգամ նույն մարդկանց չկանչեք։ Բանակ չծառայածներին տարեք, որ իրենք էլ սովորեն, պատրաստվեն»։
«Մի հատ թող ձեր տղաները գնան, նոր ընկեք մեր ջանին։ Քրեականով էլ չվախացնեք»։
«Ժամանակին փողով ազատել են իրենց երեխեքին, հիմա նրանք ցուցակում չեն, դրա համար էլ չեն կանչում»։
«Բայց ի՞նչ կարիք կա բանակում ծառայել, եթե խաղաղություն է եկել ու մենք պաշտպանված ենք [հեգնում է]»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ում կպատժեն 25-օրյա հավաքներից խուսափողներին