Վրաստանում ներում է շնորհվել երկու ընդդիմադիրների. արձագանքներ
Վրաստանում ներում է շնորհվել երկու ընդդիմադիրների
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու կառավարությունը մեկնաբանել են ընդդիմադիր «Լելո-Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներին՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջապարիձեին ներում շնորհելու որոշումը։
Ընդդիմության մի մասը համարում է, որ այդ կերպ «Վրացական երազանքը» փորձում է օրինականացնել հոկտեմբերի 4-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կոալիցիայի ղեկավարությանը կոչ է անում չմասնակցել ընտրություններին։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչներն իրենց հերթին նախագահի կողմից ընդդիմության առաջնորդներին ներում շնորհելն անվանում են «մարդասիրական քայլ»։ «Վրացական երազանքի» արբանյակ հանդիսացող «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին հայտարարել է, որ ներման որոշումն ընդունվել է այն բանի համար, որ հետագայում ընդդիմադիրները չկարողանան ասել. «Մենք բանտում էինք, ինչպե՞ս կարող էինք հաղթել ընտրություններում»։
Ներում շնորհելու որոշումը նույն կերպ է բացատրել նաև «Վրացական երազանքից» նախագահ Միխեիլ Կավելաշվիլին. «Դա արվել է նրա համար, որ ոչ ոք հիմք չունենա ասելու, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ոչ մրցակցային պայմաններում»։
Ընդդիմության արձագանքը

Էլենե Խոշտարիա, «Կոալիցիա փոփոխությունների համար». «Կարևոր չէ, թե ինչ է մտածել «Վրացական երազանքը», գլխավորն այն է, թե ինչպես է դրան արձագանքելու իրական ընդդիմությունը։ Ես ուզում եմ ամբողջ սրտով և հարգանքով դիմել Մամուկային և Բադրիին նրանց ազատության օրը, որպեսզի նրանք ընդունեն միակ ճիշտ որոշումը՝ ոչ թե կոալիցիայի կամ ինձ համար, այլ երկրի համար։
Որոշում՝ դուրս գալ այս սխալ, գոյություն չունեցող ռուսական հատուկ գործողությունից [ընտրությունները] և վերադառնալ ընդհանուր, սկզբունքային, չհամագործակցող, չենթարկվող դիմադրության պայքարին։ Դա կուժեղացնի այս պայքարը։ Դա կլինի միակ ճիշտ որոշումը «Լելոյի», ամբողջ ընդդիմության, բոլոր ակտիվիստների և ամենակարևորը՝ մեր երկրի համար։ Ես անհամբեր սպասում եմ «Լելոյի» այդ ճիշտ որոշմանը»։

Պետրե Ցիսկարիշվիլի, «Միացյալ ազգային շարժում»․«Ընտրությունները պետք է անցկացվեն մրցակցային միջավայրում։ Նախ՝ դրանք ընդհանրապես ընտրություններ չեն։ Համոզիչ կլիներ միայն այն, եթե անցյալ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ նրանք ներում շնորհեին Միխեիլ Սաակաշվիլիին, ով հնարավորություն կունենար լիարժեք մասնակցել ընտրություններին։ Այդ ժամանակ ես անկեղծորեն կհավատայի, որ նրանց քաղաքական կամքը, մոտեցումն ու ձգտումը այն է, որ ընտրական գործընթացն ու ցանկացած մակարդակի ընտրություններն անցկացվեն մրցակցային միջավայրում, և որ ոչ մի քաղաքական շարժման առաջնորդ չհայտնվի բանտախցում»։

Թամար Չերգոլեիշվիլի, «Ֆեդերալիստներ»․
«Չնայած «Ֆեդերալիստների» և «Լելոյի» միջև հսկայական տարաձայնություններին և մեր միջև տեղի ունեցած բազմաթիվ բախումներին՝ մենք «Լելոյին» կոչ ենք անում վերադառնալ միասնության տրամաբանական ճանապահ և հարված հասցնել Բիձինա Իվանիշվիլիին այնտեղ, որտեղ նրա համար ցավոտ կլինի։ Միանգամայն հասկանալի է, որ նա ուզում է լեգիտիմացնել «տեղական ինքնակառավարման ընտրություններ» կոչվող ֆարսը։ Հետևաբար պետք է դադարեցնել վրացական ժողովրդին խաբելու հարցում ռեժիմին օգնելն ու չմասնակցել ընտրություններին՝ այդպիսով միավորելով ընդդիմադիր հասարակությունն ու բերելով մեծ բարիք։
Այս ժեստով [ներում շնորհելով] Բիձինա Իվանիշվիլին մատնեց ինքն իրեն՝ նա իսկապես ուզում է հոկտեմբերի 4-ի ընտրությունների համար գոնե որևէ օրինականություն ապահովել, այդ պատճառով էլ ազատեց ընդդիմադիրներին։ Դա քայլ չէ Խազարաձեի և Ջապարիձեի համար, դա Իվանիշվիլիի անձնական շահերի համար ձեռնարկված քայլ է՝ պահպանելու իշխանությունն ու նորից ամրապնդելու գերիշխանությունը այն երկրի նկատմամբ, որը նա ժամանակավորապես զավթել է։
Խազարաձեն և Ջապարիձեն այժմ հնարավորություն ունեն լուրջ քայլ կատարել դեպի ընդդիմության միասնություն ու բոլոր մակարդակներում ռեժիմի ապալեգիտիմացում»։

Գիորգի Բուտիկաշվիլի, «Կոալիցիա փոփոխությունների համար»․ «Չեմ կարծում, որ գործարք է կնքվել, բայց եղել է ոչ բանավոր համաձայնություն, երբ կողմերից մեկը որոշել է լեգիտիմացնել խորհրդարանական և տեղական ընտրությունները։ Դա բարձրացնում է հարց՝ ի՞նչ է տեղի ունենում, գործա՞րք, թե՞ Իվանիշվիլիի խաղ։ Մեր կուսակցական առաջնորդները բանտ են ընկել, որովհետև չէին խաղում կանոնների համաձայն, և ոչ ոք նրանց ներում չի շնորհի։ Մեր հիմնական դիրքորոշումը բարոյական հստակությունն ու հետևողական քաղաքականությունն է։
Ինչպիսի գրոտեսկային տեսարան է, երբ մի կողմից երիտասարդ աղջիկներին ու տղաներին երկու տարով բանտ են ուղարկում, իսկ մյուս կողմից «Լելոն» ընտրական քարոզարշավ է վարում՝ խոսելով ջրամատակարարման մասին: Դա հակասում է հասարակական տրամադրություններին ու այն դրամային, որը հրահրել է «Վրացական երազանքը»»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում ներում է շնորհվել երկու ընդդիմադիրների