Վրաստանի նախագահը ձերբակալված ընդդիմադիրներին ներման ակտ է խոստանում․ ինչի՞ դիմաց
Կավելաշվիլին պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ, նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ եթե ընդդիմության ձերբակալված առաջնորդները դիմեն իրեն ներում շնորհելու խնդրանքով և նույն հայտարարության մեջ հաստատեն հոկտեմբերի համայնքային ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը, նա կների նրանց:
«Կարևոր է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մասնակցեն տեղական ընտրություններին և անցկացնեն լիարժեք նախընտրական քարոզարշավ»,- ասվում է Կավելաշվիլիի տարածած հաղորդագրության մեջ:
Ի՞նչ է հայտարարել Կավելաշվիլին
«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ բանտերում պատիժ են կրում մի քանի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ: Առաջարկում եմ, որ նրանք դիմեն ինձ ներում շնորհելու խնդրանքով և նույն հայտարարության մեջ հաստատեն ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը։
Նման հայտարարություն ներկայացնելու պարագայում ես անհապաղ կհրապարակեմ նշված դատապարտված անձանց ներման ակտը:
Ճիշտ երեք ամիս անց՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ժամանակ Վրաստանի բնակչությունը կընտրի 64 համայնքների քաղաքապետներ և քաղաքային խորհուրդներ:
Կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն՝ գրանցված են և ցանկություն են հայտնել մասնակցելու ընտրություններին, լիարժեք մասնակցություն ունենան այդ ընտրություններին:
Բացի այդ, կարևոր է նաև, որ բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն ունենան անցկացնելու լիարժեք նախընտրական քարոզարշավ»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդդիմությունը մերժել է առաջարկը
«Լելո-Հզոր Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձե.
«Քրեակատարողական հիմնարկի կանոնակարգի պատճառով ես չկարողացա իմանալ ընդդիմադիր առաջնորդների կարծիքը, բայց վստահ կարող եմ ասել, որ Մամուկա Խաձարաձեն և Բադրի Ջափարիձեն ներում շնորհելու դիմում չեն ներկայացնի:
Որպես «Լելո»-ի գլխավոր քարտուղար և նրանց ընկեր՝ ես գիտեմ, թե ինչ արժեքներով են նրանք ապրում և ինչ սկզբունքներով ու արժանապատվությամբ են պաշտպանում վրացական ժողովրդի շահերն ու հավատում հաղթանակին: Կարծում եմ՝ սա նաև նրանց դիրքորոշումն է, երբ ասում եմ՝ ոչ լեգիտիմ նախագահին ներման դիմում չի ուղարկվի: Մենք նրան ցույց կտանք դեպի ռուսական նավ տանող ճանապարհը»:
«Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն հայտարարել է, որ իր ձերբակալված առաջնորդները նույնպես մտադիր չեն ներման խնդրանքով դիմել Կավելաշվիլիին: Ընդգծել է, որ կոալիցիան չի մասնակցելու համայնքային ընտրություններին:
«Ընդդիմադիր կուսակցություններին ներգրավելով՝ «Վրացական երազանք»-ը փորձում է լեգիտիմացնել ինքն իրեն, իսկ ձերբակալված առաջնորդներին օգտագործում է առևտրի համար:
Ռեժիմը, այսպես կոչված, նախագահի միջոցով հաստատեց, որ իրենց անհրաժեշտ է արևմտամետ ուժերի մասնակցությունը «համայնքային ընտրություններ» կոչվող կեղծ, հանցավոր գործընթացին, քանի որ դա իրենց փրկելու միակ ուղին է: Փոփոխությունները հետաձգելու համար նրանք կգնան ցանկացած գործարքի:
Այս առաջարկությամբ ռեժիմը հաստատեց, որ քաղաքական առաջնորդները անարդարացիորեն ձերբակալված են միայն այն պատճառով, որ չեն ճանաչել կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ռեժիմի լեգիտիմությունը:
Մեր դիրքորոշումը անփոփոխ է. մտադիր չենք որևէ փուլում համագործակցել ռեժիմի հետ և դրան լեգիտիմություն հաղորդել: Դեպի հաղթանակ տանող ուղին անցնում է չգործակցելու և դիմադրելու միջով: Մինչև վերջ»,- ասված է հայտարարության մեջ:
«Միություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավա.
«Միխեիլ Կավելաշվիլիի հայտարարությունն ապացույց է այն բանի, որ Իվանիշվիլիի ռեժիմն իր գոյատևման միակ հնարավորությունը տեսնում է ճանաչման և լեգիտիմացման մեջ:
Վստահ եմ, որ այս հայտարարությունը Կավելաշվիլիի համար գրել են [օլիգարխ, «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ] Իվանիշվիլիի այլ ծառաներ: Վստահ եմ նաև, որ ներում չի առաջարկվում ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին»:
Հունիսի 23-ին դատարանն ազատազրկման դատապարտեց ընդդիմության միանգամից երեք առաջնորդի՝ Մամուկա Խաձարաձեին, Բադրի Ջափարիձեին («Լելո-Հզոր Վրաստան»-ի առաջնորդներ) և Զուրաբ Գիրչի Ջափարիձեին («Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ի առաջնորդներից մեկը):
Հունիսի 24-ին դատարանը «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեին մեղավոր ճանաչեց «Վրացական երազանք»-ի խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար և նրան դատապարտեց յոթ ամսվա ազատազրկման: Բացի այդ, սահմանվեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում նա չի կարող որևէ պետական պաշտոն զբաղեցնել:
Հուլիսի 1-ին Նիկա Գվարամիան («Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ի առաջնորդներից մեկը) դատապարտվեց ութ ամսվա ազատազրկման:
Հուլիսի 5-ին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին դատապարտվեց ութ ամսվա ազատազրկման:
Նրանք բոլորը մեղադրվում են այն բանում, որ հրաժարվել են ներկայանալ 2003-2012 թվականներին (Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակաշրջան) ռեժիմի և ռեժիմի քաղաքական գործիչների գործունեության քննության համար խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողով:
Հանձնաժողովի ստեղծման մասին «Վրացական երազանք»-ը հայտարարել էր 2025 թվականի հունվարի 9-ին: Խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ հանձնաժողովը կգործի վեց ամիս և կկազմի եզրակացություն, որը կքննարկվի և կհաստատվի սեպտեմբերյան նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կավելաշվիլին պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին