«Եվրոպան հրաժարվեց ռուսական նավթից, բայց ոչ դրա տրանզիտից». պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպան ռուսական նավթ է ստանում Ադրբեջանի միջոցով
Հրապարակումը պատրաստվել է Mikroskop Media-ի հետ համագործակցությամբ
Մեծ աղմուկ բարձրացրեց մայիսի սկզբին տարածված հաղորդագրությունն այն մասին, որ պետական սեփականություն հանդիսացող ադրբեջանական «Զանգեզուր» լցանավը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված 100 լցանավերի շարքում, որոնք մեղադրվում են ռուսական նավթի «ստվերային» փոխադրման մեջ:
Պատժամիջոցների շրջանակներում սառեցվել են Coral Energy Group (հայտնի է որպես 2Rivers Group) նավթային ընկերության ադրբեջանցի տնօրենների ակտիվները: Փաստաթղթերում նշվում է, որ այս ընկերությունը իր գործունեությունն է իրականացնում էներգետիկ ոլորտում, որն իր հերթին ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի կառավարության համար:
Սա արդեն Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցների երկրորդ փաթեթն է 2Rivers Group-ի դեմ, առաջինը ուժի մեջ էր մտել 2024 թվականի դեկտեմբերին: Բրիտանական կառավարության ծանուցման մեջ հիշատակվում են Ահմեդ Քարիմովը, Թահիր Գարաևը, Անար Մադաթլին, Թալաթ Սաֆարովն ու Էթիբար Էյուբը: Հաղորդվում է, որ նրանք «մասնակցել են ռուսական կառավարությունից օգուտ ստանալուն կամ աջակցել են դրան»:
«Զանգեզուր» լցանավը պատկանում է ադրբեջանական Կասպյան նավագնացության ընկերության և SOCAR-ի համատեղ ձեռնարկությանը: Թեև որոշումը կայացվել է մայիսի 9-ին, Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ չի արտահայտել պաշտոնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ:
- «Ստվերային» նավթի հոսք Ռուսաստանից Եվրոպա՝ Ադրբեջանով. բրիտանական նոր պատժամիջոցներ
- «Չվճարեք, կկալանավորեմ». «Meydan TV»-ի գործով քննիչը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
- «Բաքվին անհանգստացնում են ՀՀ դատական հայցերը, սլաքներն ուղղվում են Ալիևի վրա»․ կարծիք
Մեկնաբանություններ

Քաղաքական մեկնաբան Էլման Ֆաթթահը JAMnews-ին տված հարցազրույցում ասել է.
«Ռուսաստանի հետ ուղղակի առևտրից Եվրոպան հրաժարվեց, բայց չկարողացավ ամբողջությամբ ծածկել ռուսական նավթի իր կարիքները:
Հետևաբար, ընտրեցին այնպիսի երկրներ, ինչպիսին Ադրբեջանն է՝ որպես տրանզիտային, և նրանց հետ առանձին համաձայնագրեր ստորագրեցին:
Երբ կնքեցին պայմանագրեր, որոնք նախատեսում էին Ադրբեջանի ներուժը գերազանցող ծավալներով էներգիայի գնումներ, դրանով նրանք ցույց տվեցին՝ պատրաստ են աչք փակել դրա վրա:
Նրանք հստակ հասկացրին. «Մենք ավելի շատ նավթ ենք ուզում և աչք կփակենք նրա վրա, թե որտեղից է այն գալիս»:
Սա յուրօրինակ թեստ է, թե ինչպես է Եվրոպան պատրաստվում լուծել Ադրբեջանի հետ կապված էթիկական երկընտրանքի հարցը:
Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ աստիճանաբար սկզբունքները սկսում են մղվել առաջին պլան, և այս պատժամիջոցները կարելի է համարել այդ գործընթացի մաս:
Ադրբեջանի նկատմամբ սկզբունքային մոտեցումը թեև դանդաղ, բայց թափ է հավաքում: Դրա վրա ուղղակիորեն ազդում են ինչպես երկրում ուժեղացող ավտորիտար կառավարումը, այնպես էլ Իլհամ Ալիևի վարած արտաքին քաղաքականությունը»:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Զահիդ Օրուջը նկատում է.
«Երկու երկրները լավ հարաբերություններ ունեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Բայց, իհարկե, երբեմն կարող են առաջանալ անցանկալի իրավիճակներ:
Բրիտանական խորհրդարանում, ինչպես նաև կառավարական շրջանակներում և լրատվամիջոցներում բավականին բազմազան կարծիքներ կան: Կան Ադրբեջանին վերաբերող գործողություններ, որոշումներ, հայտարարություններ և հոդվածներ, որոնք մեզ համար անցանկալի են:
Սակայն, ընդհանուր առմամբ, մենք այդ ամենը չենք ընդունում որպես բրիտանական պետության դիրքորոշում: Հարաբերությունները մշտապես զարգանում են, և կարելի է թվարկել նաև այլ՝ դրական օրինակներ:
Սխալ է ակնկալել, որ պետությունը և ԱԳՆ-ն կարտահայտեն պաշտոնական դիրքորոշում առանց հարցի ամբողջական պարզաբանման, առանց բոլոր իրավական պայմանների պարզման և նույնիսկ առանց լուրի հավաստիության հաստատման: Ադրբեջանական պետությունն արտահայտում է իր դիրքորոշումն այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են երկրի ազգային շահերին»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Եվրոպան ռուսական նավթ է ստանում Ադրբեջանի միջոցով