«Հայաստանի վարչապետը ՌԴ պետք է գնա միայն կնճռոտ հարցեր բարձրացնելու նպատակով»․ կարծիք
Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված ամենամյա շքերթին։ Նախօրեին խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարել է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը։
«Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում։ Բայց այդ հանդիպումներում քննարկվում են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Նման հանդիպումները բաց թողնելն այնքան էլ ճիշտ չի լինի»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է՝ ոչ թե մայիսի 9-ին, այլ առհասարակ Ռուսաստան պետք է մեկնել «հատուկ առաքելությամբ՝ կնճռոտ հարցեր Ռուսաստանի առջև բարձրաձայնելու նպատակով»։
«ՌԴ-ն պարտավորություններ ունի, որոնք ստանձնել է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով՝ ռազմագերիների վերադարձի հետ կապված։ Կարելի է քաղաքական դիվիդենտներ շահել։ Եթե Փաշինյանը որոշել է գնալ և գնալու է, գոնե պետք է ինչ-որ առաջընթաց ապահովի այդ հարցում»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Փաշինյանի հայտարարությունները, փորձագիտական կարծիք
- «ՀՀ-ն այլևս չի ընկալվում որպես Ռուսաստանի կույր աղիք»․ կարծիք Մյունխենի համաժողովի մասին
- «ՌԴ միջնորդությունը քիչ հավանական է, հետևանքները մեր մաշկի վրա ենք զգացել»․ ՀՀ ԱԺ խոսնակ
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
Այցը Մոսկվա կվնասի՞ ՀՀ-Արևմուտք հարաբերություններին․ Փաշինյանի պատասխանը
Պատգամավորները Նիկոլ Փաշինյանին խնդրել են մեկնաբանել տարածվող տեսակետները, թե ՌԴ կատարելիք այցը կարող է վնասել Արևմուտքի հետ Երևանի հարաբերություններին։
«Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ–ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,– արձագանքել է նա:
Նախատեսված երկկողմ հանդիպումների մասին որևէ հստակ բան վարչապետը չի ասել։ Նշել է միայն, որ շփումներ կլինեն․
«Թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է: Բայց, որ շփումներ կլինեն, կարծում եմ՝ ակնհայտ է»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի Փաշինյանը որոշեց մայիսի 9-ին մեկնել Մոսկվա։ Կարշում է՝ վարչապետը «ելնում է այն մտավախությունից, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում հալոցք է տեղի ունենում»։
Ասում է՝ կան քաղաքագետներ, որոնք գեներացնում են հետևյալ տեսակետը՝ Թրամփը Հարավային Կովկասը տվել է Պուտինին, նրանք կիսել են աշխարհը։ Չի բացառում, որ Փաշինյանը նույնպես կիսում է այդ տեսակետը։ Ինքը՝ Դալլաքյանը, սակայն, այդ կարծիքին չէ․
«Վերջին մի քանի օրերի զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Թրամփի ամենամեծ ցանկության դեպքում էլ նա և Պուտինը չեն կարող պայմանավորվել։ Պուտինին ձեռնտու չէ խաղաղությունը»։
Վերլուծաբանը նկատում է՝ Հայաստանը չի կարող «անընդհատ փախչել ՌԴ-ից, հիվանդանալ»։ 2024 թ․-ի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակվել և չէր մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին․
«Բալանսավորման քաղաքականություն վարելը չի նշանակում կամ փախչել և չհանդիպել Պուտինի հետ, կամ գնալ, մասնակցել միջոցառման։ Նշանակում է՝ ներկայացնել Հայաստանի շահերը»։
Դալլաքյանի խոսքով՝ ՌԴ-ն ամեն օր ոտնահարում է այդ շահերը։ Հիշեցնում է հիբրիդային պատերազմ վարելու մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ու հավելում՝ նման «կնճռոտ խնդիրները» պետք է բարձրաձայնվեն պետական մակարդակով, այդ թվում՝ Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, կստեղծվի տպավորություն, թե հայկական կողմը բամբասանքներով է զբաղված։
«Մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝ մանավանդ մեր հյուսիսային հարևանի կողմից։ ՀՀ-ի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ: Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ օրինակ՝ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև, ցավոք սրտի, հեռու, հեռու, հեռու հայկական ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում և այլն, և այլն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու հավելել, որ ակտիվացում կլինի նաև 2026 թ․-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
Քաղաքագետի խոսքով՝ ջայլամային քաղաքականություն վարելու փոխարեն Հայաստանը պետք է «կնճռոտ հարցեր» բարձրացնի։ Հակառակ պարագայում հայ-ռուսական հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա։
Ըստ նրա՝ Փաշինյանի վարած քաղաքականությունը, առաջին հերթին, անհասկանալի է հայ ժողովրդի համար, հետո նոր միայն՝ Արևմուտքի։ Շեշտում է՝ Հարավային Կովկասում՝ ՀՀ-ում ներկայությունը բխում է ՌԴ շահերից, Հայաստանը պետք է գիտակցի դա և «փորձի առևտրի գնալ»։
Ասում է՝ ՌԴ-ից հեռանալու համար ոչ թե պետք է ասել մենք բալանսավորում ենք և դիվերսիֆիկացնում, այլ ձեռնարկել կոնկրետ քայլեր, մասնավորապես՝
- ամեն ինչ անել ՌԴ-ից տնտեսական կախվածությունը թուլացնելու համար,
- բարեփոխել բանակը, անդրադառնալ ընդհանուր ՀՕՊ համակարգի հարցին և այլն։
«Եթե մենք դա ասենք, Եվրոպան երբեք մեզ չի սեղմի պատին և ասի՝ հենց հիմա դուրս արի ՀԱՊԿ-ից։ Տեսնում ենք՝ նրանք դա չեն անում։ Բայց եթե ավելի ենք խորացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ, օրինակ՝ տնտեսության ոլորտում, սանկցիոն շուկա ենք հանդիսանում, դա եվրոպացիները դժվար ընկալեն»,- շեշտել է նա։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է արդյոք, որ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման օրակարգում լինի նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը՝ հաշվի առնելով այն, որ սահմանապահներն արդեն դուրս են բերվել սահմանային անցակետերից, «Զվարթնոց» օդանավակայանից։
Ի պատասխան Դալլաքյանը նկատել է՝ անցակետերից սահմանապահների դուրսբերումը կարմիր գիծ չէր Ռուսաստանի համար․
«Դրանով նա ոչինչ չէր կորցնում, պահպանում էր որոշակի ներկայություն։ Ավելին՝ ռուսական մամուլում հիստերիա էր բարձրացել, թե՝ տեսեք, Փաշինյանը հակառուս է, այս ինչ քայլեր է անում։ Մնացած զարգացումները [սահմանի ողջ երկայնքից հեռանալը] կարող են կարմիր գիծ համարվել Պուտինի համար»։
Շեշտում է՝ փորձագետների հետ հանդիպմանը հայ բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են՝ սահմանից ռուսների դուրսբերումը քաղաքական խնդիր է, հայ սահմանապահների քանակի կամ պատրաստվածության հարց չկա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնելու Ռուսաստան։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ նա Ադրբեջանում մասնակցելու է Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին։ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ «Ալիևը փնտրել և գտել է ներկա չգտնվելու պատճառ»։ Կարծում է՝ սա ուղերձ է Արևմուտքին, Ադրբեջանի ղեկավարն ուզում է ներկայանալ որպես «կառուցողական և Ուկրաինայում ՌԴ ագրեսիային դեմ հանդես եկող ղեկավար»․
«Եթե Փաշինյանը գնա Մոսկվա, գոնե պիտի առանձին նամակով շնորհավորի Զելենսկիին կամ Ուկրաինայի ժողովրդին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առիթով։ Դա որոշ չափով կմեղմի մայիսի 9-ի շքերթին ՀՀ մասնակցության հանգամանքը»։
Չի բացառում նաև, որ Ալիևի՝ Մոսկվա չմեկնելը դեմարշ է, պատասխան ադրբեջանցի պատգամավորի մուտքի արգելքին և ոչ միայն դրան։
«Ալիևը չի մարսել այն, որ Պուտինն այդպես էլ ներողություն չխնդրեց AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված։ Իր ժողովրդին ուզում է ցույց տալ՝ ռուսական կողմն այդպես էլ չընդունեց իր մեղքն այդ ողբերգության մեջ, ես չեմ գնում և չեմ մասնակցում»,- մանրամասնել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա