«Բաքուն վերաշարադրում է պատմությունն ու սպառնում ՀՀ-ին». «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթ
Հայ-ադրբեջանական հարաբերություններում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները անհանգստություն են առաջացնում Հայաստանի հասարակության մեջ: Երկրի իշխանությունները, տեղի տալով Ադրբեջանի ճնշմանը, ընդունել են խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանները, այդ թվում՝ միջազգային հայցերից հրաժարումը և երրորդ ուժերի դուրսբերումը Ադրբեջանի հետ սահմանից: Սակայն «խաղաղության» քողի տակ Բաքուն շարունակում է նոր պահանջներ հնչեցնել և, ինչպես պնդում են հայ վերլուծաբանները, «լավ մտածված քարոզչական արշավ» իրականացնել: Խոսքը «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին է, որի տակ Ադրբեջանի իշխանությունները նկատի են առնում Հայաստանի ողջ տարածքը:
Արդեն երկար ժամանակ է, ինչ այս թեզը ներդրվում է ադրբեջանական հասարակության մեջ՝ սկսած դպրոցներից մինչև լրատվամիջոցների էջեր: Հենց Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ամրապնդված են «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծմամբ և հակահայկական հռետորաբանությամբ, ահազանգում են երկարաժամկետ ծրագրերի մասին:
Հայկական փորձագիտական հանրությունն այս ամենը համարում է սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանի կայունությանը:
Ավելին, կարծում է, որ ի պատասխան այս ագրեսիվ քաղաքականության Երևանի զուսպ դիրքորոշումը միայն «ազատում է Բաքվի ձեռքերը՝ հարցականի տակ դնելով Հայաստանի անվտանգությունն ու նույնիսկ նրա գոյության իրավունքը»:
«Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Ամեն անգամ, երբ ես խոսում եմ այդ մասին, ինձ նկատողություն են անում, փորձում են նկատողություն անել, թե ես տարածքային պահանջներ ունեմ։ Ես դա ասում եմ որպես պատմական ճշմարտություն»,- Ադրբեջանի նախագահի հենց այսպիսի հայտարարություններն են անհանգստություն առաջացնում։
Ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ նշում է․ հայկական կողմն ունի հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային հավակնություններ ունի: Օրինակ է բերում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Նա գտնում է, որ այս թեզը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղակի ոտնձգություն է. «Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ ՀՀ տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան»: Սակայն Հայաստանի իշխանությունները այդ առիթով առանձնապես աղմուկ չեն բարձրացնում:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունն այն մասին, թե արդյոք Բաքուն պատրաստվում է խաղաղության և ինչ նպատակով է Հայաստանի ողջ տարածքը հռչակում «Արևմտյան Ադրբեջան»:
- 2024 թ․-ին Բաքուն ավելի քան 2 մլրդ դոլարի զենք է գնել․ նոր ագրեսիայի՞ է պատրաստվում
- ՀՀ-ն դադարեցրել է հայ ծերունու գլխատած ադրբեջանցու հետախուզումը․ կա՞ բացատրություն
- «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»․ Փաշինյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունը
Հայաստանի զիջումներն արձակել են Ադրբեջանի ձեռքերը
«Հայաստանի կողմից լուրջ զիջումների գնով կողմերը համաձայնեցրել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» տեքստը: Հայաստանի իշխանություններն ընդունել են Ադրբեջանի կողմից առաջադրված գրեթե բոլոր պայմանները: Այդ մասին հայտարարությունը հնչեց 2025 թվականի մարտի 13-ին: Անմիջապես դրանից հետո Բաքուն ծավալեց ապատեղեկատվական արշավ՝ Հայաստանին մեղադրելով սահմանային կրակոցների մեջ:
Սակայն իրավիճակը շատ ավելի բարդ և վտանգավոր է, քան թվում է առաջին հայացքից:
Ադրբեջանում հանրային քննարկումները, ներառյալ պետական հեռուստատեսությամբ ելույթները, դպրոցների և բուհերի ուսումնական նյութերը, ողողված են հետևողական և մասշտաբային հակահայկական քարոզչությամբ:
Թեև հակահայկական հռետորաբանությունն Ադրբեջանում նոր չէ, ներկայիս ծավալները հնարավոր դարձան նշանակալի իրադարձությունից հետո: Մասնավորապես՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախը պաշտոնապես ճանաչեց որպես Ադրբեջանի մաս:
Այս հայտարարությունը ազատեց Ադրբեջանի նախագահի ձեռքերը: Եվ նույն թվականի դեկտեմբերի 24-ին նա հայտարարեց՝ այս տարածքում երբեք չի եղել Հայաստան, ժամանակակից Հայաստանը ադրբեջանական պատմական հողերն են:
Նման հռետորաբանությունը, որն ամրապնդում է հզոր քարոզչամեքենան, ազդանշան է աճող սպառնալիքի մասին, որը շատ ավելի հեռուն է գնում, քան ղարաբաղյան հարցը»:
Ալիևի դիրքորոշումը
«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել էր.
«Մենք անպայման պետք է ներկայացնենք այս ամենը նպատակաուղղված տեսքով, կազմակերպված կարգով, ճիշտ ձևով: Համոզված եմ, որ մենք հասնելու ենք դրան: Զուգահեռաբար մենք պետք է համատեղ ջանքերով մշակենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ: Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը թերևս վաղ էր: Բայց իմ կարծիքով՝ այսօր մենք չպետք է ժամանակ կորցնենք: Պետք է պատրաստվի վերադարձի հայեցակարգ»:
Բաքուն ակտիվորեն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, հատկապես հիմա՝ Արցախի գրավումից հետո: Ալիևն ընդգծում է, որ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նա գիտակցաբար խուսափում էր այս թեմայից: Եվ իրոք, իր 23-ամյա կառավարման ընթացքում նա ոչ մի անգամ չի հիշատակել «Արևմտյան Ադրբեջանը»:
Նախկինում հնչում էին հավակնություններ Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ: Բայց այսպիսի բացահայտ հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի գոյությունն ինքնին, չէին եղել:
Ակնհայտ է, որ Ալիևը հասկանում էր այս թեզի անհեթեթությունն ու վտանգավորությունն իր զավթողական քաղաքականության շրջանակներում: Եվ քանի դեռ գոյություն ուներ ղարաբաղյան խնդիրը, չէր հանրայնացնում այն:
2023 թվականի մայիսին իշխող կուսակցության պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին հաստատեց՝ եթե «Արևմտյան Ադրբեջանի» հարցը բարձրացվեր ավելի վաղ, դա կբարդացներ ղարաբաղյան հարցի լուծումը: Նա ընդգծեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» համար նախ անհրաժեշտ էր ազատագրել Ստեփանակերտը: Իսկ այժմ, երբ այն իրենց վերահսկողության տակ է, կարելի է հանգիստ խոսել հաջորդ նպատակի մասին»:
«Արևմտյան Ադրբեջան» թեզը առաջ մղելու իմաստը
«Պետք է հասկանալ, որ խոսքը ադրբեջանցի փախստականների վերադարձի կամ նրանց իրավունքների վերականգնման մասին չէ:
Խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքը «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվան տակ ներկայացնելու մասին է, ինչը չունի ո՛չ աշխարհագրական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ պատմական հիմնավորում:
Այս տերմինը քարոզչական արշավի մի մասն է։ Այն բացահայտում է Բաքվի երկարաժամկետ զավթողական նպատակները:
Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը՝ համաձայն ԽՍՀՄ 1979 և 1989 թվականների մարդահամարի տվյալների
1979 թվականին խորհրդային Հայաստանում ապրում էր 160 841 ադրբեջանցի: Մինչև 1989 թվականը նրանց թիվը նվազեց՝ հասնելով 84 860-ի։ Միևնույն ժամանակ խորհրդային Ադրբեջանում (առանց Ղարաբաղի) 1979 թվականին ապրում էր 352 410 հայ, իսկ Ղարաբաղում՝ 123 076: Ադրբեջանում հայերի ընդհանուր թիվը կազմում էր 475 486 մարդ: Մինչև 1989 թվականը Ադրբեջանում (առանց Ղարաբաղի) մնացել էր 245 000 հայ, իսկ Ղարաբաղում՝ 145 450:
Ադրբեջանում հայ բնակչության կտրուկ նվազումը կապված էր Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերի հետ: Այս իրադարձությունները, որոնք լրացուցիչ ապացույցների կարիք չունեն, լայնորեն լուսաբանվել են մամուլում և հեռուստատեսությամբ: Այդ փաստերի առնչությամբ խորհրդային ժամանակներում հարուցվել են քրեական գործեր, թեև հետագայում դրանք որակվել են որպես խուլիգանություն»:
Խոսույթի ներդրումը կրթական համակարգում
«Իլհամ Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը դարձավ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի շուրջ մասշտաբային քարոզչական արշավի մեկնարկային կետը:
Բաքվի պետական քարոզչամեքենան գործարկեց մասնագիտացված հեռուստաալիք, առցանց հարթակներ և ֆիլմերի շարք՝ համառորեն պնդելով, որ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հողեր են»: Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը պաշտոնապես հավանություն տվեց արշավին՝ ապահովելով դրա անխափան հեռարձակումը:
Զուգահեռաբար զավթողական խոսույթը ներթափանցեց կրթական համակարգ: 2023-2024 թվականներին ադրբեջանական պատմության դասագրքերում կատարվեցին արմատական փոփոխություններ:
Պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզիի հայտարարության մեջ ասվում է․
«Նախքան Արևմտյան Ադրբեջանի մասին անկյուն ստեղծելը, ծրագրերում անհրաժեշտ է ներառել դասագրքեր նրա պատմության, մշակույթի, արվեստի մասին: Քանի որ այս գործընթացը պետք է համալիր կազմակերպվի: Նախ անհրաժեշտ է լուսավորչական աշխատանք իրականացնել գրքերի միջոցով, վերաշարադրել և ավելացնել դասագրքերում Արևմտյան Ադրբեջանի մեր պատմությունը»:
Այդպես էլ եղավ: Այսօր ադրբեջանական դասագրքերում Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»:
Հատված 2024 թվականին Ադրբեջանում հրատարակված 5-րդ դասարանի պատմության դասագրքից՝
«Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին փոխանցեց Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանն առանձնացվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով արտաքսվել էին իրենց նախնիների հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնք: Այս համայնքը հանդես է գալիս միջազգային կազմակերպությունների առջև՝ մեր պատմական ժառանգության և բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համար: Նրանք շարունակում են պայքարել հայրենիք վերադառնալու համար»:
Հենց 5-րդ դասարանում են երեխաները սկսում ուսումնասիրել պատմությունը՝ վաղ տարիքից կրելով այս գաղափարները:
Հայերն այդ նյութերում պատկերվում են որպես թշնամիներ և դավաճաններ:
2025 թվականի ապրիլի 6-ին պետական AzTV-ի հաղորդման մեջ ասվում էր, որ «հայերի գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, միայն ահաբեկչություն, վանդալիզմ, զավթողականություն և ցեղասպանություն»:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին, Հայաստանի տարածքը ներկայացվել էր որպես «Արևմտյան Ադրբեջան», ցուցադրվել էին կադրեր Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին և Ագարակ համայնքներից:
Այսպիսի համակարգային քարոզչությունը, այդ թվում՝ ամրագրված կրթական համակարգում, երիտասարդության մոտ ձևավորում է պատմության խեղաթյուրված ընկալում և հող է նախապատրաստում Բաքվի ագրեսիվ քաղաքականության համար»:
Խոսույթի ինստիտուցիոնալացումը
«2024 թվականի հունվարին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում սկսեց գործել «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտությունների կենտրոնը: Բացման արարողության ժամանակ դրա մասնակիցները հռչակեցին «Արևմտյան Ադրբեջանը»՝ որպես «իրենց հայրենիքի անբաժանելի մաս և ադրբեջանական պետության ու ազգի նոր նպատակներից մեկը»: Ավելի վաղ՝ 2023 թվականի հոկտեմբերին, նմանատիպ կենտրոն էր ստեղծվել Բաքվի պետական համալսարանում:
Նման կառույցների ստեղծումը վկայում է Բաքվի մտադրությունների լրջության և վտանգավորության մասին։ Դրանք շատ ավելի հեռուն են գնում, քան քաղաքական ղեկավարության սպառնալից հռետորաբանությունն է:
Ակադեմիական միջավայրում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ինստիտուցիոնալացումն ընդգծում է քարոզչության համակարգային բնույթը:
Այն ուղղված է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների օրինականացմանը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար նոր գաղափարախոսական հիմքի ձևավորմանը»:
Երևանը պետք է քաղաքական գնահատական տա
«Հայաստանը չպետք է վախենա: Ընդհակառակը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Երևանին հնարավորություն է տալիս բացահայտելու Բաքվի իրական՝ զավթողական նպատակները:
Հայաստանն ունի բոլոր պատմական և աշխարհագրական հիմքերը՝ Ադրբեջանի կեղծ թեզերը համոզիչ կերպով հերքելու և դրանք սեփական անվտանգության պաշտպանության համար օգտագործելու:
Բաքուն պետական մակարդակով իրականացնում է իր ռազմավարությունը: Եվ Երևանը պարտավոր է հստակ քաղաքական գնահատական տալ այս սպառնալիքին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանի կայունությանը:
Հայաստանի լռությունը չի տանում դեպի խաղաղություն: Այն միայն խրախուսում է Ադրբեջանին՝ թույլ տալով նրան առաջ մղել անհեթեթ խոսույթներ` մնալով անպատիժ:
Երևանի պասիվությունը հասնում է այն աստիճանի, որ Իլհամ Ալիևը համարձակորեն հնչեցնում է իր հավակնությունները օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ:
Թեև փորձագետները և նրանք, ովքեր թեմայից տեղյակ են, հասկանում են նրա հայտարարությունների անհեթեթությունը, սակայն աշխարհում կան տարածաշրջաններ, որտեղ ճշմարտությունը հայտնի չէ, և Բաքվի սուտը հեշտությամբ տարածվում է՝ ֆինանսական ներդրումների շնորհիվ:
Ադրբեջանի քաղաքականությունը պետք է շրջել հենց իր դեմ, այլ ոչ թե լռությամբ թույլ տալ, որ նա ամրապնդի իր դիրքերը: Հայաստանը՝ որպես այս ծրագրերի բացահայտման շահառու, պետք է վճռական գործի՝ աճող սպառնալիքից իրեն և տարածաշրջանը պաշտպանելու համար»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթ