Հետապնդում Վրաստանում․ ադրբեջանցի ակտիվիստն ահազանգում է՝ վտանգի մեջ է
Բռնաճնշումներ Ադրբեջանի սահմաններից դուրս
Ադրբեջանցի իրավապաշտպան Նեմաթ Աբբասովը JAMnews-ին պատմել է սպառնալիքների մասին, որոնց բախվել է Վրաստանում։ Նրա խոսքով՝ որոշ ժամանակ իրեն հետապնդել են անհայտ անձինք։
Աբբասովի պատմածը բացառիկ դեպք չէ, սա արտաքսման մեջ՝ Վրաստանում գտնվող բազմաթիվ ակտիվիստների ընդհանուր մտահոգությունն է։
Քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա ճնշման ուժեղացումը, ձերբակալություններն ու սպառնալիքները տարածվում են ոչ միայն Ադրբեջանում գտնվող ակտիվիստների, այլև նրանց վրա, ովքեր ստիպված են եղել ապաստան փնտրել երկրի սահմաններից դուրս։ Վրաստանը, որը երկար ժամանակ համարվում էր «անվտանգ ապաստան» ադրբեջանցի ակտիվիստների համար, կորցնում է այդ կարգավիճակը։
Բազմաթիվ իրավապաշտպաններ և լրագրողներ հաղորդում են Վրաստանում իրենց հետևելու, ֆիզիկական հետապնդման և հոգեբանական ճնշման ենթարկելու մասին։ Վերջին օրինակներից մեկը կարելի է համարել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի ձերբակալությունը։ Մի քանի օր առաջ նա ազատ է արձակվել, սակայն մինչ այդ ձերբակալվել էր Ադրբեջանի պահանջով: Բաքուն պահանջում էր արտահանձնել նրան։

Աբբասովը պատմում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի ձերբակալության հաջորդ օրը, նա հարցազրույց է տվել «Meydan TV»-ին Ադրբեջանում բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտումների մասին։ Հարցազրույցի հրապարակումից մի քանի օր անց սկսվել են նրա բոլոր սոցցանցերի և անձնական հաշիվների վրա կիբեռհարձակումների փորձեր.
«Ես նման փորձեր սպասում էի հենց սկզբից։ Քանի որ պահպանում էի կիբեռանվտանգության կանոնները, միջամտությունների փորձերն անհաջող եղան»։
Ֆիզիկական հետապնդում. մութ փողոցներ, անծանոթներ
2025 թվականի հունվարին իրադարձությունները ավելի վտանգավոր մակարդակի են հասել: Աբբասովի խոսքով՝ հունվարի առաջին շաբաթներին իր բնակության վայրում իրեն մի քանի անգամ մոտեցել են անծանոթ անձինք, ովքեր ադրբեջաներենով հետապնդող բնույթի հարցեր են տվել.
«Որտեղի՞ց ես։ Ինչո՞ւ ես եկել Վրաստան։ Որտե՞ղ ես ապրում»։
Նա պնդում է, որ նման երկխոսություն տեղի է ունեցել երեք անգամ տարբեր մարդկանց հետ, ինչից հետո նա ստիպված է եղել լքել այդ թաղամասը.
«Ուժեղացող հետապնդման պատճառով ես ստիպված էի տեղափոխվել»։
Մարտի 30-ին հետապնդման կասկածները հաստատվեցին
2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած դեպքն ամրապնդեց նրա համոզմունքն առ այն, որ ինքն իրականում հետապնդման է ենթարկվում։ Երբ նա փողոցում զրուցում էր ընկերոջ հետ, նկատեց, որ իր դիմաց կանգնած մարդը հետևում է իրենց և փորձում է նկարահանել հեռախոսով։ Երբ Աբբասովը գնաց նրա ուղղությամբ, այդ մարդը շտապ հեռացավ, այնուհետև փախավ.
«Նրա վարքագիծը և փախուստը հաստատեցին իմ կասկածները։ Ես ձայն տվեցի, բայց նա չկանգնեց»։
Հաջորդ օրը Աբբասովը վերադարձել է նույն վայրը՝ իրեն հետևելու փաստը հաստատելու համար, սակայն չի կարողացել որևէ արդյունքի հասնել։
Վտանգավոր աշխարհագրություն ակտիվիստների համար
Աբբասովի փորձառությունը եզակի դեպք չէ։ Նա հիշեցնում է, որ նախկինում Վրաստանում բազմաթիվ հասարակական և քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ և լրագրողներ են բախվել նման ճնշումների.
«Արտերկրում Ադրբեջանի կառավարության քննադատներին հետևելն ու նպատակաուղղված ազդեցություն գործելը արդեն վաղուց արդիական թեմաներ են»։
Նեմաթ Աբբասովը հիշեցնում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ արտերկրում գտնվող ակտիվիստների հասցեին հնչեցրած բազմաթիվ սպառնալիքների մասին.
«Նրանք պատասխան կտան» հռետորաբանությամբ ելույթները ցույց են տալիս, որ երկրում բռնաճնշումների քաղաքականությունը տարածվում է նաև երկրի սահմաններից դուրս գտնվող ակտիվիստների վրա»։
Ադրբեջանցի ակտիվիստների հետապնդում, սպառնալիքներ և սպանություններ արտերկրում
- Ադրբեջանցի ակտիվիստները ենթարկվում են հետապնդման, սպառնալիքների և սպանությունների արտերկրում, մասնավորապես՝ Վրաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Բելգիայում և Գերմանիայում։
- Ենթադրվում է, որ դա կապված է ադրբեջանական կառավարության հասցեին նրանց հնչեցրած քննադատության հետ։ Որոշ դեպքեր ներառում են առևանգումներ, հարձակումներ և կասկածելի մահեր։
- Թեև կան ապացույցներ, որոնք մատնանշում են ադրբեջանական իշխանությունների մասնակցությունը, մի շարք դեպքերում պետության ուղղակի մասնակցությունը մնում է ոչ հստակ և վիճահարույց։
Դեպքեր Վրաստանում
Ադրբեջանցի ակտիվիստները, հատկապես արտագաղթածները, սպառնալիքների են բախվում Վրաստանում։
Այսպես, 2017 թվականի մայիսին Աֆղան Մուխթարլին առևանգվել է Թբիլիսիում և տեղափոխվել Ադրբեջան, որտեղ հետագայում բանտարկվել է։ 2016-2017 թվականներին Վիդադի Իսքենդերլին ենթարկվել է մի քանի հարձակումների։
Այս դեպքերը կապում են Ադրբեջանի իշխանությունների հասցեին նրանց քննադատության հետ։
2024 թվականի հոկտեմբերին Վիդադի Իսքենդերլին սպանվել է Ֆրանսիայում: Նրան դանակահարել են Մյուլուզում։ Մոհամմեդ Միրզալին ենթարկվել է մի քանի հարձակումների։
2021 թվականին Թուրքիայում՝ Ստամբուլում, կասկածելի հանգամանքներում զոհվել է Բայրամ Մամեդովը: 2020 թվականի դեկտեմբերին Բելգիայում անհետացել է Վուգար Ռզան, նրա մարմինը հայտնաբերվել է 2021 թվականի հունվարին։
Գերմանիայում 2020 թվականին հարձակման է ենթարկվել Գաբիլ Մամեդովը։
Այս իրադարձությունները վկայում են ադրբեջանցի ակտիվիստների համար գլոբալ վտանգի մասին, ընդ որում՝ Վրաստանն ու Ֆրանսիան համարվում են առանձնապես վտանգավոր կետեր։ Ապացույցները վկայում են այն մասին, որ բռնաճնշումները վայելում են պետության աջակցությունը, թեև որոշ դեպքեր մնում են վիճելի՝ ոչ հստակ շարժառիթների պատճառով։
Ճնշումներ Ադրբեջանում
Նախագահ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանում մեդիա միջավայրը զգալիորեն նեղացել է, իսկ այլախոհների վրա ճնշումը՝ ուժեղացել։ Այդ մասին բազմիցս նշվել է Freedom House-ի զեկույցներում։ Համաձայն զեկույցների՝ բռնաճնշումները չեն սահմանափակվում երկրի սահմաններով, դրանք ուղղված են նաև արտերկրում, հատկապես՝ հարևան Վրաստանում և Եվրոպայում գտնվող ակտիվիստների, լրագրողների և ընդդիմադիրների դեմ:
Այս երևույթը կոչվում է անդրազգային բռնաճնշում և ներառում է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են առևանգումները, հարձակումները և հետապնդումները։ Եվրախորհրդարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ի բանաձևով դատապարտել է «Ադրբեջանի երկարամյա բռնաճնշումները թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս»՝ արտահայտելով գլոբալ մտահոգություն COP29-ի ֆոնին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բռնաճնշումներ Ադրբեջանի սահմաններից դուրս