«Որոշ երկրներ շահագրգռված չեն՝ Հայաստանը նորից ՌԴ հետնաբակ դառնա»․ քննարկումներ Երևանում
Ի՞նչ սպասել Կովկասում ուկրաինական պատերազմից հետո
Մի քանի օր է, ինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են Սպիտակ տանը կայացած Թրամփ-Զելենսկի բանակցությունները, մասնավորապես՝ նախագահների լեզվակռիվն ու օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագրի չստորագրումը։ Հայ քաղաքագետների դիտարկմամբ՝ կարևոր է հասկանալ ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր հանգուցալուծման տարբերակները, այլև այդ գործընթացի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը տարածաշրջանում Վաշինգտոնի ներգրավվածության նվազում է ակնկալում։ Ասում է՝ տեսականորեն այդ «լուրջ վակուումը» կարող է լցնել Եվրամիությունը։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ Հայաստանը վակուումի մեջ չէ։
«Կա Իրան, կա Թուրքիա, կա Եվրամիություն, կա Չինաստան իր «Միջին միջանցք» նախագծով, որն այպես, թե այնպես պետք է անցնի Հարավային Կովկասով։ Այսինքն՝ կան մի շարք պետություններ, որոնք շահագրգռված չեն լինելու Կովկասը և, մասնավորապես, Հայաստանը նորից հետնաբակի վերածելու Ռուսաստանի փորձերով»,- ընդգծում է Քոչինյանը։
Բայց այս դեպքում վերլուծաբանը հարց է բարձրացնում, թե ով և ինչքան ռեսուրս ու էներգիա պատրաստ կլինի դրա վրա ծախսել։

- «ՀՀ-ն պետք է առանց կոլապսի դեզինտեգրացվի ՌԴ-ից»․ կարծիք Երևանից
- «Անդառնալիության կետն անցել ենք»․ Փաշինյանի պատասխանը Պուտինին
- «Եթե Թրամփը մեկուսացման քաղաքականություն չվարի, ՌԴ դերը Կովկասում կնվազի»․ կարծիք
«Մոռանա՞լ և ասել` Պուտինը հրաշալի տղա՞ է»․ Զելենսկի
Փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը վերաճել էր թեժ բանավեճի։ Իրադրությունը սրվել էր այն բանից հետո, երբ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Զելենսկուն մեղադրել էին անհարգալից և անշնորհակալ լինելու մեջ։
Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե «Պուտինը մարդկանց է սպանել, ոչինչ պետք չէ զիջել» և հավելել, որ «թեև ԱՄՆ-ին Եվրոպայից գեղեցիկ օվկիանոս է բաժանում է, այն վաղ թե ուշ կզգա այս պատերազմի հետևանքները»։ Թրամփը սաստել էր ուկրաինացի գործընկերոջը՝ ասելով․ «Դուք այն դիրքում չեք, որ թելադրեք, թե մենք ինչ կզգանք»։
Բանակցություններից հետո նախատեսված ասուլիսը չեղարկվել էր։ Նախագահ Թրամփն ավելի ուշ կարծիք էր հայտնել, թե Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։ Ուկրաինայի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ընդգծել էր՝ առանց Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքները, մարդկանց ու ազատությունը։
«Ռուսները մտել են մեր տարածքներ, մտել են մեր տներ, նրանք այնքան շատ մարդ են սպանել։ Պարզապես մոռանա՞լ սա և ասել, որ Պուտինը հրաշալի տղա՞ է։ Ոչ, արեք դա առանց մեզ»,- հայտարարել էր Զելենսկին։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Civilnet.am-ում հրապարակված հոդվածում գրել է՝
«Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման ֆունդամենտալ փոփոխությունը, ռուս-ուկրաինական պատերազմը ամեն գնով կանգնեցնելու ու այլ հարցերի վրա կենտրոնանալու ամերիկյան ձգտումը որևէ հույս չեն ներշնչում, որ Միացյալ Նահանգները որևէ հետաքրքրություն կունենա Հարավային Կովկասի նկատմամբ։ Հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները՝ ամերիկյան արտաքին քաղաքականության ակնհայտորեն տրանզակցիոն և շահադիտական բնույթը, սա միգուցե իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակը չէ։ Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը ունի ավելի լուրջ նախադրյալներ այսպիսի մոտեցումներով ամերիկյան վարչակազմի հետ ընդհանուր լեզու գտնելու համար։
Ամերիկյան ներգրավվածության նվազումը սակայն լուրջ վակուում է ստեղծելու տարածաշրջանում, որը տեսականորեն կարող է Եվրամիությունը լցնել։
Այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքականության մեջ տեղի ունեցող այս ֆունդամենտալ փոփոխությունները արդեն իսկ ձնագնդիի էֆեկտ են ունենում։ Եվրոպայի առաջատար երկրներում վերսկսվել է խոսակցությունը ԵՄ ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության վերաբերյալ։ Բայց, հաշվի առնելով որոշումների կայացման գործընթացի բնույթը ԵՄ-ում, հսկայական տեխնոլոգիական կախվածությունը Միացյալ Նահանգներից և նմանատիպ մի շարք այլ գործոններ, խոսքը գնում է երկարատև գործընթացի մասին։
Ավելին, այս փոփոխությունները կարճաժամկետ կտրվածքով կարող են հանգեցնել նույնիսկ տարբեր տարածաշրջաններում եվրոպական ներգրավվածության նվազման, երբ բոլոր ռեսուրսները կուղղվեն սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիան արդեն իսկ որոշել է սեփական ռազմական բյուջեն մեծացնել՝ արտաքին աջակցությանը և միջազգային զարգացմանը հատկացվող գումարների կրճատման միջոցով։
Այսպիսի պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը, որի առանցքը միջազգային աջակցության ակնկալիքն էր, վերջնականապես կորցրել է իր արդիականությունը։ Միջազգայնորեն «լեգիտիմ» պահվածքի կարևորությունը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության ապահովման հարցում արդեն կարելի է չնչին համարել։
Եթե ՀՀ կառավարությունը համապատասխան փոփոխություններ չմտցնի սեփական մտածողության, հռետորաբանության և անվտանգություն ապահովող գործիքակազմի վերաբերյալ պատկերացումներում, կարող է ավելի բարդ վիճակում հայտնվել, քան Զելենսկին Սպիտակ տանը, քանի որ մեր տարածաշրջանում կան մի շարք դերակատարներ, որոնք խանդավառությամբ ողջունելու են թրամփյան արտաքին քաղաքականության մեթոդներն ու ոճը»։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը «Հանրային» հեռուստաընկերության եթերում նկատել է․
«Ընդհանուր պատասխանը բոլոր պարագաներում՝ [Ռուսաստանի] հաղթանակ, պարտություն, ոչ հաղթանակ, ոչ պարտություն, խիստ բացասական է։
Եթե ՌԴ-ն հաղթում է, դառնում է պետություն, որը ուժով կարողացել է հետսովետական տարածքում իրեն չենթարկվելու հարց լուծել։ Ընդ որում, խոշոր պետության հանդեպ է կարողացել լուծել։ Առնվազն իր ներսում և մտածողության մեջ իրեն այլևս ոչինչ չի կանգնեցնելու անել դա մնացած բոլորի հետ, հատկապես Հարավային Կովկասի պետությունների, որոնք անհամեմատ ավելի փոքր են։
Եթե պարտվում է, գործ ունենք կատաղած, ճնշված մի ռեժիմի հետ։ Ինչպես Իրաքը Իրանի հետ պատերազմից հետո կարիք ուներ հաղթանակած պատերազմի, դրա համար հարձակվեց Քուվեյթի վրա, այստեղ էլ նմանատիպ սցենար կարող է լինել։
Այս պահի դրությամբ Ուկրաինայում պատերազմի ցանկացած հանգուցալուծում Հարավային Կովկասի պետությունների համար ստեղծում է հսկայական ռիսկեր։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ մենք ՌԴ հետ սահման չունենք։ Սա մեր աշխարհագրության մեջ երևի թե միակ դրական կետն է։
Իհարկե, մի հարթություն էլ կա։ Անկախ ուկրաինական պատերազմի ելքից՝ Ռուսաստանը շատ ծանր վիճակում գտնվող պետություն է լինելու և՛ տնտեսական, և՛ ռազմատեխնիկական, և՛ քաղաքական առումով։ Ուստի ՌԴ-ին շատ երկար ժամանակ է պետք լինելու ուշքի գալու համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ի՞նչ սպասել Կովկասում ուկրաինական պատերազմից հետո