Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ
Ոստիկանական բռնություններ «Թբիլիսի մոլի» բողոքի ցույցի ժամանակ
Նախօրեին բազմահազարանոց պրոեվրոպական հանրահավաք էր կազմակերպվել «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ՝ մայրաքաղաքից Արևմտյան Վրաստան տանող ճանապարհին։ «Վրացական երազանքի» կառավարությունն այն ճնշելու համար աննախադեպ քանակի ոստիկանական ու հատուկ նշանակության ուժեր է մոբիլիզացրել, իրականացրել դաժան ձերբակալություններ։
Նույնատիպ իրադարձություններ են տեղի ունեցել նաև ավելի ուշ խորհրդարանի մոտ, երբ Ռուսթավելու պողոտայում կրկին հազարավոր ցուցարարներ են հավաքվել։
«Թբիլիսի մոլ»-ի մոտ հայտարարված հանրահավաքը մեկն էր արդեն երեք ամիս (67 օր) շարունակ Վրաստանի ողջ տարածքում ընթացող զանգվածային պրոեվրոպական բողոքի ցույցերից։ Պահանջը նույնն է՝ անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և այդ կերպ երկրում իշխանություն փոխել օրինական ճանապարհով։
Մեկ այլ կարևոր պահանջ է ավելի քան 50 ձերբակալված ցուցարարների անհապաղ ազատ արձակումը։ Նրանց սպառնում են երկարաժամկետ քրեական պատիժներ՝ հիմնականում ոստիկանության հետ բախումների համար, որոնք տեղի են ունեցել ցույցերի դաժան ցրման և ցուցարարներին ծեծի ենթարկելու ժամանակ։
Փետրվարի 2-ի հանրահավաքի գաղափարն էր փակել հիմնական ավտոճանապարհը, որն Արևմտյան Վրաստանից բերում է դեպի մայրաքաղաք Թբիլիսի, և այդպիսով ավելի մեծ ուշադրություն հրավիրել այս պահանջների վրա։ Սակայն «Վրացական երազանքի» կառավարությունը մեկ օր առաջ՝ հրատապ կարգով, հատուկ հրամանագրով ճանապարհն ընդգրկել էր «ռազմավարական օբյեկտների» ցանկում, որտեղ մինչ այդ ներառված էին միայն կառավարական շենքերը, օդանավակայաններն ու երկաթուղիները։
Դա նշանակում է, որ ճանապարհի արգելափակումը դարձել է քրեական օրենսգրքի խախտում։ Համապատասխան հոդվածներով այն փակելու համար նախատեսվում է մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում։ Իսկ եթե դատարանը որոշի, որ արգելափակումը «կապված է ահաբեկչության հետ», ապա կսպառնա 10-15 տարվա ազատազրկում։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) դիմել է գլխավոր դատախազ Գիորգի Գաբիթաշվիլուն՝ պահանջելով քրեական հետապնդում հարուցել ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի (հայտնի «Խարեբա» մականունով) նկատմամբ և կասեցնել նրա լիազորությունները։
Կազմակերպության հայտարարության մեջ հղում է արվում «Պիրվելի» հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերին, որոնցում երևում է, թե ինչպես է Խարեբան ոտքով հարվածում ձերբակալված ցուցարարին։
Հազարավոր ոստիկաններ և հատուկ նշանակության ուժերի ծառայողներ էին կենտրոնացված «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ՝ ընդդեմ խաղաղ ցուցարարների։ Նրանք հենց սկզբից շարվել էին երկու երկար շղթայով՝ Թբիլիսի մտնող և դուրս եկող ճանապարհի երկու կողմերում, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չտան փակել այն։
Տեսանյութ, լուսանկար՝ Դավիթ Պիպիա / JAMnews
Չնայած նման միջոցների կիրառման պատճառով ցուցարարները այդպես էլ չկարողացան փակել ճանապարհը, այնուամենայնիվ ձերբակալություններ տեղի ունեցան։ Ձերբակալվածների թվում են քաղաքական գործիչներ Գիգի Ուգուլավան, Գիորգի Կիրտաձեն, Նիկա Մելիան և Տենգո Թևզաձեն, ինչպես նաև ակտիվիստ Դիմա Բիձինաշվիլին։
Շատ ավտոմեքենաներ, որոնք երթևեկում էին ճանապարհով, ազդանշան էին տալիս՝ ի նշան ցուցարարներին աջակցելու։ Մեքենաներից մեկը դանդաղեցրել էր ընթացքը, վարորդը պատուհանից ողջունել էր բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրա վրա հարձակվել էին հատուկ նշանակության ուժերի մի քանի աշխատակիցներ՝ փորձելով դուրս քաշել մեքենայից։ Նրանցից ոմանք հարվածներ էին հասցնում մեքենային։
Բողոքի ցույցի մասնակիցների մի մասը ժամանակավորապես տեղափոխվել էր առևտրի կենտրոնի շենք՝ շարունակելու հանրահավաքը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Իլիաունի» ուսանողական շարժման անդամ Թամունա Թևզաձեն, ձերբակալության ժամանակ ուշագնաց էր եղել:
Ձերբակալություններն ու դաժան ծեծը շարունակվել էին նաև փետրվարի 2-ի երեկոյան՝ ժամը իննից հետո Ռուսթավելու պողոտայում, մասնավորապես՝ խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում։ Այստեղ նույնպես մոբիլիզացվել էին աննախադեպ քանակի ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ։
Չնայած խոշոր տուգանքներին և փողոցները փակելու արգելքին՝ այս կենտրոնական պողոտան փակ էր։ Ակցիային մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, նրանք այլ կերպ չէին էլ կարող տեղավորվել մայթերի վրա։
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցի երկու մասնակից այնքան ուժեղ էին ծեծի ենթարկվել, որ նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Arrests and violent beatings at a protest in front of the parliament in Tbilisi, with at least five people hospitalized, according to TV channel Pirveli.
— JAMnews (@JAMnewsCaucasus) February 2, 2025
Today marks the 67th day of mass pro-European #GeorgiaProtests , demanding new parliamentary elections to legally change the… pic.twitter.com/exI4m2etFa
Մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է ոստիկանության դաժանության և անհամաչափ ուժի կիրառման մասին։
«Մենք դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ցանկացած անօրինական գործողություն, իրավական միջոցներ են ձեռնարկվելու խաղաղ ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի յուրաքանչյուր դեպքի հետ կապված»,- ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը մարմնական վնասվածքներ է հասցրել «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատորին, ինչպես նաև ներկայացվում են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները վիրավորում կանանց, այդ թվում՝ կին քաղաքական գործիչներին։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ քննչական ծառայությանը կոչ է արել անհապաղ սկսել այս բոլոր դեպքերի քննությունը և մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության։
Փետրվարի 2-ի խաղաղ բողոքի ցույցի դաժան ճնշման կապակցությամբ վրդովմունք է հայտնել Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Թբիլիսիում այս երեկո խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների դաժան ճնշումն անընդունելի է։ Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրից սպասվող ոչ մի ակնկալիք։ ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ժողովրդին ազատության և ժողովրդավարության համար նրա մղած պայքարում»,- ասված է նրա X-ի գրառման մեջ։