«Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
Փաշինյանը Դավոսում քննարկման է մասնակցել
«Մենք որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն։ Ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել մեր հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի, տարածաշրջանային ուժերի հետ»,- Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Ինչպե՞ս ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն այդ կերպ է արձագանքել մոդերատորի այն հարցին, թե ինչպե՞ս է կողմնորոշվելու Հայաստանը, երբ կան մի շարք խաղացողներ՝ ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան, Ռուսաստան, Ծոցի երկրներ։
Շեշտել է՝ Երևանն իր մտադրություններում թափանցիկ է բոլոր միջազգային գործընկերների հետ։ Նաև ներկայիս մարտահրավերներով լի ժամանակաշրջանում փորձում է «կառավարել վտանգներն ու օգտվել հնարավորություններից»։ Վարչապետի կարծիքով՝ դա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է։
- «ՀՀ-ն պետք է առանց կոլապսի դեզինտեգրացվի ՌԴ-ից»․ կարծիք Երևանից
- Թրամփի ուշադրությունը կշեղվի՞ Ուկրաինայից դեպի Կովկաս․ կարծիք Երևանից
- «ՀՀ-ն կարող է հաբ դառնալ, հարևաններն են մեկուսացնում». Սամվել Բաբայան
Եթե օրենքն ընդունվի, կնշանակի՝ սկսում ենք ԵՄ-ին էլ ավելի մոտենալու գործընթաց
«Իրականում նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը։ Նրանք ԵՄ անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրինագիծ ներկայացրեցին: Մեր կառավարությունը հավանություն տվեց։ Եվ կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ օրենքը, ինչն իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը։
Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետև մենք ժողովրդավարություն ենք։ Երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։
Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ, և եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։ Օրինակ՝ սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել և ստորագրել։
Հիմա Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որը նույնպես շատ կարևոր է։ Եվրոպական քաղաքացիական առաքելությունն այժմ մեր երկրում է գտնվում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում։ Շատ սերտորեն ենք համագործակցում»։
«Եվրաքվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել, այսինքն՝ որդեգրել եվրաինտեգրման ճանապարհ։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել քաղհասարակության ներկայացրած «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Հունվարի 24-ին մեկնարկեց դրա քննարկումը Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։ Հավանություն ստանալու պարագայում, նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Ուզում ենք տնտեսապես մոտ լինել ինչպես ԵՄ-ին, այնպես էլ տարածաշրջանի երկրներին
«Իհարկե, մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաև տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրներին: Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ։ Մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ։
Եվ մատակարարման շղթայում փոփոխություն մտցնելու նպատակով, ընդ որում՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև գլոբալ առումով սեղանին ենք դրել մեր առաջարկը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։
Այս նախագիծը մեր տարածաշրջանային փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելու մասին է։ Ստեղծելու է նոր հաղորդակցության ուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։ Խորացնելու է մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ: Բայց այն կապ ունի նաև Եվրամիության հետ, որովհետև, երբ այս ծրագիրն իրագործվի, մենք կունենանք նոր շղթայական երթուղի Հայաստանով դեպի Եվրոպական միություն։
Սա զուտ տնտեսական հարց չէ, այն նաև շատ կարևոր անվտանգային գործոն է։ Բայց, իհարկե, այս նախագիծը կյանքի կկոչվի, երբ մենք Ադրբեջանի հետ կարողանանք կայուն խաղաղություն հիմնել, ինչը դժբախտաբար դեռ չի հաջողվել։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև, որ կարողանանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել։ Այս ուղղությամբ ևս աշխատում ենք։
Հաճախ մարդիկ ինձ հարցնում են` ես լավատե՞ս, թե՞ վատատես եմ այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ոչ լավատես եմ, ոչ վատատես։ Ես պրագմատիկ եմ և հասկանում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։
Ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է։ Մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ, և աշխատենք առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք։ Ես հույս ունեմ, որ այդ աջակցությունը կլինի»:
Բալանսից շեղվելը կարող է ծանր հետևանքներ ունենալ անվտանգության և կայունության վրա
«Շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ։ Փորձում ենք դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, խաղաղության գործարքի հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից ես չեմ կարծում, թե դա անհնարին է։
Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք թափանցիկ ենք մեր մտադրություններում մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք անում մեր մյուս գործընկերների հետ։
Ինտենսիվ կերպով փորձում ենք մեր դիրքորոշումներով կիսվել Իրանի հետ, Ռուսաստանի հետ, և մեր մնացած գործընկերների հետ, որովհետև Հայաստանն անկախ պետություն է, և թեև գտնվում ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այն նաև փոփոխությունների մեծ հնարավորություն է բացում։
Փոփոխությունների ժամանակաշրջաններն ակնհայտորեն իրենց հետ բերում են մեծ վտանգներ, բայց նաև հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել վտանգները և օգտվել հնարավորություններից։
Սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար ոչ միայն կոնկրետ երկրի, այլև տարածաշրջանի և գլոբալ կայունության համար։ Որևէ երկրում նույնիսկ փոքր ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը Դավոսում քննարկման է մասնակցել