«Վրացական երազանք». «Եթե Բրիտանիան էլ պատժամիջոցներ սահմանի, ուրեմն deep state-ի մաս է»
«Վրացական երազանքը» ընդդեմ Մեծ Բրիտանիայի
«Եթե Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանի Բիձինա Իվանիշվիլիի դեմ, դա կնշանակի, որ այնտեղ էլ է ներթափանցել deep state-ը [«գլոբալ պատերազմի կուսակցություն»] և երկիրն իջեցրել Ուկրաինայի, Լիտվայի, Էստոնիայի և Եվրախորհրդարանի մակարդակին, ինչը բացառիկ ողբերգական իրադարձություն է»,- նախօրեին այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը։
Խորհուրդը վրդովված է, որ «առանց որևէ հիմքի պատժամիջոցներով են սպառնում իշխող կուսակցության առաջնորդին, մի ուժի, որն ազատեց Վրաստանը ավտորիտար կառավարումից և երկիր բերեց ժողովրդավարական վերափոխումներ»։
Քաղաքական խորհուրդը նաև «զարմացած է, թե ինչպես են այն ավանդույթները, որոնք Անգլիայում ընդունված են եղել դեռևս 13-րդ և 17-րդ դարերում, բրիտանական կառավարության կողմից լիովին մոռացվել և ոտնահարվել 21-րդ դարում»։
Հունվարի 13-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր, լիբերալ-դեմոկրատ Ջեյմս Մաքքլիրին ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ։ Առաջարկը պարտադիր ընդունման ենթակա չէ։
Աշխատանքային տարբերակում նշվում է, որ Համայնքների պալատը․
- Խորը մտահոգություն է հայտնում Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման և խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ,
- Դատապարտում է Բիձինա Իվանիշվիլիի դերը Վրաստանում ժողովրդավարության խաթարման և ռուսական ազդեցության խթանման գործում,
- Ընդունում է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են կիրառել Բիձինա Իվանիշվիլիի դեմ, և կոչ է անում Միացյալ Թագավորության կառավարությանն անել նույնը՝ ցույց տալու համար իր հստակ դիրքորոշումը ժողովրդավարությունից նահանջի դեմ,
- Կոչ է անում Միացյալ Թագավորությանը վերանայել իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ և ավելի սերտորեն համակարգել իր գործողությունները Եվրամիության գործընկերների հետ՝ ռուսական միջամտությանը հակազդելու միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ,
- Վերահաստատում է իր աջակցությունը վրաց ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին։
«Վրացական երազանքի» հայտարարությունը
«Վրաց հասարակությունը լավ գիտի, որ պատմականորեն Մեծ Բրիտանիան միշտ առանձնացել է որպես ուժեղ, ինքնիշխան և առաջադեմ պետություն, որի շրջանակներում զարգացել է օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների գաղափարը։
Հենց Անգլիայում են ի հայտ եկել հիմնական դատավարական իրավունքները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքը, համաձայն որի՝ նախքան դատավճիռ կայացնելը մարդուն պետք է տրամադրվի պատշաճ դատաքննություն, իսկ դատավճիռը պետք է հիմնավորված լինի հավաստի ապացույցներով։
Զարմանալի է, որ այն, ինչ հասկանալի էր Անգլիայում դեռ XIII և XVII դարերում, լիովին մոռացվել և ոտնահարվել է բրիտանական կառավարության կողմից XXI դարում։
Մենք բոլորս հիշում ենք հինգ անարդար և ամոթալի հակավրացական բանաձևերը, որոնցով Եվրախորհրդարանը պահանջեց պատժել Բիձինա Իվանիշվիլիին և ազատ արձակել հանցագործներին։
Մենք բոլորս հիշում ենք վրացի քաղաքական գործիչների, պետական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների դեմ ուղղված անարդար և ամոթալի ուկրաինական պատժամիջոցները, որոնք չէին հիմնավորվել որևէ փաստով և ապացույցով։
Բոլորս հիշում ենք վրացի քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Լիտվայի և Էստոնիայի հակավրացական որոշումը, որը նույնպես հիմնված չէր որևէ փաստի և ապացույցի վրա։
Չափազանց մտահոգիչ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, այսօր վերածվել է «deep state»-ի՝ գլոբալ պատերազմի կուսակցության հերթական խաղալիքի, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի, Լիտվայի, Էստոնիայի և Եվրախորհրդարանի պարագայում։
Այսօր առանց որևէ հիմքի պատժամիջոցներով են սպառնում Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդին, ով ազատեց Վրաստանը ավտորիտար կառավարումից, ժողովրդավարական անցում իրականացրեց երկրում, վերջ տվեց սպանությունների և խոշտանգումների համակարգային պրակտիկային, բիզնես-ռեկետին, մեդիայի զավթմանը և ընտրությունների կեղծմանը Վրաստանում։
Սպառնում են այն առաջնորդին, ով 12 տարի երկրում պահպանել է անընդհատ խաղաղություն և տնտեսության եռապատիկ աճ։
Եթե Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառի Բիձինա Իվանիշվիլիի դեմ, դա ակնառու կերպով ցույց կտա, որ «deep state»-ը Մեծ Բրիտանիան իջեցրել է Ուկրաինայի, Լիտվայի, Էստոնիայի և Եվրախորհրդարանի մակարդակին, ինչը, հաշվի առնելով այս պետության պատմական անցյալը, պետք է համարվի բացառիկ ողբերգական իրադարձություն։
Եթե պատժամիջոցներ սահմանվեն, Մեծ Բրիտանիայի՝ որպես օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված պետության հեղինակությունը վերջնականապես կմնա անցյալում։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ «deep state»-ը կամ գլոբալ պատերազմի կուսակցությունը արդեն բազմաթիվ պետությունների դատապարտել է ֆիզիկական ոչնչացման, Մեծ Բրիտանիայի պետական-բարոյական կործանումը և անկումը շատ ավելի պակաս ողբերգական իրադարձություն է»,- ասված է հայտարարությունում։
Իշխող կուսակցության անդամների դեմ արդեն կիրառված պատժամիջոցները
«Վրացական երազանքի» կառավարությունը բախվում է սուր ճգնաժամի թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակում։ Արդեն 50 օր է, ինչ երկրում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը կապված երկրի՝ Սահմանադրությամբ հաստատված եվրաինտեգրման ուղուց շեղվելու հետ։
● Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Նրա անունը ներառված է OFAC ցուցակում՝ որպես Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների փաթեթի մաս։
Այս պատժամիջոցների շրջանակներում կսառեցվեն Իվանիշվիլիի՝ ԱՄՆ-ում գտնվող բոլոր ակտիվները, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող ակտիվները։
● «Վրացական երազանքի» ավելի քան 110 պաշտոնյա այլևս չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ։ Այս սահմանափակումը տարածվում է նաև նրանց ընտանիքի անդամների վրա։ Համապատասխանաբար, ԱՄՆ մուտք գործել չկարողացող Վրաստանի քաղաքացիների թիվը կկազմի մի քանի հարյուր մարդ։
● Դիվանագիտական անձնագրեր ունեցող հարյուրավոր մարդիկ (ճշգրիտ ցուցակ չկա) հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների տակ և չեն կարողանա այդ անձնագրերով մուտք գործել ԵՄ տարածք։
● Վրաստանի 6 քաղաքացիներ ներառվել են «Մագնիտսկու ցուցակում»։ Սա նշանակում է խիստ ֆինանսական պատժամիջոցներ, որոնք նախատեսում են ցուցակում հայտնված անձանց ողջ ունեցվածքի, բաժնետոմսերի և ֆինանսների սառեցում։ Այս վեց անձանցից չորսը բարձրաստիճան պաշտոնյաներ են։
● 40-ից ավելի մարդիկ հայտնվել են Բալթյան երկրների պատժամիջոցների տակ, 19 մարդ՝ Ուկրաինայի, 5 մարդ՝ Մեծ Բրիտանիայի, 9 մարդ՝ Գերմանիայի անհատական պատժամիջոցների տակ։
● Մի շարք պաշտոնյաներ գտնվում են միաժամանակ մի քանի պատժամիջոցների փաթեթների ներքո։ Օրինակ՝ ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին։ Նա գտնվում է բոլոր երկրների պատժամիջոցների տակ, ներառված է նաև «Մագնիտսկու ցուցակում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Վրացական երազանքը» ընդդեմ Մեծ Բրիտանիայի