«Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել»․ ինչո՞ւ Փաշինյանը չմեկնեց ՌԴ
Փաշինյանը չմեկնեց Պետերբուրգ․ ո՞րն է պատճառը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց նախօրեին Սանկտ Պետերբուրգում կազմակերպված ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ կորոնավիրուսի դրական ախտորոշումն է պատճառը։
Իշխող թիմից պնդում են՝ պետք չէ դավադրապաշտական տեսություններ առաջ քաշել, դրանք հիմնազուրկ են։ Փորձագիտական շրջանակները, սակայն, այլ կարծիքի են։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ Ռուսաստան չմեկնելու պատճառ կարող է լինել այն, որ Փաշինյանը խուսափում է ռուսական հարթակում Ալիևի հետ հնարավոր հանդիպումից։
«Փաշինյանը երևի ազդակներ է ունեցել, որ Պուտինը կփորձի այնտեղ կազմակերպել Ալիևի հետ հանդիպում, չի ցանկացել այդ հարթակում հանդիպել Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանազատումը։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը նորից ակտիվացել է այդ ոլորտում»,- 1inTV-ի եթերում արձանագրել է նա։
Այսօր Ռուսաստանում կայանալու է նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ ԵԱՏՄ նախագահությունը հունվարին է անցել ՀՀ-ին։ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր՝ նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշումը կկայացնի «մինչև օրվա վերջ»։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի համար ընդունելի է նաև նիստին հեռավար մասնակցելու տարբերակը։
«Մեր հայ գործընկերները դադարեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այնուամենայնիվ, ՀՀ-ն դեռ շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում»,- նկատել է նա և հավելել, որ այդ մասնակցությունից մեծ դիվիդենտներ են ստանում ինչպես ՀՀ-ն, այնպես էլ հայ ժողովուրդը։
Նյութի հրապարակման պահին հայտնի դարձավ, որ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։
Փաշինյանը գագաթնաժողովին չմասնակցեց առաջին անգամ
Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը 5 անգամ մասնակցել է ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այն չի անցկացվել միայն 2020 թ․-ին՝ պայմանավորված COVID-19 համավարակով։
Ուստի սա առաջին դեպքն է, երբ վարչապետ Փաշինյանը չմասնակցեց գագաթնաժողովին։
JAMnews-ն ուսումանասիրել է նախորդ տարիների հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններն ու պարզել, որ վարչապետի աշխատակազմը դրանց մասին սուղ տեղեկություններ է փոխանցել։ Հայտնել է միայն, որ երկրների առաջնորդները քննարկել են «ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր»։
Գագաթնաժողովին չմասնակցեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական AZAL ավիաուղիների ինքնաթիռի վթարի պատճառով ստիպված էր վերադառնալ Ադրբեջան։
ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին 2 ամիս առաջ
Ռուսաստանում՝ Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպում էր կայացել հոկտեմբերի 24-ին՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Հաղորդվել էր, որ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը։
«Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»,- ասված էր պաշտոնական հաղորդագրությունում։
Չնայած դրան հայ փորձագետներն արձանագրել էին՝ եթե ճնշում չլինի, Ադրբեջանը չի գնա Հայաստանի հետ խաղաղության։
Վերջերս նկատվում է Բաքվի հռետորաբանության սրացում։
Օրեր առաջ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայերը չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի «հակաահաբեկչական գործողությունը», որի արդյունքում ԼՂ-ում տեղի ունեցավ էթնիկ զտում։
«Նրանք նաև պետք է հասկանան, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, եթե այստեղ՝ գետնի վրա մեր դեմ հերթական սադրանք ծրագրեն, ոչ ոք նրանց չի օգնի»,- նշել էր Ալիևը։
Ի պատասխան Հայաստանի վարչապետը երաշխավորել էր՝ Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու հավելել․
«Եթե Ադրբեջանն էլ ՀՀ վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»։
«Որևէ բանից խուսափելու անհրաժեշտություն չկա»․ իշխող ուժի տեսակետը
Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համոզմամբ՝ կան շրջանակներ, որոնք դավադրապաշտական տեսություններ են առաջ քաշում բոլոր գործընթացների վերաբեյալ։ Դրանք, ըստ նրա, հիմնազուրկ են։
«Ես առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով։ Կարծում եմ՝ պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել»,- Հանրային ռադիոյի հետ զրույցում նկատել է նա։
Իշխանական պատգամավորի փոխանցմամբ՝ երբ վարչապետը կայացնում է այս կամ այն որոշումը, նա դրա մասին «պարզ և հստակ կոմունիկացնում է թե՛ մեր հանրության, թե՛ միջազգային գործընկերների հետ»։
«Եթե նա որևէ ասելիք ունի, ապա այդ ասելիքը հստակ և աներկբա ասում է։ Որևէ բան թաքցնելու, որևէ բանից խուսափելու անհրաժեշտություն չկա»,- ասել է նա։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Իլհամ Ալիևի հետ առերեսումից․
«Վերջին հարցազրույցներում Ադրբեջանի նախագահն իրեն ոչ կառուցողական է դրսևորում։ Ավելի ճիշտ կլինի դրա մասին պարզ ասել, հիվանդությունները պատճառ չբերել։ Համենայն դեպս, ԱՊՀ հարթակում Ալիևի հետ չհանդիպելը կարևոր էր։ Դուք չեք գալիս Արևմուտք, մենք էլ չենք գալիս ԱՊՀ հարթակ»։
Նկատում է՝ ՀՀ վարչապետն ունի ռուսական հարթակում բանակցություններից խուսափելու պատճառ․
«Ռուսաստանն Ադրբեջանի հետ սինխրոն անընդհատ ՀՀ-ին մեղադրում է, ասում, թե, իբր, արևմտյան գործընկերները հրահրում են, զինում են։ Ուրեմն դա կողմնակալ հարթակ է»։
Լիլիթ Դալլաքյանը չի բացառում, որ Մոսկվան և Բաքուն փորձում են Երևանին վերադարձնել եռակողմ՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ձևաչափին։ Շեշտում է՝ պետք է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը Ռուսաստանին ձեռնտու չէ․
«Եթե տարիներ շարունակ ռազմական բալանսը խախտում ես, զինում ես Ադրբեջանին՝ իմանալով, որ նա պատրաստվում է հարձակվել, ուրեմն նպատակ չունես այստեղ խաղաղություն հաստատել»։
Ըստ քաղաքագետի՝ Բաքվին չեն թողնում գնալ ՀՀ հետ խաղաղության, ինքն էլ նման ցանկություն առանձնապես չունի։ Կարծում է՝ եթե նույնիսկ խաղաղության պայմանագրի դեռևս չհամաձայնեցված երկու կետերն էլ համաձայնեցվեն, միևնույն է՝ Ադրբեջանը առաջ կքաշի նոր պահանջներ։
«Փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ թոզ փչելով աշխարհի աչքին, որ ՀՀ Սահմանադրությունն է խանգարում, ԵՄ դիտորդները, զինվելը։ Ամեն ինչ խանգարում է [պայմանագրի կնքմանը]»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը չմեկնեց Պետերբուրգ․ ո՞րն է պատճառը