«Հաղորդուղիների բացումը մնում է Կովկասի ամենառիսկային խնդիրը»․ կարծիք Երևանից
Ապաշրջափակումը՝ Կովկասի ամենառիսկային խնդիր
2024 թ․-ին Հարավային Կովկասում անորոշությունը պահպանվել է, գուցե նաև աճել է։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանն ասում է՝ դա պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով, ինչպես նաև Վրաստանում ծավալվող իրադարձություններով։
«Վրաստանում առկա իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ունեն աշխարհաքաղաքական շերտեր, գլոբալ մրցակցության տարրեր, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում և ավելի մեծացնում ընդհանուր ռիսկային ֆոնը մեր տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նկատել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում եղած խնդիրներից ամենառիսկայինը տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման գործընթացն է, քանի որ գործ ունենք շահերի բախման հետ։
Երևանը Բաքու առաջարկ է ուղարկել, արձագանք դեռ չկա
«Մենք այդ առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»,- տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտնել, որ առաջարկները փոխանցել է Կազանում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան բանակցություններից հետո:
Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ «փոխադարձ ընդունելի լուծում»։
Ոչ Փաշինյանը, ոչ որևէ այլ պաշտոնյա առաջարկների բովանդակությունը չեն հրապարակել։ Նշել են միայն, որ դրանք բխում են կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չէի ուզենա բացել դրանց բովանդակությունը»,- մեկ շաբաթ առաջ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է՝ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման «շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության»։
Ինքնիշխանությունն ու իրավազորությունը, փոխադարձությունն ու հավասարությունը այն 4 սկզբունքներն են, որոնց հիման վրա հայկական կողմը պատրաստ է սկսել ապաշրջափակման գործընթացը։
Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ Ադրբեջանը կողմ է ոչ թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հաստատմանը, այլ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Բաքուն Նախիջանի հետ կապ հաստատելու համար ՀՀ-ից արտատարածքային միջանցք է պահանջում, ինչը, իր հերթին, կարմիր գիծ է Երևանի համար։
2020 թ․-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցով աշխատանքային խումբ էր ձևավորվել։ 2023 թ․-ի հունիսից հետո հանձնաժողովը նիստեր չի անցկացրել: Մոսկվայից պարբերաբար հայտարարում են՝ «ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ», սակայն, փաստացի Մոսկվան այլևս չի մասնակցում այս թեմայով հայ-ադրբեջանական բանակցություններին։
Ի սկզբանե Երևանն ու Բաքուն ապաշրջափակման հարցը քննարկում էին խաղաղության պայմանագրի համատեքստում։ 2024 թ․-ի օգոստոսին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի նախագծից հանել են հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Այդ համաձայնությունից հետո փորձագետները հայտնում էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են օտարերկրյա մասնավոր ընկերության կողմից ճանապարհի վերահսկողության իրականացման տարբերակը։ Երևանի համար այս տարբերակը քննարկելի է, Բաքուն այս առնչությամբ հայտարարություններ չի արել։
Մեկնաբանություն
Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է տարբեր արհեստական պատճառներով հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Հրաժարվում է նաև հնարավորություն տալ, որ արտաքին դերակատարները փորձեն տարածաշրջանում և նրանից դուրս որոշակիորեն ազդել գործընթացի վրա։
«Նկատելի է, որ Ռուսաստանը վերջին շրջանում քաղաքական-քարոզչական մակարդակում կրկին օրակարգ է բերում 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի ձևաչափը։ Որոշակի ակտիվություն է նկատվում Թուրքիայի կողմից։ Ադրբեջանի շահերն առաջ մղելուն զուգընթաց Թուրքիան փորձում է ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա։ Որոշակի ակնկալիքներ կան նաև ԱՄՆ-ում նոր վարչակազմի գործունեության առումով»,- մանրամասնում է նա։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ շահերի բախման միտումներ կան ոչ միայն բուն պայմանագրի կնքման, այլև տարածաշրջանի «ամենառիսկային» խնդրի՝ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում, մասնավորապես՝
- «Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակումն իրականացնել միջանցքային տրամաբանությամբ,
- Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի շահերին համահունչ ապաշրջափակման գործընթաց՝ պահանջելով կայուն կապուղի իր և թյուրքական աշխարհի միջև, ասել է թե՝ ելք դեպի միջինասիական երկրներ,
- Իրանը ցանկանում է, որ այդ կապուղին անցնի իր տարածքով,
- Ռուսաստանը, իր հերթին, ցանկանում է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի հատվածը լինի իր վերահսկողությամբ,
- ԱՄՆ-ն ձգտում է, որ ռուսական վերահսկողություն չլինի, չօգտագործվի Իրանի տարածքը»։
Հիշեցրել է՝ Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ապաշրջափակում իրականացնել, առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Բաքուն, սակայն, «Զանգեզուրի միջանցքից» է խոսում՝ Անկարայի հետ միասին առաջ տանելով միջանցքային տրամաբանությունը։
«Քանի դեռ ճանապարհների ապաշրջափակման ամենազգայուն խնդիրը լուծված չէ մեր տարածաշրջանում, բնականաբար, մրցակցությունը և տարբեր նախագծերի առաջմղումն օրակարգային է»,- շեշտել է նա։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ հաղորդուղիների բացման գործընթացը Հայաստանի շահերի տիրույթում առաջ մղելու նպատակին հասնելու համար ՀՀ-ն պետք է ապահովի նախագծի ճանաչելիության բարձրացումն ու միջազգային «ավելի մեծ հավանության» արժանացնի այն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ապաշրջափակումը՝ Կովկասի ամենառիսկային խնդիր