Համակարգչային խաղերի ազդեցությունը․ ՀՀ-ում անչափահասների ինքնասպանության դեպքերը նվազել են
Համակարգչային խաղերի ազդեցությունը դեռահասների վրա
«2023 թ.-ին Հայաստանի անչափահասների շրջանոմ գրանցվել էր խաղերի հետևանքով ինքնասպանության և ինքնավնասման 20 դեպք, իսկ 2024 թ․-ի 11 ամիսներին՝ 12 դեպք»,- ասում է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը։
Թեև նախորդ տարիների համեմատ դեպքերը նվազել են, սակայն կարծում է՝ պետք է շարունակել խաղերի բացասական ազդեցությունից երեխաներին պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում, երեխաների առօրյայի անբաժանելի մասն են հեռախոսային և համակարգչային խաղերը։ Տարբեր ոլորտների մասնագետներ պնդում են՝ դրանք կարող են ագրեսիվ վարքագիծ առաջացնել երեխաների մոտ, ծառայել որպես հանցագործությունների տարածման միջոց։
Իրենք՝ խաղեր ստեղծող ծրագրավորողները մատնանշում են դրական ազդեցությունը։ Օրինակ են բերելում երեխաների սոցիալական, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ չեն ժխտում՝ կան խաղեր, որոնք բռնություն են պարունակում։ Խոստովանում են՝ նպատակը «տվյալ խաղի պահանջարկը մեծացնելն է, խաղացողի մոտ կախվածություն առաջացնելը»։
Ի՞նչ վտանգներ են պարունակում հեռախոսային և համակարգչային խաղերը, ինչպե՞ս կանխել բացասական հետևանքները
«Դեռահաս տարիքում խաղերը կարող են կախվածություն առաջացնել»
Հոգեբան Լիլիթ Վարդանյանն ասում է՝ մինչև 6 տարեկանը խաղերն անփոխարինելի են երեխայի զարգացման համար, քանի որ օգնում են սոցիալական դերերի մոդելավորմանը։ Մյուս կողմից նկատում է՝ դեռահաս տարիքում դրանք կարող են կախվածություն առաջացնել։ «Արմենպրեսի» հետ զրույցում մասնագետը շեշտել է՝ կարևոր է, որ ծնողները ճիշտ մոտեցում ցուցաբերեն հարցին, ոչ թե երեխային զրկեն հեռախոսից․
«Երեխային կարելի է թույլ տալ խաղալ 1-1.5 ժամ, բայց մնացած ժամանակն անհրաժեշտ է հատկացնել սպորտին, կրթությանը և ընտանիքի հետ շփմանը։ Այս կերպ մենք կկարողանանք խուսափել խաղային կախվածությունից»։
Վարդանյանի խոսքով՝ անչափահասը կարող է այնպիսի խաղեր ներբեռնել, որոնք նրան կդրդեն անտրամաբանական և վտանգավոր գործողությունների։
Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս խաղերի համար նախատեսված ժամերը սահմանափակելուց բացի նաև հասկանալ՝ ինչ է խաղում երեխան, ինչ է տալիս նրան տվյալ խաղը, որքանով է արդյունավետ նրա համար։
«Կարող են ինքնասպանության չհասցնել, բայց ․․․»
ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ հեռախոսային կամ համակարգչային խաղերի նկատմամբ վերահսկողություն սահմանելը խնդրին համակարգային լուծում չի տալիս։
«Խաղերն անընդհատ փոխվում են, ունեն դինամիկ անսահմանափակություն։ Կան խաղեր, որոնք կարող են ինքնասպանության չհասցնել, բայց երեխայի մոտ ագրեսիվ վարքագիծ կամ վախեր առաջացնել»,- նկատել է Պետրոսյանը։
Տեղեկացրել է՝ ոստիկանությունն իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր կանխարգելիչ աշխատանքներ։
Մասնավորապես՝ կոնկրետ դեպքեր քննելուց բացի, ոստիկանության աշխատակիցներն այցելում են դպրոցներ, առկա խնդիրների մասին իրազեկում աշակերտների ծնողներին, նրանց դասավանդող ուսուցիչներին։
Պետրոսյանը կարծում է՝ անչափահասների անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքներ տանելիս պետք է շեշտը դնել երկու կարևոր հանգամանքի վրա։ Դրանք են՝
- ծնողների արձագանքը,
- կիբեռանվտանգության կանոնների պահպանումը։
«Երբ ծնողները տեսնում են, որ երեխան անտեսում է դասերը, անգամ չի սնվում և անընդհատ հեռախոսով է զբաղվում, ոչ թե պետք է դիմեն կտրուկ քայլերի՝ ուղիղ արգելքով, այլ սահմանափակեն օգտագործման ժամանակը, ապահովեն այլ օգտակար զբաղվածություն երեխաների համար»,- ընդգծել է նա։
Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետը կարևորում է նաև կիբեռանվտանգության կանոնների պահպանումը, այդ թվում՝ խաղային հարթակներում գրանցվելիս ապահով էլեկտրոնային փոստ և գաղտնաբառ նշելը։
«Հնարավոր է սահմանափակել բովանդակության հասանելիությունը»
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի փոխանցմամբ՝ գոյություն ունի Parental control ծնողական վերահսկողության ծրագրային ապահովում։ Այն ծնողներին հնարավորություն է տալիս «սահմանափակել բովանդակության հասանելիությունը իրենց երեխաների հեռախոսներում»։
«Դրանց մի մասը անվճար են, մի մասը՝ վճարովի։ Տարբեր օպերացիոն համակարգեր՝ IOS-ը, Android-ը, Google-ը աշխատում են այս ուղղությամբ»,- նկատել է Պապյանը։
Փորձագետի խոսքով՝ այդ կերպ ծնողները կկարողանան կառավարել բոլոր ծրագրերը, որոնք իրենց երեխաները կփորձեն ներբեռնել իրենց հեռախոսներում։ Ըստ էության, միայն ծնողների թույլտվությամբ անչափահասները կկարողանան ներբեռնել դրանք։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Համակարգչային խաղերի ազդեցությունը դեռահասների վրա