«ՀՀ-Իրան սահմանային անցակետից ռուսների դուրսբերումը կարմիր գիծ չէ ՌԴ համար»․ կարծիքներ
Ռուսները կլքեն ՀՀ-Իրան անցակետը
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերի ուժերով։ Սահմանապահ զորքերը կմասնակցեն նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը։ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նման համաձայնություն է ձեռք բերվել նախօրեին Մոսկվայում կայացած Փաշինյան — Պուտին հանդիպման ընթացքում։
Փաշինյանի խոսնակը նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել «Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։
Հատկանշական է, որ ամիսներ առաջ ռուս սահմանապահները դուրս էին եկել նաև «Զվարթնոց» օդանավակայանից, Հայաստանի մի շարք մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածներից, որտեղ տեղակայվել էին 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
Հայ վերլուծաբանները ձեռքբերված վերջին համաձայնության վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։ Մի մասը պնդում է, որ սա օդանավակայանից ռուսների դուրսբերմանը հաջորդող քայլ է, որին նպաստել է ՀՀ դիվանագիտությունը։ Ոմանք էլ կարծում են՝ պայմանավորվածությունն իր «աշխարհաքաղաքական բովանդակությամբ» ոչ թե հայ-ռուսական է, այլ ռուս-իրանական։
«Աննախադեպ երևույթ է»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ պետական սահմանին մինչ այժմ կանգնած են եղել բացառապես Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իսկ այսուհետ ծառայությունը կիրականացվի «խառը ռեժիմով»․
«Ռուսաստանի սահմանապահների հետ զուգահեռ ծառայություն կտանեն նաև ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը: Սա ևս աննախադեպ երևույթ է: Իսկ անցագրային կետում էլ արդեն բացառապես Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն է»։
Թե հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս և հայ սահմանապահների ի՞նչ համամասնություն է լինելու՝ Ալեքսանյանը տեղյակ չէ։
Ռուսների դուրսբերման առաջին դեպքը չէ
2024 թ․-ի մայիսի 8-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հաղորդվեց, որ ռուս սահմանապահները դուրս կգան Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներից, որտեղ տեղակայվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։
«Փաշինյանն ասել է, որ իրավիճակի փոփոխության հետևանքով նման անհրաժեշտություն այլևս չկա, այդ իսկ պատճառով նախագահ Պուտինը համաձայնել է։ Եվ մեր զինվորականների ու սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է։ Ու կրկին Հայաստանի իշխանությունների խնդրանքով՝ ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»,- հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 1-ից օդանավակայանում ծառայություն են իրականացնում Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց՝ քանի ռուս սահմանապահ է հեռացել «Զվարթնոց»-ից։ ԱԱԾ-ն դա որակեց «պետական գաղտնիք»։ Սակայն հայտնի է, որ նրանք չեն լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։
«Զվարթնոց» օդանավակայանից հեռանալուց հետո ռուս սահմանապահներն իրենց ծառայությունը շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին»,- հայտնել էին Ազգային անվտանգության ծառայությունից։
Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայվել էին 1992 թվականից։ Սեպտեմբերի 30-ին Երևանն ու Մոսկվան կնքել էին «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագիրը։ Այս փաստաթղթով Հայաստանը ռուսական սահմանապահ զորքերին թույլատրում էր վերահսկել նաև Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանները։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները համարում է դրական քայլ և որոշակի հաջողություն։
«Սա վկայում է ՀՀ ինքնիշխանության բարձրացման մասին, ինչը շատ կարևոր է, հատկապես եթե մենք ձգտում ենք Եվրամիության հետ խորացնել մեր հարաբերությունները։ Ճիշտ չէր ընկալվի, որ մեր երկու կարևոր սահմանները չենք վերահսկում, նույնիսկ ներկայություն չունենք»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Շեշտում է՝ ռուսները միայն անցակետից են դուրս գալու, շարունակելու են ներկայություն ունենալ ինչպես հայ-իրանական, այնպես էլ հայ-թուրքական սահմանին․
«Ճիշտ կլիներ, եթե ռուսների վերահսկողությունն այնտեղ ընդհանրապես չլիներ։ Փոքր քայլերով պետք է շարժվել և արագ։ Պետք է ողջ գործիքակազմն օգտագործենք, գտնենք երաշխիքներ, որ նրանց դուրս հրավիրենք նաև սահմանից»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի համար սահմանային անցակետից դուրս գալը կարմիր գիծ չէ։
«Գիտեն, որ հայ-իրանական սահմանով այնպիսի բեռներ չեն տեղափոխվի, որ հակասի ՌԴ շահերին։ Բացի այդ ներկայություն ունեն։ Եթե նույնիսկ այդ կետում չկան, հայ-իրանական սահմանին շարունակելու են ներկա լինել։ Մոսկվայի համար կարմիր գիծ է ամբողջովին այնտեղից դուրս գալը, ինչն այս պահին ռեալ չեմ համարում»,- պարզաբանել է նա։
Լիլիթ Դալլաքյանը հիշեցնում է՝ հայ-իրանական սահմանը ՌԴ համար ունի ռազմավարական նշանակություն․
«Նախ Պեսկովը «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործեց, հետո Օվերչուկը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների ապաշրջափակումն անհնար է։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ այստեղից»։
Քաղաքագետը չի բացառում, որ այս որոշման դիմաց Մոսկվան Երևանից զիջումներ ստացած լինի։ Ասում է՝ դա պարզ կլինի առաջիկա օրերին, երբ մանրամասներ հայտնի դառնան։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն առավել կարևոր է համարում հայ-իրանական սահմանային անցակետի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը «աշխարհաքաղաքական ասպեկտով և ռեգիոնալ երանգների համատեքստում»։ Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաձայնությունը կայացել է հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանում կայանալիք Պուտին-Փեզեշքիան առաջին հանդիպումից օրեր առաջ:
«Հոկտեմբերի 22-24-ին պետք է լինի ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որին մեկնելու է նաև Իրանի նախագահը: Փաստորեն ստացվում է, որ Պուտինը և Փեզեշքիանը «չեն համբերում» 10 օր և նրանց առաջին հանդիպումը լինում է ոչ թե Ռուսաստանում, այլ Թուրքմենստանում: Սա նշանակում է, որ կա քննարկելու էական հարց, եթե «չեն համբերում» մինչև Կազան»,- պարզաբանում է Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական բովանդակությամբ սա ոչ թե հայ-ռուսական, այլ ռուս-իրանական համաձայնություն է․
«Ռուսաստանն, ըստ էության, «դուրս է գալիս» Հայաստանի և Իրանի «արանքից»: Սա ժեստ է Իրանին, վստահության էական ժեստ, որովհետև աշխարհաքաղաքական իմաստով ՌԴ-ն Իրան-Հայաստան հաղորդակցությունը վստահում է ոչ թե ՀՀ-ին, այլ Իրանին»։
Վերլուծաբանի խոսքով՝ այդ ժեստն արվում է Փեզեշքիանի հետ հանդիպումից առաջ, ինչը նշանակում է՝ Մոսկվան այդ հանդիպմանը սպասում է «պատասխան ժեստ» Թեհրանից։
«Ի՞նչ տեսքով՝ ռուս-իրանական պայմանագրի ստորագրմա՞ն, Կազանի գագաթնաժողովո՞ւմ, թե՞ մերձավորարևելյան իրողություններին առնչվող ներկայիս իրադարձությունների համատեքստում: Իսկ գուցե՞ Իրանին վստահության ժեստ՝ Կովկասի առնչությամբ որևէ հարցում համաձայնության դիմաց: Միարժեք, իհարկե, բարդ է ասել»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսները կլքեն ՀՀ-Իրան անցակետը