«Բաքուն ուզում է, որ Երևանն ընդունի իր հեգեմոնիան»․ հայ քաղաքագետ
Բաքվի վերջին պահանջները
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև միջազգային հանրությունը պարբերաբար հայտարարում են, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին որևէ բան դեռևս չի հաղորդվում։
Բաքուն հրաժարվում է հայկական կողմի առաջարկից, այն է՝ ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը՝ մյուսները թողնելով ապագային, ներկայացնում է նոր պահանջներ համաձայնագրի ստորագրման համար։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ սրվում է ադրբեջանական կողմի հռետորաբանությունը։ Օրերս նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ-ին հորդորել է «վտանգավոր խաղերի մեջ չներքաշվել, չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմներն ու կապիտուլյացիան»։
Բաքվից հնչող այս հայտարարությունները Երևանում հարցեր են առաջացնում՝ արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ճանաչելու պայմանավորվածություններից և առհասարակ՝ խաղաղության օրակարգից։
«Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար»,- այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Երևանը նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև օրեր առաջ՝ արձագանքելով Իլհամ Ալիևի սպառնալիքներին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այն անվանել էր «ստահոդ քարոզչական հայտարարություն»։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ պայմանավորված միջազգային իրադրությամբ (Իրան-Իսրայել հակամարտության սրում, ՌԴ-Ուկրաինա ճակատում ռուսների որոշակի առավելություն, նախընտրական իրավիճակ ԱՄՆ-ում)` Իլհամ Ալիևն ունի Հայաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու, ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ խոսելու հնարավորություն, ինչից էլ օգտվում է։ Մյուս կողմից նկատում է՝ Ադրբեջանը նեղսրտում է, որ ՀՀ-ն մինչև վերջ չի համաձայնում իր պայմաններին։
«Բաքուն ուզում է ՀՀ-ն ընդունի, որ Ադրբեջանի հետ համադրելի պետություն չէ, և պետք է տարածաշրջանում հետևի Ադրբեջանի քաղաքական կուրսին։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է դառնա հեգեմոն պետություն։ Սա չի ընդունում Երևանը, միջազգային հանրության մեծ մասը, ինչն էլ նյարդայնացնում է Ալիևին»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Ի՞նչ պահանջներ է հնչեցնում Բաքուն
Փոխել Հայաստանի Սահմանադրությունը
Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական խոչընդոտը երկրի Սահմանադրությունն է։ Բանն այն է, որ փաստաթղթում հղում է արվում 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որի առաջին պարբերությունում էլ հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և ԼՂ-ի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Երևանը սահմանադրական փոփոխությունների հարցը համարում է իր ներքին գործը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը, որոնք վերաբերում են Ադրբեջանին»։ Ըստ նրա՝ Բաքվի խնդիրն է ապահովել, որ կնքվելիք խաղաղության պայմանագիրը «բացառի ցանկացած տարածքային հավակնություն, ագրեսիա կամ ռազմական գործողություններ, նույնիսկ տեսական մակարդակով»։
Համատեղ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի ղեկավարությունը հիմնականում խոսում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հետ մեկտեղ։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ եթե Հայաստանը չհամաձայնի համատեղ դիմել Մինսկի խմբի լուծարման համար, կնշանակի, որ «շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ»։
Սահմանափակումներ կիրառել ՀՀ ԶՈՒ նկատմամբ
Վերջին շրջանում Բաքուն պարբերաբար խոսում է ՀՀ «ռազմականացման» մասին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնիսկ հայտարարել է, թե Հայաստանը «օկուպանտ և ագրեսոր երկիր է» և հավելել՝ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»: Այդ մեղադրանքները Երևանն անհիմն է համարում և նույնիսկ ծիծաղելի է հայտարարում՝ յուրաքանչյուր երկիր ունի զինված ուժեր ունենալու և ինքնապաշտպանվելու իրավունք։
Դադարեցնել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը
Սեպտեմբերի սկզբին Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն ակնկալում է՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի երկկողմ հիմունքներով։
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմի սահմանի մոտ: Եկել է ժամանակը՝ դադարեցնելու այս առաքելության գործունեությունը»,- շեշտել էր Հաջիևը։
Հետ կանչել Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը
Այս առաջարկը ՀՀ ղեկավարությունը պատրաստ է քննարկել, սակայն պայմանագրի ստորագրումից հետո։
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, էլ ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ»։ Հայ իրավապաշտպանները հարցի քննարկումը մտահոգիչ են համարում և հայտարարում՝ «իրավունքի պաշտպանությունը չի կարող ստորադասվել խաղաղությանը»։
Պատժել բոլոր «ռազմական հանցագործներին»
Օրեր առաջ Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։ Նա Հայաստանին մեղադրել է ապակառուցողական լինելու մեջ։
«Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,- X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու հավելել, որ «օկուպացիայից ազատագրված» գյուղերից մեկում նոր զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։
Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ ո՞վ է որոշում՝ պատերազմի ժամանակ ինքնապաշպանություն, թե հանցագործություն է տեղի ունեցել։ Ավելին, նա կարծում է՝ հնարավոր չէ համոզված լինել, որ հայտնաբերված գերեզմանում հենց ադրբեջանցիներ են թաղված։
Բաքուն շրջանառում է նաև «Արևմտյան Ադրբեջան» թեզը
Ադրբեջանում տևական ժամանակ է՝ խոսում են ադրբեջանցիների՝ «հայրենիք» վերադառնալու իրավունքի մասին։ Հարկ է նկատել, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Իլհամ Ալիևն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները նկատի ունեն ողջ ՀՀ տարածք՝ ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանը։ Հայ փորձագետները կարծում են, որ այդ խոսույթը նշանակում է, որ ադրբեջանական կողմը «չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկները
Տարեսկզբին Հայաստանն Ադրբեջանին առաջարկեց սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ եթե «անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, այս բոլոր հարցերը կարելի է հասցեագրել»։
ՀՀ Զինված ուժերին հրադադարի խախտման մեջ մեղադրելու Բաքվի փորձերի ֆոնին՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հունիս ամսին հանդես եկավ մեկ այլ առաջարկով՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նկարագրեց, թե իրենից ինչ կարող է ներկայացնել այդ մեխանիզմը։
«Դա կարող է լինել քննչական կամ այլ մարմին, որը կհետաքննի դեպքերը և վերջնական եզրահանգման կգա։ Մենք ու միջազգային հանրությունը վստահելի տվյալներ կունենանք, կիմանանք՝ այդպիսի դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։
Պաշտոնական Բաքուն հայկական կողմի այս առաջարկները չընդունեց։
Ավելի վաղ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել էր նաև զորքերի հայելային հետքաշում, սահմանային գոտիների ապառազմականացում։ Այս առաջարկները նույնպես անարձագանք են մնացել։
Խաղաղության պայմանագրից դուրս քննարկվում է երկու խնդրահարույց հարց
2024 թ․-ի օգոստոսի սկզբին Ադրբեջանը հայտնեց, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Երևանն ու Բաքուն հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածություն են ձեռք բերել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Ադրբեջանը, սակայն, հիշատակում է միայն այն հաղորդակցությունը, որն անհրաժեշտ է իրեն՝ ճանապարհ դեպի Նախիջևան։
Այդ ճանապարհը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք», ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի արտատարածքային և չվերահսկվի Հայաստանի կողմից։ Հայկական կողմի համար դա կարմիր գիծ է։
Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացել հաղորդակցությունները, սակայն գործընթացը պետք է կազմակերպվի երկրի իրավազորության ներքո։
Խաղաղության պայմանագրից դուրս է քննարկվում նաև սահմանազատման և սահմանագծման հարցը։ Կա արտգործնախարարների մակարդակով եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) խումբ, որն էլ համակարգում էր աշխատանքները։
Սակայն այժմ գործընթացը երկկողմանի է։ Դեռևս սահմանազատվել է միայն Տավուշ-Ղազախ հատվածը՝ սահմանի 12,6 կմ-ը։ Դա կողմերն անվանեցին պիլոտային ծրագիր, որի հիման վրա էլ հետագայում կազմվեց և համաձայնեցվեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։
ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է դրա սահմանադրականությունը, այն ուղարկվելու է խորհրդարան՝ վավերացման։ Ադրբեջանը փաստաթղթի ներպետական վավերացման գործընթացի մասին որևէ բան չի հաղորդել, չի հրապարակել նաև կանոնակարգի տեքստը։
Ալիևը ՀՀ-ին մեղադրում է զինվելու մեջ, բայց խոսում Ադրբեջանի «ռազմական ուժի ավելացման» մասին
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջաբրայիլում, Հայաստանին նախազգուշացրել՝ «դադարեցնել վտանգավոր խաղերը»։
«Մի կողմից խոսում են խաղաղությունից, մյուս կողմից՝ զանգվածաբար զինվում։ Ո՞վ է նրանց զենք տալիս՝ Ֆրանսիան ու նրա նման հակաադրբեջանական երկրները»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե այդ զենքն անվճար է տրամադրվում, այնինչ ՀՀ-ն այն ձեռք է բերում՝ համաձայն Ֆրանսիայի հետ կնքած ռազմատեխնիկական համաձայնագրի։
Ալիևը խոսել է նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման մասին՝ հայկական կողմին հորդորելով չմոռանալ «պատերազմի և հակաահաբեկչական գործողության» մասին։
«Մենք մեր ուզածին հասանք՝ առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկին հաշվի չառնելով»,- շեշտել է նա։
Սպառնալից հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանի ամրապնդումը տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս շարունակվելու է նաև առաջիկայում։ Հավելել է՝ «մեր քաղաքական կշիռն ու ռազմական ուժը տարեցտարի միայն ավելանալու է»։
Երևանի արձագանքը․ «Որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունենք»
Արձագանքելով Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է՝ ՀՀ-ն որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է բոլորի տարածքային ամբողջականությունը, տարածքային պահանջներ չունի։ Ըստ նրա՝ այդ պնդումները հերքել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ ճանաչելով սահմանազատման կանոնակարգի համապատասխանությունը երկրի մայր օրենքին։
«Հայաստանը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի։ Սահմանազատման կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները»,- նկատել է նա։
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև ՀՀ զենքի ձեռքբերումների վերաբերյալ շեշտադրումներին և նշել՝ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով․
«Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»։
Բադալյանի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ հարց է ծագում, թե ինչու՞ է Ադրբեջանը նման շեշտադրումներ անում, մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ։
«Այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ ՀՀ դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար»,- ընդգծել է նա։
ԱԳՆ խոսնակն արձագանքել է նաև Այխան Հաջիզադեի՝ իր հարցազրույցից հետո արված մեկնաբանություններին։
«Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում»,- նշել է նա։
Շեշտել է՝ ՀՀ-ն հարձակողական օրակարգ չունի, իսկ Բաքուն հանդես է գալիս գրեթե ամենօրյա սպառնալիքներով, բացի այդ, անպատասխան է թողնում սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը։
Խոսելով Բաքվում կայանալիք COP-29-ի մասին՝ հիշեցրել է՝ ՀՀ-ն աջակցել է այն Ադրբեջանում կազմակեպելու որոշմանը որպես «կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք», և չէր ցանկանա, որ այն օգտագործվեր հակառակ նպատակով:
«Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ»,- նկատել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանի նախագահն ունի հոխորտալու, բայց ոչ էսկալացիայի շարժառիթ։
«Եթե խնդիրը, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, ապա ներկայիս միջազգային իրավիճակում դա կարծես թե հնարավոր չէ՝ կապված, առաջին հերթին, ԱՄՆ, Եվրոպայի և Իրանի դիրքորոշումների հետ»,- ասում է նա։
JAMnews-ի հետ զրույցում Ղևոնդյանը նշել է՝ այնպես չէ, որ ռազմական գործողությունները տեղի են ունենալու մինչև Երևան։ Հավելել է, որ դժվար է պատկերացնում՝ 200-300 մետր առաջանալու դեպքում ինչպես են Երևանին ստիպելու համաձայնել Բաքվի բոլոր պահանջներին։
Քաղաքագետի գնահատմամբ՝ COP-29-ից հետո կա էսկալացիայի որոշակի հնարավորություն։
«Օրինակ՝ եթե Թրամփն ընտրվի կամ այլ աշխարհաքաղաքական իրողություններ տեղի ունենան, գուցե Բաքուն փորձի ռազմական գործողությունների միջոցով ստանալ ինչ-որ բան, ինչը չի կարողանում ստանալ առանց դրա»,- նշել է նա՝ առանց մանրամասնելու։
Չի կարծում, թե «ռազմական հանցագործներին պատժելը» Բաքվի հերթական պահանջն է խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այն դիտարկում է որպես COP-29-ից առաջ Երևանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ ուղղություն․
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է COP-29-ը վերածել ՀՀ-ին մեղադրելու, Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտման, պատերազմական ինչ-ինչ հանցագործությունների մասին առասպելներ պատմելու համար։ Եվ այս պահին հող է նախապատրաստում դրա համար»։
Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը կապված է ոչ թե այդ միջոցառման, այլ երկու այլ իրողությունների հետ։ Դրանք են՝
- ՀՀ կողմից Բաքվի հեգեմոնիան ընդունելը,
- ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները։
«Եթե նախագահ ընտրվի Քամալա Հարիսը, ապա շատ հնարավոր է՝ անցումային շրջանից հետո Բաքուն այլևս այդքան մեծ տարածություն չունենա խաղալու, և պայմանագիրը ստորագրվի նույնիսկ առանց հեգեմոնիան ընդունելու։
Եթե Թրամփը նախագահ դառնա և ԱՄՆ-ն լքի մեր տարածաշրջանը, ապա ՀՀ համար շատ դժվար կլինի դիմակայել Բաքվի ճնշմանը։ Առավել ևս, եթե դրան միանա նաև Ռուսաստանը, ինչպես մինչ այժմ է անում։ Թուրքիան էլ այդ ժամանակ լավագույն դեպքում չեզոք կլինի։ Եվ Հայաստանը ստիպված կլինի գնալ զիջումների շատ-շատ հարցերում, այդ թվում՝ հեգեմոնիայի, որն ամենակարևորն է Բաքվի համար»,- պարզաբանել է նա։
Ղևոնդյանի խոսքով՝ երկու դեպքում էլ Բաքուն խոշոր հաշվով կորցնելու որևէ բան չունի, դրա համար էլ ժամանակ է ձգում։
Քաղաքագետն ասում է՝ Բաքուն ձգտում է Ադրբեջան-Հայաստան աստիճանակարգություն հաստատել։ Ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը։ Շեշտում է՝ ադրբեջանական կողմը փորձում է այդ կերպ բացառել նաև ՀՀ կողմից «ռևանշիզմի կամ ինչ-որ տարածքային հավակնությունների» դրսևորումները․
«Եթե ՀՀ-ն ընդունի, որ Ադրբեջանն իր քաշային կարգում չէ, շատ ավելի բարձր է, տարածաշրջանում հեգեմոն պետություն է, ապա հետագայում, ըստ Բաքվի տրամաբանության, չի կարողանա, կվախենա ինչ-որ հավակնություններ ունենալ»։
JAMnews-ը Ղևոնդյանից հետաքրքրվել է՝ արդյոք ադրբեջանական կողմը ձգտում է, որ դա արձանագրվի խաղաղության պայմանագրում։ Ըստ նրա՝ խոսքը վերբալ մակարդակի՝ չգրված պայմանավորվածությունների մասին է։
«Սա այն մասին է, որ ՀՀ-ն պետք է ընդունի՝ Ադրբեջանը տարածաշրջանային հարցերում ունի գերակա իրավունք։ Սա կնշանակի, որ Ադրբեջանը կարող է սահմանել, թե ՀՀ-ն ինչքան զենք պետք է ունենա, իսկ Հայաստանը չի կարող նույնը պահանջել։ Կամ Ադրբեջանը կարող է որոշել, թե արտաքին քաղաքականության մեջ ՀՀ-ն ինչպիսի ռևերանսներ պետք է անի, որ ուղղություններով, ինչ վեկտորներով, իսկ Հայաստանը նույնը չի կարող պահանջել։ Եթե ՀՀ-ն համաձայնի այս աստիճանակարգությանը, ապա խաղաղության պայմանագրում ինչ-որ կետ գրել-չգրելու հարցում Ադրբեջանը կարող է զիջումների գնալ»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքվի վերջին պահանջները