«ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության համար»․ Փաշինյան
ՀԱՊԿ-ը՝ ՀՀ գոյության սպառնալիք
Ինչքան ՀԱՊԿ-ում չեն հնչում Հայաստանի հարցերի պատասխանները, այդքան ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից, մեծ է հավանականությունը, որ կանցնի անդառնալիության կետը, և որևէ մեկը Երևանին «մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման արձանագրում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում [Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական դաշինք] ոչ միայն այն պատճառով, որ կառույցը չի կատարում իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, այլև այն պատճառով, որ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար»։
Արձաքանգելով ՀԱՊԿ վերադառնալու մասին Մոսկվայից հնչող կոչերին՝ նկատել է՝ Հայաստանն իր անդամակցությունը կվերականգնի միայն այն ժամանակ, երբ ստանա սպառիչ պատասխաններ այն հարցերի վերաբերյալ, որոնք հնչեցրել է դեռևս երկու տարի առաջ։
Պանելային քննարկման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունները՝ հակիրճ
«Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել ՀՀ անվտանգությունը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմունքն է։ Ասում է՝ իր համար անվտանգություն ի վիճակի է ստեղծել միայն ՀՀ-ն՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում․
«Անվտանգության միայն մի երաշխիք կա՝ խաղաղությունը։ Այլ երաշխիք չկա։ Մեր կառավարության քաղաքականությունն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով հանդերձ դրա դժվարությունները»։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ՝ մինչ այս որդեգրած անվտանգային ճարտարապետության վերաբերյալ եղել է հետևյալ ընկալումը․ կարող ենք ունենալ կոնֆլիկտներ, փակ սահմաններ, լարված հարաբերություններ, բայց հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցներն ու բարեկամները «մեր մեջքին կկանգնեն, որպեսզի տարածաշրջանում ում հետ, ինչ տոնայնությամբ ուզենք, խոսենք»։
Ասում է՝ մեր մտքով չի անցել կամ չենք բարձրաձայնել, որ դաշնակից կամ բարեկամ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը, իսկ հայկական գործոնը նրանց քաղաքականության մեջ առաջնային չէ, ոչ էլ երկրորդական կամ նույնիսկ հինգերորդական․
«Մեր մտքով չի անցել, որ այս ճարտարապետության մեջ կա կոնստրուկցիոն սխալ․ այդ երկրներն, իրենց շահերի բերումով, ինչպես կուզեն՝ կվարվեն մեզ հետ՝ երրորդ երկրների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար»։
«Հայաստանն այս պահին ԲՐԻԿՍ-ի հետ ինտեգրվելու օրակարգ չունի»
ՀՀ վարչապետը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ը Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
«Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Կազանում, և ընդունել եմ հրավերը»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Նշել է, որ ՀՀ-ն այդ գագաթնաժողովին մասնակցելու է առաջին անգամ, բայց նաև ընդգծել՝ Երևանն այս պահին «ԲՐԻԿՍԻ-ի հետ ինտեգրվելու օրակարգ չունի։
«Եթե ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրական հնարավորություն լինի, պահը բաց չենք թողնի»
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու միությանն անդամակցելու հավականությանը՝ Փաշինյանը նկատել է՝ խոսքը ոչ միակողմանի, ոչ էլ երկկողմ գործողության մասին չէ։ Ըստ նրա՝ որևէ խնդիր ձևակերպելիս պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի դրա լուծման ճանապարհին ժողովրդի շրջանում նոր հիասթափություններ չառաջանան։
Փաշինյանի գնահատմամբ՝ պետք է նաև «ֆիզիկապես պատկերացնել ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին»․
«Այստեղ շատ կարևոր է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպես կզարգանան»։
Հերթական անգամ հայտարարել է՝ Երևանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է, այն մոտեցնում է երկիրը ԵՄ, ԱՄՆ և արևմտյան գործընկերներին։ Բայց նաև հավելել է՝ «որևէ պարագայում ժողովրդավարությունը չպետք է հակադրենք տարածաշրջանին և մեր տարածաշրջանային քաղաքականությանը»։
Վարչապետի դիտարկմամբ՝ թափանցիկ պետք է լինեն ինչպես ԵՄ հետ կապված Հայաստանի անելիքները, այնպես էլ Եվրամիության գործընկերների մտադրությունները․
«Չեմ կարող բացառել, որ եթե մենք տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու շատ, թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում՝ կառավարելի պահելով հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը բաց չենք թողնի»։
«ՀՀ-ից օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դրել»
Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, իբր, ՀՀ ռազմականացման մասին՝ խոսելով մինչև անգամ երկրի զենքի գնումները սահմանափակելու մասին։ Արձագանքելով Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ Հայաստանը տարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն է զարգացնում, ստեղծում պրոֆեսիոնալ բանակ, բայց ՀՀ զինված ուժերի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։
«Մենք ասում ենք՝ 29․743 քկմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը, իրավունք, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ընդ որում, նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը։ Եվ մենք այս պարտավորությունները կատարելու ենք»,- պարզաբանել է նա։
Ընդգծել է՝ ՀՀ-ը ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ մեկից տարածքային պահանջներ չունի․
«Այո, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»։
Կառավարության ղեկավարը կարծում է, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի համաձայնեցրած կանոնակարգը հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ «սահմանազատման գործընթացում բանակցային եղանակով կկարողանանք այդ տարածքները վերադարձնել»։
Հայաստանն ապագայում գազ կներկրի՞ Ադրբեջանից
Գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև երկրի էներգետիկ անվտանգությանը։ Հիշեցրել է՝ Հայաստանը գազ է ներկրում Ռուսաստանից, Իրանից։
«Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում, օրինակ` դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»,- նկատել է նա։
Ապաշրջափակվող ճանապարհը չպետք է «ստորադասի ՀՀ ինքնիշխանությունը»
Կառավարության ղեկավարը նշել է, որ երբ հայկական կողմը խոսում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին, Ադրբեջանն արձագանքում է՝ ասելով, որ «եթե Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը»։
«Ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանն ուզում է և պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել այդ նույն անցումները, ինչ Իրանը։ Ավելին՝ մենք չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և դա ընկալում ենք երկկողմանիության տրամաբանության մեջ»,- մանրամասնել է նա։
Շեշտել է՝ ՀՀ-ով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու Երևանի պատրաստակամության մասին է վկայում նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․
«Ի՞նչ սկզբունքներով։ Ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, ինչպես աշխարհի բոլոր երկրներում»։
«Թուրքիայում ընկալումների որոշակի փոփոխություն է տեղի ունենում»
«Ես ինձ կդնեմ դիտորդի դերում, ով հետևում է Թուրքիայում տեղի ունեցող քննարկումներին։ Ես չեմ ասի, որ շատ մեծ, բայց որ որոշակի ընկալումների փոփոխություն տեղի է ունենում Թուրքիայում, դա ակնհայտ է»,- նշել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանի խոսքով՝ չի կարելի թերագնահատել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցող քննարկումներն ու բանակցությունները։ Ըստ նրա՝ դրանք «գործնական, հողի վրա մեծ արդյունք չունեն», բայց շատ կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։
Ասում է՝ այն, ինչ նախկինում հրապարակային հայտարարությունների միջոցով էր քննարկվում, հիմա հնարավոր է դարձել քննարկել և պարզաբանել նաև դիվանագիտական խողովակներով, ինչը «չի կարող եղանակ չփոխել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԱՊԿ-ը՝ ՀՀ գոյության սպառնալիք