«ՀՀ հետ ռազմական համագործակցությունը էսկալացիայի նպատակ չունի»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Միրզոյան-Սեժուրնե ճեպազրույց Երևանում
«Հայաստանն ուզում է խաղաղություն, Ֆրանսիան ուզում է խաղաղություն, միջազգային հանրությունն ուզում է խաղաղություն։ Եվ քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP-29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում են հասնել այդ խաղաղությանը նախքան COP-29-ը»,- Երևանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նրա կարծիքով՝ կողմերը պետք է կարողանան խաղաղության պայմանագրի հարցում առաջ շարժվել «շատ արագ»։ Սեժուրնեի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության տարածք, ինչը, իր հերթին, կբերի նաև «առևտրի զարգացում և բարգավաճում»։
Սա արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Սեժուրնեի առաջին այցն է Հայաստան։ Նա երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել ճեպազրույցով։
Կարևոր հայտարարությունները՝ հակիրճ
«Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»
Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսպիսի արձանագրում է արել․
«Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրմանը մի պայմանագրի, որը արդար և կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։ Սա 1991 թ․ Ալմա-Աթայում ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է»։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի գնահատմամբ՝ շատ կարևոր է նշված սկզբունքների հիման վրա խաղաղության հաստատումը, երբ այդ նույն սկզբունքները «ոտնահարվում են ՌԴ կողմից Ուկրաինայում»։
Ստեֆան Սեժուրնեն կարևորել է նաև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Հիշեցրել է օգոստոսին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի համաձայնեցման մասին և հավելել, որ «ձեռքբերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ է [առաջ] գնում»։
Ասում է՝ Փարիզն աջակցում է նաև Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․
«ՀՀ-ն շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի միացման, հաղորդակցության համար, բնականաբար, հարգելով յուրաքանչյուրի սուվերենությունը»։
«ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր տարածքն ու բնակչությանը»
Սեժուրնեն խոսել է տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության մասին, առանձին անդրադարձել պաշտպանության ոլորտին ու շեշտել, որ «բարեկամների միջև այդ բնագավառում համագործակցությանը բնական է»․
«Մենք դա անում ենք սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, իր տարածքը, իր բնակչությանը»։
Հայտնել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունում ստեղծվել է նոր պաշտոն, նշանակված անձն ուղեկցում է իրեն երևանյան այցի շրջանակներում։ Այդ պաշտոնյան, ըստ նրա, պատասխանատու է լինելու ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ծրագրերի համար։
«Կշարունակենք աջակցել ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանը»
Համագործակցության մյուս ոլորտներից Սեժուրնեն առանձնացրել է տրանսպորտը, հաղորդակցություններն ու տարածքային կառավարումը․
«Շուտով միջազգային տեխնիկական փորձագետ կուղարկվի Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցելու գերատեսչության աշխատանքներին»։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Փարիզը կշարունակի աջակցել ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանը, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարմանը։
Նախօրեին Սեժուրնեն հայաստանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այցելել է Վեդիի ջրամբար, ծանոթացել դրա կառուցման աշխատանքներին։ Ջրամբարը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Ճեպազրույցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ ծրագրի իրագործումը թույլ կտա «ավելի լավ ոռոգում կազմակերպել և բարելավել այդ տարածքի գյուղատնտեսական իրավիճակը»։
«Չնայած ՌԴ սպառնալիքներին՝ Հայաստանը շարունակում է իր ժողովրդավարական ուղին»
«Չնայած սպառնալիքներին, ակնհայտ թշնամանքին, որ Ռուսաստանը դրսևորում է, ցանկանում է ճնշել, ՀՀ-ն շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն, դեպի ազատություն»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը։
Վստահեցրել է՝ Ֆրանսիայի աջակցությունը հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը կշարունակվի և հավելել՝ «մենք աջակցում ենք բոլոր երկրներին, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարական արժեքների»։ Սեժուրնեի փոխանցմամբ՝ հենց դա է պատճառը, որ Ֆրանսիան Ուկրաինային աջակցող երկրների առաջին շարքերում է։
Արտգործնախարարի խոսքով՝ ՀՀ-ին աջակցություն տրամադրելու հարցում համակարծիք են Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչները․
«Շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են, կարելի է ասել՝ ՀՀ-ն այդ թեմաներից մեկն է»։
«ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի»
Ստեֆան Սեժուրնեի դիտարկմամբ՝ Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությունը պետք է լինի շարունակական, քանի որ այն ապահովում է թափանցիկություն և նվազեցնում է ռիսկերը։ Վստահեցրել է՝ ֆրանսիական կողմը ՀՀ-ին կաջակցի նաև եվրոպական հարթակներում։
«Ֆրանսիան ամեն ինչ արել է, որ ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունները զարգանան և խորանան։ Օրինակը վիզաների ազատականացումն է։ ԵՄ-ն և ՀՀ-ն պաշտոնապես մեկնարկեցին երկխոսությունը։ Սա կարևոր առաջխաղացում է, առաջընթաց՝ հօգուտ մեր ժողովուրդների մերձեցման»,- շեշտել է նա։
Ի՞նչ է հայտարարել Հայաստանի արտգործնախարարը
Արարատ Միրզոյանը կարևորել և բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Փարիզի աջակցությունը․
«Ուզում եմ մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր»,-ընդգծել է նա։
Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է՝ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիր Բաքվի հետ։
Միրզոյանի գնահատմամբ՝ ՀՀ-ն ու Ֆրանսիան ունեն «ջերմ և ամուր գործընկերություն», «առանձնաշնորհյալ հարաբերություններ»․
«Դրանց հիմքում ընկած է մի շատ ուժեղ շարժիչ ուժ, որն ամուր բարեկամությունն է երկու ժողովուրդների, երկու երկրների կառավարությունների միջև»։
Կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցում։ Օրինակ է բերել Եվրամիության վերջին որոշումները՝ ՀՀ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունն ու ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ տարածքում։ Այդ ամենն, ըստ նրա, եղել է նաև Ֆրանսիայի ամուր աջակցության շնորհիվ։
Հայաստանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ հայ-ֆրանսիական գործակցությունը բոլոր ոլորտներում է՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն ու մշակույթ։ Նա նույնպես խոսել է Վեդիի ջրամբարի մասին, ասել, որ այն շուտով կհանձնվի շահագործման։
«Սա Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության, բարեկամության շատ կոնկրետ օրինակ է, բայց սա մեր օրակարգում եղած ծրագրերից մեկն է միայն։ Հուսանք՝ առաջիկայում այդպիսի նոր դրսևորումներ կտեսնենք»,- նշել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Միրզոյան-Սեժուրնե ճեպազրույց Երևանում