«Բաքուն օգտագործում է գերիներին՝ որպես Հայաստանի վրա ճնշման լծակ»․ կարծիք Երևանից
ԼՂ նախկին ղեկավարների գործերը՝ Բաքվի դատարանում
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն առաջիկայում կներկայացվեն դատարան։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Բաքուն ԼՂ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրել է ծանր մեղադրանքներ՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Այդ մեղադրանքներով նրանց սպառնում է տասնյակ տարիներից մինչև ցմահ ազատազրկում։
Պաշտոնական Երևանը նրանց շահերի պաշտպանության մասին սուղ տեղեկություններ է տրամադրում։ Միայն հայտարարվում է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է տանում գերիների վերադարձի ուղղությամբ։ Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը JAMnews-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կան «բանակցություններ, խոսակցություններ» գերիների վերադարձի թեմայով, սակայն դա այն հարցը չէ, որ պետք է բարձրաձայն քննարկել, քանի որ դա միայն «կվնասի գործին»։ Մյուս կողմից նկատել է՝ Ադրբեջանը չի շտապում որևէ որոշում կայացնել, որևէ կարգավորման գնալ գերիների հարցով։
«Բաքուն օգտագործում և շարունակելու է դա օգտագործել որպես Հայաստանի վրա ճնշման լծակ բուն բանակցային պրոցեսում։ Այդ հարցը կարող է որոշակի կարգավորման հասնել ավելի լայն կարգավորման [խաղաղության գործընթացի] շրջանակներում»,- շեշտել է նա։
Քանի՞ հայ գերի է պահվում Բաքվում
Բաքվում են պահվում Լեռնային Ղարաբաղի 8 նախկին պաշտոնյաներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Ադրբեջանական կողմը նրանց ձերբակալել և, ինչպես պնդում են հայ իրավապաշտպանները, կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո։
Պաշտոնական Բաքուն հաստատում է միայն 23 հայ գերիների առկայությունը։ Հայ իրավապաշտպանները հերքում են նաև այս թվերը։ Պնդում են՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց իրական թիվը շատ ավելի մեծ է։
Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Օրերս կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները Հայաստանի վարչապետից հետաքրքրվել էին, թե «ի՞նչ է անում Փաշինյանը, որ Արցախի նախկին ռազմական ու քաղաքական ղեկավարները դուրս գան Բաքվի բանտերից և ՀՀ վերադառնան, արդյո՞ք երբևէ ուղիղ այդ մասին խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ»։ Փաշինյանն իր պատասխանին, որ գերիների հարցը քննարկվում է Ադրբեջանի հետ, հավելեց հարցադրումներ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։
«Ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել էդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով ու վերջում ասեց՝ գիտե՞ք ինչ, մենք էդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է»,- ընդգծել էր Փաշինյանը։
Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվեց ու Արցախ տեղափոխվեց 2022 թ․-ի սեպտեմբերին։ Քաղաքական շրջանակներում շատերն էին նրա՝ ԼՂ գալը կապում Մոսկվայի հետ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց ամիսներ անց հայտարարեց, որ Ռուսաստանը նրա հետ որևէ կապ չունի։ Ադրբեջանական կողմը պարբերաբար պահանջում էր, որ Վարդանյանը լքի պետնախարարի աթոռը։ Դա տեղի ունեցավ Արցախի շրջափակումից երկու ամիս անց։
«Փաշինյանի հարցադրումներն իրավական նշանակություն չունեն»
Եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետի՝ ասուլիսում հնչեցրած հարցադրումները դեռևս չեն ենթադրում, թե դա է ՀՀ կառավարության «ընդհանրական դիրքորոշումը»։
«Ես որևէ կերպ չեմ ընկալում խոսքը այն կոնտեքստում, որ այն ուղերձ էր, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն, կամ այս գործոնների պարագայում նրանք չեն հիմնական հասցեատերը պարտականությունների, կամ որ հրաժարվում են այդ գործընթացները իրականացնել, և այլն»։
Ասում է՝ Փաշինյանի հայտարարություններն ունեն քաղաքական, ոչ թե իրավական նշանակություն․
«ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձ ունի հայրենիք վերադառնալու իրավունք։ Եվ այս իրավունքի իրացման առնչությամբ քաղաքացիության երկիրը պետք է ձեռնարկի դրական գործողություններ։ Այդ գործողությունները ձեռնարկել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- պարզաբանել է նա։
«Ազատության» եթերում Սահակյանը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարներին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է առաջադրել, նրանց մինչև անգամ ցմահ ազատազրկում է սպառնում։
Շեշտել է՝ չունի ակնկալիք, թե Բաքվում հնարավոր կլինի ապահովել Արցախի նախկին պաշտոնյաների շահերի պաշտպանությունը։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը խնդրահարույց է որակում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը․
«Պարզ չէ, թե նման հայտարարություններից հետո ինչպես պետք է պետությունը զբաղվի այդ մարդկանց վերադարձի հարցով։ Խնդիրը ոչ միայն Ռուբեն Վարդանյանն է, այլև բոլոր գերիներն ու պահվող անձինք։ Փաշինյանը դրանով բարդացնում է նրանց վերադարձի գործընթացը»։
Ասում է՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում նույն բառապաշարն էր օգտագործում Ադրբեջանի նախագահը, Ալիևը հայտարարում էր, թե «Վարդանյանին գործուղել» են։ Ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ երկրի վարչապետն առաջնորդվում է դավադրապաշտական մտածողությամբ և հրապարակային հայտարարություններ անում «առանց հստակ փաստեր ունենալու»։
«Սիրես, թե չսիրես Վարդանյանին, նրա գործունեության վերաբերյալ արցախյան հանրության շրջանում էլ բազմաթիվ հարցեր կան, բայց նա ՀՀ քաղաքացի է, որը գտնվում է հակառակորդ երկրում՝ գերության մեջ»,- Civilnet-ի եթերում շեշտել է Գրիգորյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե նույնիսկ «ՌԴ-ն է Վարդանյանին Արցախ ուղարկել», նա ունի ՀՀ անձնագիր և պետության պարտավորությունն է զբաղվել նրա և մյուսների վերադարձի հարցով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ նախկին ղեկավարների գործերը՝ Բաքվի դատարանում