«Պետք է օգտագործենք թշնամության էջը փակելու պատմական պահը»․ ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանի այցը Կիպրոս
«Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»,- Կիպրոսում խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։
Միրզոյանը Նիկոսիայում է աշխատանքային այցով գործընկերոջ՝ արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հրավերով՝ մասնակցելու Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ։ Կարճ ելույթ է ունեցել նաև ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Համաժողովից հետո Կիպրոսի ԱԳՆ-ում կայացել է արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը, այնուհետև քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Նիստից հետո նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
ՀՀ և Կիպրոսի արտգործնախարարները Երևանում հանդիպել էին 4 ամիս առաջ՝ այս տարվա մարտին։ Ստորագրվել էր երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Երկօրյա այցով Երևան ժամանած Կոմբոսն այդ ժամանակ նաև հայտարարել էր․ «Հարկադրանքի և ուժի կիրառումը չեն կարող լինել երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք։ Մենք՝ իբրև միջազգային համայնք, պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային և աջակցել ՀՀ-ին թե քաղաքական տեսանկյունից, թե նյութապես»։
«Կիպրոսի հետ գործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի»
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Միրզոյանը համաժողովի ընթացքում կարճ ելույթ է ունեցել և տեղեկացրել, որ Կոմբոսի հետ պայմանավորվել են «լրացուցիչ խթանել» երկկողմ համագործակցությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը Կիպրոսի հետ ունի գերազանց հարաբերություններ և հավելել․
«Կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արտասովոր է համագործակցության դինամիկան և միմյանց դիրքորոշումների խորը ըմբռնումը»։
Հարցուպատասխանի ժամանակ մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության մասին։ Արտգործնախարար Միրզոյանն անդադարձել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին, արձանագրված ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին ու հեռանկարներին։ Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ նախարարը ներկայացրել է՝
- ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը,
- ժողովրդավարական բարեփոխումները,
- միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
Արարատ Միրզոյանը մատնանշել է առկա մարտահրավերները, որոնք «կրում են նաև տարածաշրջանային բնույթ»։ Խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին։ Տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում նախարարը հիշեցրել է Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս ամրապնդել գործընկերությունը
Լրագրողների հետ ճեպազրույցում այդ հարցը հնչեցրել է Հայաստանի արտգործնախարարը․
«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: Կարծում եմ՝ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար»։
Միրզոյանի գնահատմամբ՝ երկու երկրներն ընդլայնել են գործընկերությունն այն մակարդակի, որ «մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը պարզապես պարտադիր է»։
«Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ Ավելորդ է ասել, որ այն կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը»,- նշել է նա։
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել այն օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, բայց ոչ միայն դա։ Շեշտել է նաև Կիպրոսի դերակատարությունը ԵՄ խորհրդի կողմից ընդունված «պատմական որոշումների» կայացման գործում։ Խոսքը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումների մասին է։
Հիշեցրել է՝ պաշտոնական Երևանը միշտ համերաշխություն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի:
«Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը»
Արարատ Միրզոյանը շեշտել է՝ Հայաստանի այդ հանձնառությունն արտացոլված է նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու երկրի տեսլականում։ Կիպրոսի արտգործնախարարին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումները, կարևորել սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովումը՝ որպես հիմք ընդունելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։
Հայաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմի այդ դիրքորոշումը «հստակ և հետևողական» է։
«Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Դրանք դեռ ուժի մեջ են»,- պարզաբանել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արարատ Միրզոյանի այցը Կիպրոս