«Ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է». Փաշինյան
Փաշինյանը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին
Հայաստանի համար ժողովրդավարությունը հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն: Այսօր Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի ընթացքում նման արձանագրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վստահեցրել է՝ կառավարող մեծամասնությունը շարունակելու է այդ ռազմավարական ուղեգիծը։
ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումները բարձր են գնահատել ֆորումի մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրեն հերթին, օգտագործել են առիթն ու վարչապետին խնդրել դիտարկել Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը:
Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ եթե հարցը ժողովրդի կարծիքն իմանալն է, ինքը դա գիտի, այդ պատճառով էլ նախորդ տարի Եվրախորհրդարանում հայտարարել է՝ «Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։ Վարչապետն ընդգծել է, որ հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ ինքն այսօր չի կարող պատասխանել հետևյալ հարցին՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին:
Ֆորումի կարևոր դրվագները՝ հակիրճ
Առիթ՝ 2018-ից հետո առկա մարտահրավերները քննարկելու համար
Հայաստանի վարչապետի կարծիքով՝ ֆորումը լավ առիթ է 2018 թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի մասին խոսելու, առկա մարտահրավերները քննարկելու համար: Ասում է՝ ժողովրդավարության հայկական ֆորումը պետք է «արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ամրացնել և զարգացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում»:
Շեշտում է՝ վերջին 7-8 տարիների ընթացքում երկրում արձանագրված փոփոխությունները քիչ չեն:
«Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին են վերագրված: Հիմա, երբ ՀՀ քաղաքացիների հետ խոսենք ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, նրանց արձագանքը կլինի, թե այդ ինչի՞ մասին է խոսքը»:
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ նախկինում իբրև մարտահրավեր էր քննարկվում քաղաքական ուժերի կամ քաղհասարակության համար հավաքների ազատության կամ ակցիաների համար որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման հարցը:
«Տեղեր կային՝ ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այնքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին էր: Էլ չեմ ասում, որ անհնար էր երբեմն դահլիճներ վարձելը՝ քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար»,- պարզաբանել է նա:
Վարչապետի գնահատմամբ՝ անցյալում մնացած թեմաներ են նաև խոսքի և մամուլի ազատության ճնշումները:
Ձեռքբերումների մասին խոսելուց հետո վարչապետը հայտարարել է, որ ժողովրդավարության առումով դեռ աշխատանք կա կատարելու։ Մատնանշել է, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների «բավարար չափով քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված» չլինելը, իրավապահների կողմից ուժի կիրառումը, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի ընդլայնումը:
«Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու»,- նկատել է վարչապետը։
«Միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է՝ գլոբալ ժողովրդավարության մաս»․ Փաշինյան
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում ժողովրդավարության արձանագրած ամենատեսանելի հաջողությունն այն է, որ միջազգային հանրությունը ավելի ու ավելի շատ է երկիրն ընկալում որպես «միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս»:
Փաշինյանի գնահատմամբ՝ հստակ է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է: Ինքը՝ վարչապետն ուզում է երկրում տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն:
Կարծում է՝ ժողովրդավարության բերած օգուտները տեսանելի են, այն մեծացնում է պետության և հանրության դիմադրողականությունը: Վարչապետի խոսքով՝ հենց ժողովրդավարության շնորհիվ է Հայաստանը կարողացել անցնել դժվար ժամանակների միջով և հաղթահարել դրանք:
«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ՝ այսօր մենք անկախ պետություն չէինք ունենա: Պետք է արձանագրենք նաև, որ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ, արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, և մեզ արդեն պետք են ինստիտուցիոնալ լուծումներ»,- մանրամասնել է նա:
«Չնայած մարտահրավերներին՝ ՀՀ-ն հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային»․ ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել երկրում ժողովրդավարական գաղափարների տարածումն ու այդ հարցում կարևորել վարչապետ Փաշինյանի դերակատարությունը: Քրիստինա Քվինն իր ելույթում ընդգծել է, որ թեև Հայաստանը բախվել է մարտահրավերների՝ սահմանային միջադեպեր, ԼՂ փախստականների ներհոսք, բայց հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։
«ԱՄՆ-ն հպարտ է, որ այս ամենում աջակցում է Հայաստանին, էներգետիկայի, առևտրի և այլ որորտներում ևս»,— նշել է նա և հավելել, որ առաջիկայում մտադիր են թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ դարձնելով այն ռազմավարական գործընկերություն: Հույս է հայտնել, որ նման գործակցությունը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը.
«Ինչպես պարոն Բլինքենն է ասել՝ Ժողովրդավարությունը միակ ազդեցիկ գործիքն է մարդկային պոտենցիալն իրացնելու համար։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու, ազատ ու արդար ընտրությունների կայացման հարցում»:
«Քաղաքացիները հարցնելու են՝ ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում»
Արձագանքելով 4 արտախորհրդարանական ուժերի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին՝ Փաշինյանն ասել է, որ ինքը գիտի Հայաստանի քաղաքացիների կարծիքը: Ասում է՝ ժողովուրդն աջակցում է այդ գաղափարին, հակառակ դեպքում ինքը՝ որպես վարչապետ, այդ մասին հայտարարություն չէր անի Եվրախորհրդարանում:
Նրա դիտարկմամբ՝ հանրաքվեի համար նախ պետք է քարոզարշավ անել, որի ժամանակ էլ քաղաքացիները հարցնելու են ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։
«Ասելու են՝ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ: Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր: Ո՛չ, չեմ կարող տալ»,- հայտարարել է նա:
Վարչապետի խոսքով՝ այսօր Եվրամիությունում ընթանում են գործընթացներ, և Հայաստանը պետք է գնահատի դրանք։ Ըստ նրա՝ ԵՄ երկրներում տեղի են ունենում ընտրություններ, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին