Ընտրություններից ամիսներ առաջ Վրաստանում թոշակ են բարձրացնում, տուգանքներից ազատում
Վրաստանի կառավարության նախընտրական քարոզարշավը
Վրաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է ընտրություններից 60 օր առաջ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն ոչ պաշտոնապես սկսել է այն։ Այս մասին ասվում է Fair Elections (ISFED) ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցում։
Կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ արդեն իսկ հայտնաբերվել են նախընտրական նպատակներով պետական ռեսուրսների մոբիլիզացման և վարչական ռեսուրսների օգտագործման նշաններ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ «Վրացական երազանքը», որը ղեկավարում է երկիրը 12 տարի, կփորձի չորրորդ ժամկետով մնալ իշխանության ղեկին։
Նախընտրական սոցիալական ծրագրեր
ISFED-ի զեկույցում ասվում է, որ սովորաբար կառավարությունն ընտրություններից առաջ սկսում է իրականացնել լայնածավալ սոցիալական ծրագրեր: Բացահայտվել են պետական նախաձեռնություններ, որոնցում նկատելի են ընտրական նպատակներով վարչական ռեսուրսի օգտագործման նշաններ։
Զեկույցում թվարկված են կոնկրետ սոցիալական նախագծեր, որոնք կառավարությունը հանրայնացրել և մեկնարկել է 2024 թվականին։ Մասնավորապես՝
● 2024 թվականի փետրվարին կառավարությունը հանդես եկավ զինվորականների կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությամբ։ Մայիսի 1-ից նախկին ուժայինների կենսաթոշակները կհասցվեն հազար լարիի [մոտ 355 դոլար]։
● Պետությունն այս անգամ նույնպես դիմել է ընտրություններից առաջ տույժերից և տուգանքներից ազատելու պրակտիկային։ Քաղաքացիները, ովքեր տուգանվել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում ներդրված կանոնները խախտելու համար, կազատվեն վարչական տույժերից։
● 2024 թվականի ապրիլին վարչապետը հայտարարեց նաև հարկային պարտավորությունների ներման մասին։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գոյացած և չվճարված հարկերը կներվեն։ Ինչպես նշել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, օրինագծի ընդունումից հետո 145 հազար ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները՝ ընդհանուր 590 մլն լարի [մոտ 209 մլն դոլար] ամբողջությամբ կներվեն։
● 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ մինչև 2023 թվականը վարկեր վերցրած կենսաթոշակառուների համար տոկոսադրույքները կնվազեցվեն։ Նախաձեռնությունը կտարածվի ավելի քան 150 հազար տարեց մարդկանց վրա։
● 2024 թվականի փետրվարին կրթության, գիտության և երիտասարդության նախարարը հայտարարեց ուսանողների համար վճարովի պրակտիկայի ծրագրի մասին։
● Ընտրություններից առաջ աշխատավարձերի բարձրացումներ են արձանագրվել ամենակարևոր ոլորտներից մեկում՝ կրթության ոլորտում։ Աշխատավարձի նոր բանաձևը, որը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից և, ինչպես հայտարարվել է, կապահովի ուսուցիչների աշխատավարձի «աննախադեպ» բարձրացում։
ISFED-ի զեկույցում խոսվում է նաև ապրիլի 29-ին կառավարության կողմից կազմակերպված հանրահավաքի մասին՝ ի պաշտպանություն կառավարության քաղաքականության և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի։ Ասվում է, որ այդ ակցիային նախապատրաստվելիս «Վրացական երազանքն» ակտիվորեն օգտագործել է վարչական ռեսուրսները։
Հիմնական միտումները
Զեկույցի կարևոր հատվածներից մեկը պատմում է այն հիմնական միտումների մասին, որոնք ի հայտ են եկել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացված իրավիճակի գնահատման ժամանակ և որոնք Վրաստանում գոյություն չեն ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ։ Դրանք են՝
● Երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ իշխող կուսակցությունը կասկածի տակ դրեց արևմտամետ արտաքին քաղաքականության կուրսը և Վրաստանի Սահմանադրության մեջ ամրագրված եվրաինտեգրման այլընտրանքի բացակայությունը՝ այդպիսով փորձելով վերանայել հասարակության մեջ առկա եվրոպամետ կոնսենսուսը։
● Եվրամիության հետ մերձեցմանը զուգահեռ երկրում ակտիվացան հակաարևմտյան, այդ թվում՝ եվրոսկեպտիկ ուղերձները։
● Զեկույցում ասվում է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը կառավարությունն ընդունել է չնայած վրաց հասարակության մեծ մասի, Վրաստանի նախագահի, Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների բողոքներին և կոշտ քննադատությանը, էապես կբարդացնի տեղական դիտորդական կազմակերպությունների աշխատանքը, որոնք նախատեսում են հետևել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների ընթացքին։ Ավելին, որոշ կազմակերպություններ կարող են կանգնել իրենց գործունեության դադարեցման վտանգի առաջ։
● Զեկույցի հեղինակները կարծում են, որ ընտրությունների վրա էական ազդեցություն կունենա այն փաստը, որ Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները երկրի պատմության մեջ առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ իշխանությունների պատժամիջոցների տակ։
● Նշվում է նաև, որ ԼԳԲՏ համայնքի դեմ սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախաձեռնումը կառավարության ձեռնարկած այն քայլերից է, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները և վնասում եվրաինտեգրման գործընթացին։
● Շեշտվում է, որ խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում լրատվական միջավայրը կտրուկ վատթարացել է, սոցիալական մեդիան՝ կտրուկ բևեռացել։