Աբխազիայում մտադիր են հանել ռուս էքսկուրսավարների գործունեության արգելքը
Ռուս գիդերին կթույլատրեն աշխատել Աբխազիայում
Աբխազիայի կառավարությունը նախապատրաստում է համաձայնագիր, որը ռուս զբոսավարներին թույլ կտա աշխատել տեղական զբոսաշրջության ոլորտում: Աբխազ գիդերը կտրականապես դեմ են դրան, քանի որ վախենում են մնալ առանց աշխատանքի:
Աբխազական տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկատվության համաձայն՝ նախագահ Ասլան Բժանիան Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում՝ միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ կառավարության ներկայացուցիչների հետ պայմանավորվել է, որ մոտ ապագայում Աբխազիան կհանի ռուս զբոսավարների համար գործող՝ էքսկուրսիոն գործունեություն ծավալելու արգելքը։
Աբխազական էքսկուրսիոն ընկերությունները մտահոգված են այս հեռանկարով, քանի որ ի վիճակի չեն մրցակցել ռուսական ընկերությունների հետ։ Նրանք նույնիսկ հատուկ շտաբ են ստեղծել իշխանությունների այս նախաձեռնությանը հակազդելու համար։ Աշխատանքի առաջին ժամերի ընթացքում այդ շտաբին միացել են զբոսաշրջության ոլորտի ավելի քան հազար աշխատակիցներ։
- «Մեկուսացված հանգիստ». ռուս օլիգարխն Աբխազիայում «անկլավ» է կառուցում
- Բողոքի ակցիա՝ նվիրված Աբխազիայի Ազգային պատկերասրահում բռնկված հրդեհին
Աբխազական զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ էքսկուրսիաների մասնակիցների մեծ մասը զբոսաշրջիկներ են, ովքեր հանգստանում են մոտակա ռուսական հանգստավայրում՝ Սոչիում: Աբխազիայում նրանց անվանում են «մեկօրյա զբոսաշրջիկներ», քանի որ նրանք գալիս են ընդամենը մեկ օրով՝ տեսարժան վայրերը տեսնելու։ Միայն անցյալ տարի՝ 2023 թվականին, Աբխազիա է այցելել 1,2 միլիոն նման զբոսաշրջիկ։
Ամեն օր վաղ առավոտից մի քանի հարյուր էքսկուրսիոն ավտոբուսներ դուրս են գալիս Սոչիից և շարժվում դեպի Ռուսաստանի սահման, որտեղ նրանց դիմավորում են աբխազական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները։ Այնուհետև տեղացի զբոսավարները զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ են անցկացնում տարբեր երթուղիներով՝ սկսած խորհրդային ժամանակների ամենահայտնիներից (Ռիցա լիճ և Նոր Աթոսի քարանձավ) մինչև բոլորովին նորերը (օրինակ՝ Ինգուրի հիդրոէլեկտրակայան):
Աբխազիան մեծ ժողովրդականություն է վայելում ռուս զբոսաշրջիկների շրջանում, և, համապատասխանաբար, զբոսավարի մասնագիտությունն ամենապահանջվածն է երկրում:
Էքսկուրսավարների աշխատավարձը տեղական չափանիշներով բավականին արժանապատիվ է, և դա ավելի քան 700 մարդու (մոտ 250,000 բնակչությունից) մշտական աշխատանքն է: Իսկ ամռանը՝ զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին, էքսկուրսավարների թիվը կրկնապատկվում է ուսուցիչների հաշվին, ովքեր դպրոցական արձակուրդների ժամանակ այդ կերպ լրացուցիչ գումար են վաստակում:
Եվ այս բոլոր մարդիկ բացարձակապես չեն ցանկանում իրենց տարածք թողնել ռուս գործընկերներին:
«Ռուսական էքսկուրսիոն կազմակերպությունները շուկա դուրս կգան իրենց զբոսավարներով և տրանսպորտային միջոցներով, առաջարկի նման ծավալը ստվերում կթողնի փոքր և միջին բիզնեսում աշխատող տեղացի մասնագետներին», — ասված է աբխազական էքսկուրսիոն կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:
Նրանց իրականացրած հաշվարկների համաձայն՝ եթե վերացվի ռուսների՝ էքսկուրսիոն գործունեությամբ զբաղվելու արգելքը, ապա Աբխազիայի բնակչության 13 տոկոսը կմնա առանց ապրուստի միջոցի։