Ինչո՞ւ են Բաքուն և Մոսկվան նորից հիշել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը
Բաքուն՝ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին
Հայ փորձագետների գնահատմամբ՝ անսպասելի չէր, որ Պուտին—Ալիև հանդիպումից հետո Բաքվից և Մոսկվայից հնչում են հայտարարություններ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, որն ադրբեջանական կողմն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։
Շեշտում են՝ Ալիևը սիրաշահում է ՌԴ նախագահին, իսկ միջազգային հանրությանը ներկայացնում իրողությունների այլ պատկեր։
Փաստաթղթում «միջանցքի» մասին խոսք չկա
Ղարաբաղյան երկրորդ պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարությամբ, որն ընդունվեց 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին (լույս 10-ի գիշերը), սահմանվում է՝ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Միջանցքային տրամաբանության մասին, սակայն, որևէ խոսք չկա։
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել ճանապարհ, բայց այն պետք է լինի ՀՀ իրավազորության ներքո, այլ ոչ թե ռուս սահմանապահների, ինչպես պնդում են Բաքուն և Մոսկվան։
Դեռևս 2022 թ․-ի նոյեմբերին վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ շրջանառության մեջ է դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին։
«Որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևւանի հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից»,- հայտարարել էր նա։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակո՞ւմ է գործել
Ալիևը Մոսկվա էր ժամանել Պուտինի հրավերով։ Բանակցությունները կայացել են ապրիլի 22-ին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկրների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր։
Այդ հանդիպումից հետո Մոսկվան և Բաքուն սկսեցին ակտիվորեն խոսել նոյեմբերի 9-ի փաստաթղթի և դրա դրույթներից մեկի մասին, ըստ որի՝ պետք է ապահովվի ցամաքային կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծեց ձեռքբերված եռակողմ համաձայնություններն իրականացնելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը։
Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն իր հերթին հիշատակեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, որ «ճիշտ է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարություն տեքստում այդ բառակապակցությունը չի հիշատակվում, սակայն ասվում է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը պետք է վերահսկի այդ ուղին»։
«Հայաստանն արդեն ավելի քան երեք տարի է ինչ ոտնահարում է այդ կետը, բայց չէ՞ որ դա իրենք են ստորագրել։ Այժմ նրանք փորձում են ազատվել այդ կետից։ Դա, սակայն, անհնար է»,- հայտարարեց Ալիևը։
Նախօրեին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում էլ թեմային անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է գործել։
«Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որն ընդունվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից, պահպանում է իր արդիականությունը։ Երեք կողմերից որևէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել»,- ասաց Զախարովան։
Մեկնաբանություններ
Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը ուշադրության արժանի է համարում ինչպես հնչած հայտարարությունների բովանդակությունը, այնպես էլ իրադարձությունների հաջորդականությունը։ Հանրային ռադիոյի եթերում նա նկատել է՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կազմակերպված ԱՄՆ-ՀՀ-ԵՄ ձևաչափով հանդիպումից հետո հայտարարություններն «ավելի սուր» են դարձել․
«Մոսկվայից հետո ի՞նչ պետք է ասեր, հատկապես, որ ապրիլի 5-ի նախօրեին Բլինքենը զանգահարել էր իրեն, որին հաջորդեց այն, որ ասաց՝ ընդունում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դրանից հետո պարզ է, որ պետք է ռևերանս աներ Ռուսաստանի կողմը»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ալիևը «կապված և շատ վատ» վիճակում է։ Ասում է՝ մի կողմից Ռուսաստանն է հարվածում, մյուս կողմից՝ Արևմուտքը։ Ուստի, ըստ նրա, Ադրբեջանի նախագահի խոսքերը պետք չէ լուրջ ընդունել, նա լրիվ ուրիշ բաներ կհայտարարի, երբ այլ իրադարձություններ տեղի ունենան, օրինակ՝ բանակցություններ Արևմուտքում կամ ԱՄՆ–ում․
«Բայց հիմա Մոսկվա էր գնացել, առավել ևս՝ ռուսները խաղաղապահ զորքերը հանել են։ Պարզ է որ պետք է սիրաշահեր Պուտինին»։
Շեշտում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հարգելու մասին խոսում են այն երկրները, որոնք չեն իրագործել դրա դրույթները։ Ղումաշյանն օրինակ է բերում Լաչինի միջանցքի փակումն ու նշում՝ դա հակասում էր հայտարարության դրույթներին։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում հասկանում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարություն, ըստ էության, չկա։ Կարծում է՝ այդ մասին է վկայում նաև այն, որ «միջանցքի» գործունեությունն ապահովելու համար Գորիսում տեղակայված ռուսները նույնպես վերջին օրերին հանել են իրենց հենակետերը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Պուտին-Ալիև հանդիպումից հետո Մոսկվան ու Բաքուն թարմացրել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ըստ նրա՝ Ադրբեջանն իրողությունները խեղաթյուրված կերպով է ներկայացնում միջազգային հանրությանը։
«Ալիևը նշել է, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով»,- հիշեցրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքուն՝ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին