«ՀՀ-ն հետքայլ է արել»․ կարծիք՝ Բաքվի հետ բանակցությունների մասին
Ոչ անկլավային գյուղերի վերադարձ
Հայաստանն արդեն խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը տարանջատել է սահմանագծման և սահմանազատման գոործընթացից։ Հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին՝ նման կարծիք է հայտնել ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։
«Սկզբունքային նշանակության հարց ենք զիջում, որն ամբողջովին փոխելու է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը։ Միգուցե հնարավոր է դարձնելու խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը ընդամենը լինելու է թղթի կտոր, իրենից որևէ բան չի ներկայացնելու»,- ընդգծել է նա։
1in TV-ի եթերում փորձագետը խոսել է չորս ոչ անկլավային գյուղերի հնարավոր վերադարձի մասին և շեշտել՝ հայկական կողմի զիջումները միակողմանի են։ Նման զիջումներն, ըստ Մարգարյանի, հնարավոր կլինի ողջունել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ն ունի անվտանգային երաշխիքներ և գիտի՝ ինչի՞ համար է վճարում այդ գինը։
«Ադրբեջանն ուզում է, որ կնքվի շրջանակային փաստաթուղթ»
Փորձագետի համոզմամբ՝ ադրբեջանական կողմն ուզում է, որ խաղաղության պայմանագրում լինեն միայն միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները․
«Իսկ արդեն սուբստանտիվ հարցերը, մասնավորապես՝ սահմանագծման և սահմանազատման, կհասցեագրվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։
Հայկական կողմն, ըստ նրա, տևական ժամանակ ընդդիմացել է դրան, շեշտել, որ փաստաթղթում պետք է ամրագրվեն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա հետագայում պետք է իրականացվի սահմանագծումն ու սահմանազատումը։
Հիշեցրել է՝ խոսքը, մասնավորապես՝ այն մասին է, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և այդ փաստաթուղթը պետք է լինի նաև քաղաքական հիմք սահմանազատման գործընթացի համար։ Մարգարյանը սա «լեգիտիմ և օբյեկտիվ դիրքորոշում է» համարում։
«Երևանը գնում է միակողմանի զիջումների»
«Վարչապետի ասուլիսից հստակ՝ սևը սպիտակի վրա երևում է, որ մենք այլևս պայմանագրի գործընթացը տարանջատել ենք սահմանագծման և սահմանազատման գործընթացից: Դիրքորոշման հետքայլ ենք արել, որովհետև բանակցային գործընթացը մտել է փակուղի»,— նկատել է փորձագետը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոսում էր բացառապես Երևանի անելիքներին մասին և ասում՝ «մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին, տեսնենք՝ որոնք են մեր ելակետերը»։
Արմինե Մարգարյանը հայտարարում է՝ հստակ երևում է՝ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների․
«Իհարկե, կարող ենք դա փաթեթավորել, այլ կերպ ներկայացնել, ասել, որ չենք ուզում [բանակցային] գործընթացը կանգ առնի, ինչպես և ասվեց»։
Միակողմանի զիջումներն, ըստ նրա, նշանակում են՝ խաղաղության պայմանագիրը կլինի շրջանակային՝ այնպես, ինչպես ուզում է Բաքուն։
Շեշտել է՝ Փաշինյանի հայտարարությունը, որ հնարավոր է՝ սահմանազատման գործընթացը մեկնարկի հենց Տավուշի մարզից, իսկ ենթակառուցվածքները պետք է բերվեն ՀՀ դե յուրե սահմաններից ներս, նշանակում է՝ «հայկական կողմը միակողմանիորեն սկսում է սահմանագծման և սահմանազատման գործընթաց»:
Վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ոչ թե փորձում են ինչ-որ կերպ, այդ թվում՝ միջնորդների միջոցով Բաքվին պարտադրել հիմք ընդունել Ալմա Աթայի հռչակագիրը, այլ որոշել են անել իրենց «տնային աշխատանքը»։ Այն է՝ հռչակագիրը վերցնել որպես սահմանազատման քաղաքական հիմք և «դե յուրե գծել Հայաստանի սահմանները»։
Գին ԵՄ անդամության թեկնածու դառնալո՞ւ համար
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետի դիտարկմամբ՝ ՀՀ-ն կարծես թե պատկերացնում է, որ այդ գինը վճարելով, այսինքն սահմանազատման գործընթացը պայմանագրից դուրս թողնելով՝ կդառնա ԵՄ անդամության թեկնածու։
Ընդգծում է՝ Տավուշում զիջումների գնալու պարագայում ՀՀ-ն կհայտնվի դիրքային խոցելի իրավիճակում, իսկ Տավուշը «կդառնա Սյունիք»․
«Նշանակում է, որ մենք պետք է այդտեղ անվտանգային որևէ երաշխիք ունենանք։ Դա կարող է լինել, օրինակ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը նշված հատվածում»։
Հնարավորություններն, ըստ նրա, շատ են, սակայն պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը, այդ թվում՝ այն, որ պարզ չէ՝ ինչ է լինելու ԱՄՆ-ում ընտրություններից հետո։ Մյուս կողմից նկատում է՝ զիջումները շարունակական են լինելու, սա վճարվող «վերջին գինը» չէ։
«Բաքուն այդ չորս գյուղերը կվերցնի, կգնա, կմիանա իր անկյլավներին։ Հետո եթե դու բարձրացնես Արծվաշենի հարց, կասի՝ շատ լավ, Արծվաշեն ես ուզում, ես էլ Նախիջևան, արի նույն ռեժիմը մտածենք»,- պարզաբանել է Մարգարյանը։
Ադրբեջանական կողմն, ըստ նրա, կանգ չի առնելու, ուստի գին վճարելուն զուգահեռ Երևանը պետք է հստակ երաշխիքներ ստանա Եվրոպայից և ԱՄՆ-ից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ոչ անկլավային գյուղերի վերադարձ