Թուրքիան՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մոդերատորի դերում. ի՞նչ կստացվի
Թուրքիան՝ Երևան-Բաքու բանակցությունների մոդերատո՞ր
Հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի կասկածելի միջնորդությունը Թուրքիային թույլ է տալիս հավակնել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր մոդերատորի դերին։ Դրան նպաստում է Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև շարունակվող առճակատումը։ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում է իր վրա վերցնել միջնորդի դերը՝ Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես հեռացնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի համար այս թեկնածությունն առավել քան կասկածելի է, և ամերիկացի գործընկերները գիտեն այդ մասին։
Թուրքական միջնորդության իրագործելիությունը Հայաստանում սկսեց ակտիվորեն քննարկվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի համատեղ հայտարարությունից հետո։ Նրանք հայտարարեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված և տևական խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ համագործակցելու իրենց պատրաստակամության մասին»:
Հայ փորձագետներն արձագանքեցին՝ հիշեցնելով, որ միջնորդ կարող է լինել չեզոք կողմ, որն ընդունակ է լուծել վիճելի հարցերը։ Իսկ Թուրքիան ինքը Հայաստանի հետ ունի չլուծված խնդիրներ ու նույնիսկ փակ սահման։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ միջնորդը պետք է չեզոք դիրքորոշում պահպանի։ Թեև միաժամանակ նա ընդգծեց թուրք գործընկերների հետ սկսված հաղորդակցության կարևորությունը, հարաբերությունների կարգավորման հարցում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների մշտական կապը։
Իսկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ «հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները նույնական են, ինչը չի կարող միջնորդության համար պայմաններ ստեղծել»։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունն այն մասին, թե արդյոք Թուրքիան կարող է մոդերատոր դառնալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։
- «Որևէ գյուղ հանձնելու մասին խոսք լինել չի կարող»․ Փաշինյան
- «Բաքուն փաթեթավորում է ՀՀ դեմ իր հերթական ագրեսիան»․ հայ քաղաքագետ
- «Վերջնագիր Ալիևին»․ Եվրախորհրդարանի զեկույցների մասին կարծիքներ Երևանից
Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ
Քարտ բլանշ Արևմուտքից
«Թեև Թուրքիան Արևմուտքի անբաժանելի մասն է, ինչ-որ պահի նրանց հարաբերություններում սառնություն առաջացավ։ Այժմ Թուրքիայի և հավաքական Արևմուտքի միջև հարաբերությունների մերձեցման և ջերմացման շրջան է սկսվել։ Այն աստիճան, որ Արևմուտքը Անկարային է վստահում Հարավային Կովկասի տարածաշրջանում միջնորդի դերը։
Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը նպաստելու առաջարկն առաջինն արեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի։ Ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիր, որը երկու երկրների կողմից կընկալվի որպես արդար։ Եվրոպայի վերջին 100 տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը։ ԵՄ-ն ներգրավված է երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապահովման գործում։
Խաղաղությունը հնարավոր է։ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանի առաջատար երկիր», — ասել է Տոյվո Կլաարը «Խաղաղությունը, զարգացումն ու փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի սկզբին Անթալիայում կազմակերպված դիվանագիտական համաժողովի շրջանակներում:
ԱՄՆ-ը նույնպես մտադիր է Թուրքիային որպես միջնորդ ներգրավել հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Այս մասին է վկայում հայտարարությունը, որն ընդունվել է Վաշինգտոնում կայացած ամերիկա-թուրքական ռազմավարական մեխանիզմի նիստի արդյունքներով։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարտավորվել են համագործակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«Հարավային Կովկասում պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը պայմանավորվել են աշխատել միասին՝ առաջ մղելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և տևական խաղաղության համաձայնագիրը, որը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը», — ասվում է մարտի 9-ի հայտարարության մեջ:
Մի խոսքով՝ Արևմուտքը քարտ բլանշ է տվել Թուրքիային, որպեսզի նա ակտիվացնի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում»։
-
Տեղեկանք․ հայ-թուրքական հարաբերությունները և կարգավորման փորձերը
1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ 1993 թվականից Թուրքիան միակողմանիորեն փակել է իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ջանքերով 1995 թվականին օդային սահմանը բացվեց, սակայն ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։
Հարաբերությունների կարգավորման փորձ՝ արցախյան պատերազմից հետո
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացան 2020 թվականի պատերազմից հետո։ 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին այս գործընթացն առաջ տանելու համար։ Վերջիններս արդեն չորս անգամ հանդիպել են, սակայն բանակցությունների արդյունքներում դեռևս էական առաջընթաց չի գրանցվել։
2022 թվականի հուլիսին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածություններ ձեռք բերեցին`
«երրորդ երկրների քաղաքացիների համար ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը,
սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև»։
2023 թվականի հունվարի 6-ին Թուրքիան Հայաստանին հայտնեց ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքի վերացման մասին։ Առաջին կետը դեռ չի իրականացվել։
Երկրների ղեկավարների և արտգործնախարարների միջև հանդիպումներ, բանակցություններ
2022 թվականի մարտի 10-12-ը Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի հրավերով մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
2023 թվականի փետրվարին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, Հայաստանի կառավարությունը 27 հոգուց բաղկացած որոնողափրկարարական ջոկատ ուղարկեց Թուրքիայի Ադըյաման քաղաք։
Նաև մարդասիրական օգնություն ուղարկվեց Թուրքիա։ Փետրվարի 11-ին, 1993 թվականից ի վեր առաջին անգամ, հինգ հայկական բեռնատար հատեց հայ-թուրքական ցամաքային սահմանը Մարգարա-Ալիջան (Իգդիր) հատվածում և շարժվեց դեպի Թուրքիա։ Փետրվարի 15-ին սահմանը ևս մեկ անգամ բացվեց մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ընդունելու համար։
Փետրվարի 15-ին Անկարայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
2024 թվականի մարտի 1-3-ը Հայաստանի արտգործնախարարը կրկին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Հարաբերությունների կարգավորման նախորդ ձախողված փորձը
Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձը ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Այն սկսվել էր 2008 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այդ ժամանակ Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտեց երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Այնուհետեւ սկսվեցին բանակցությունները, որոնց արդյունքում 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին արձանագրություններ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ փոխադարձ հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ։ Սակայն այս փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին երկրների կողմից։
2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ Թուրքիայի խորհրդարանում փաստաթղթի վավերացման գործընթացը սառեցվեց։ Ի պատասխան հայկական կողմը հայտարարեց, որ արձանագրությունները պետք է ստորագրվեին առանց նախապայմանների, և 2010 թվականի ապրիլի 22-ին որոշում կայացվեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը։ Հինգ տարի անց Հայաստանի նախագահը հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից։ Իսկ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը դադարեցրեց դրանց կնքման ընթացակարգը։
Ինչո՞ւ են Թուրքիան առաջ մղում
«Այժմ մենք տեսնում ենք Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սրացում։ Արևմուտքը նպաստում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու գործընթացին, և Թուրքիան սկսում է կարևոր դեր խաղալ այդ գործում։
Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու ռազմավարական պատկերացումներում Թուրքիան ընկալվում է որպես հավաքական Արևմուտքի մաս։
Այս հարցում նշանակալի դեր է խաղում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա հայտնի է ինչպես արևմտյան շրջանակներում, այնպես էլ ՆԱՏՕ-ում։ Մերիլենդի համալսարանի շրջանավարտ է, և հենց նա է նպաստում Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացմանը։
Ֆիդանը դիվանագիտության մեծ վարպետ է։ 2010 թվականից գլխավորել է թուրքական հետախուզությունը։ Նա նաև կարևոր դեր է խաղացել գաղտնի դիվանագիտության մեջ, որը Թուրքիան օգտագործում էր այն պետությունների հետ, որոնց հետ վատ հարաբերություններ ուներ։ Եվ, ի դեպ, մեծ հաջողությունների էր հասնում»։
Թուրքիան կհրաժարվի՞ իր հակահայկական քաղաքականությունից
«Արդյո՞ք Թուրքիան կարող է տարածաշրջանում ավելի ակտիվ ուժային կենտրոնի դեր խաղալ, ամբողջովին կախված է հենց այս երկրի ղեկավարությունից։
Թուրքիան պետք է հրաժարվի Հայաստանի նկատմամբ 30 տարուց ավելի վարած քաղաքականությունից։ Եվ հատկապես վերջին տարիների, երբ նա ակտիվորեն դիմում էր Երևանի վրա ճնշում գործադրելու մեթոդների, անվերապահորեն աջակցում էր Ադրբեջանին և անմիջական ու գործուն մասնակցություն ունենում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին։ Եթե Թուրքիան կարողանա հրաժարվել Հայաստանի հանդեպ իր բացասական վերաբերմունքից, ապա նա կարող է որոշակի շանսեր ունենալ։
Բայց ես դեռևս որևէ նախանշան չեմ տեսնում, որ Թուրքիան հրաժարվի իր հակահայկական քաղաքականությունից։ Ես նրա կողմից իրական գործողություններ չեմ տեսել նույն սահմանների բացման հարցում, ինչը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ հենց Թուրքիայի համար։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ավելի չեզոք քաղաքականություն վարելու ձգտում նույնպես չեմ նկատում։
Թուրքիան պետք է այս բոլոր փոփոխությունները ձեռնարկի որպես մեկ ամբողջություն։ Հակառակ դեպքում նա բաց կթողնի իր հնարավորությունը՝ խաղալու Արևմուտքի կողմից իրեն վերապահված միջնորդական դերը, ինչին Անկարան տասնամյակներ շարունակ ձգտել է»։
Թուրքիայի պահանջները
«Թուրքիան չի դադարում Հայաստանին առաջադրել ոչ թե նախապայմաններ, այլ պահանջներ։ Ինքը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, անցյալ տարի շեշտեց, որ դրանք պահանջներ են, ոչ թե պայմաններ։
Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումների գնա, տրամադրի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ ի վնաս իր տարածքային ամբողջականության, ինչպես նաև հրաժարվի Հայոց ցեղասպանության դատապարտման քաղաքականությունից։
Հայոց ցեղասպանությունը կոտորած էր Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ին։ Մինչ այդ Օսմանյան կայսրության տարածքում մոտ երկուսուկես միլիոն հայ էր ապրում։ Սպանությունների և զանգվածային տեղահանությունների արդյունքում նրանց կեսից ավելին մահացել է։ Հայաստանը և մի շարք արևմտյան երկրներ ու կազմակերպություններ պաշտոնապես ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Թուրքիան կտրականապես չի ընդունում այդ ձևակերպումը։
Ճիշտ է, վերջերս Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման քաղաքականության մերժումն այնքան էլ հաճախ չի արտահայտվում։ Բայց միայն այն պատճառով, որ այս երկիրը հերթով է լուծում իր խնդիրները։ Դա աստիճանական, փոքր քայլերի քաղաքականություն է»։
Ընտրությունը Հայաստանինն է
«Այսպիսով, կա՛մ Թուրքիան հրաժարվում է իր նախկին քաղաքականությունից և հանկարծ դառնում ազնիվ մոդերատոր, ինչը, կարծում եմ, իրատեսական չէ, կա՛մ նա շարունակում է իր ներկայիս հակահայկական քաղաքականությունը՝ Ադրբեջանին օգտագործելով տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար։
Բայց այդ դեպքում Հայաստանը կարող է հրաժարվել Թուրքիայի միջնորդական դերից։ Նման Թուրքիայի հետ խոսելու ոչինչ էլ չկա»։
Ո՞վ կստանձնի միջնորդի դերը
«Ռազմավարական առումով Արևմուտքը մտադիր է էլ ավելի թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։ Եթե Թուրքիան չկարողանա խաղալ իրեն վստահված մոդերատորի դերը, նրա փոխարեն կարող են հանդես գալ այլ արևմտյան տերություններ:
Դա կարող է լինել կամ ԱՄՆ-ը, կամ Ֆրանսիան։ Բայց Ֆրանսիան ավելի քիչ ներուժ ունի։ Բացի այդ, Ադրբեջանը կարող է հրաժարվել նրա միջնորդությունից։
Մնում է ԱՄՆ, որն այսօր առանձնապես չի ցանկանում ներքաշվել այս գործընթացում՝ այլ հակամարտող տարածաշրջաններում առկա ահռելի խնդիրների պատճառով։
Դրա համար էլ Թուրքիայի համար կանաչ լույս են վառում։ Բայց ես կարծում եմ, որ Անկարան դեռ պատրաստ չէ այդ դերին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թուրքիան՝ Երևան-Բաքու բանակցությունների մոդերատո՞ր