Աբխազիայի նախագահ. «Վրաստանի ղեկավարությունը պետք է ընդունի ստեղծված իրականությունը»
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ծավալուն հարցազրույց է տվել ռուսական պետական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Աբխազիան շահագրգռված է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններով և ուզում է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը։
Ներկայացնում ենք Բժանիայի հարցազրույցի կարևոր դրվագները:
- «Աբխազիայի ինքնիշխանության զիջման գիշեր». կարծիք Պիցունդայի ամառանոցը ՌԴ-ին հանձնելու մասին
- «Ինչո՞ւ Աբխազիային չի սպառնում ԼՂ-ի ճակատագիրը»․ կարծիք
- Ի՞նչն է ավելի վատ՝ ուկրաինական հրթի՞ռը, թե՞ Պուտինի զայրույթը․ Աբխազիայում ռուսական ռազմաբազա կստեղծվի
Վրաստանի հետ հարաբերությունների մասին
Բժանիայի կարծիքով՝ վերջին տարիներին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Վրաստանի ղեկավարությունը «ամեն ինչի նկատմամբ պրագմատիկ մոտեցում ցուցաբերեց».
«Նրանք ներգրավված չեն եղել այն սադրանքի մեջ, որը Ուկրաինան պարտադրել է իրենց։ Ուկրաինայի առաջնորդի կողմից երկրորդ ճակատ բացելու կրկնվող կոչերն աջակցություն չեն գտել։ Կարծում եմ՝ սա քաղաքական հասունության նշան է։ Ինձ այդպես է թվում»։
Բժանիան ասել է, որ Աբխազիան իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել, իսկ Վրաստանի ղեկավարությունը «ստիպված կլինի ընդունել գոյություն ունեցող իրականությունը».
«Ընդհանուր առմամբ, մենք կցանկանայինք բարիդրացիական հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ։ Սա կարող եմ ասել, մենք Վրաստանի ժողովրդի նկատմամբ անտագոնիզմ չունենք։ Մենք բողոքներ ունեինք այս պատերազմը (1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմ — JAMnews) հրահրողների և դրան մասնակցողների դեմ։ Այն արմատապես փոխեց ամեն ինչ։
Այսօր գոյություն ունի անկախ Աբխազիա, որի անկախությանը սատարում են Ռուսաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը։ Մենք ունենք մեր զարգացման ուղին և առաջ ենք շարժվում ըստ դրա։ Միաժամանակ մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններով»։
Աբխազիայի՝ միութենական պետության կազմ մտնելու մասին
Բժանիան հայտարարել է, որ Աբխազիան ցանկանում է «միասին լինել» Ռուսաստանի և Բելառուսի հետ, և Միութենական պետությունը դրա համար հարմար ձևաչափ է.
«Բայց մենք պետք է անցնենք որոշակի փուլ, պետք է նախապատրաստվեն նորմատիվ ակտեր։ Այս պատմությունը կարող է տևել մոտավորապես 5-10 տարի:
Այս միությունը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնության ժողովրդին, Բելառուսի ժողովրդին և, իհարկե, Աբխազիայի ժողովրդին։ Այն մեզ թույլ կտա մի կողմից պահպանել մեր ինքնությունն ու մշակույթը, մյուս կողմից՝ զարգացնել։ Կարծում եմ, որ նման դաշինքի ուղղությամբ աշխատելը ճիշտ վեկտոր է մեր հարաբերությունների զարգացման համար։
Մեր անկախությունը թանկ է նստել մեզ վրա, չենք ուզում դառնալ այդ կարգավիճակը կորցրած պետություն։ Ուզում ենք լինել այնպիսի պետություն, որը կարող է մասնակցել ինտեգրացիոն գործընթացների այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, և նրանք, ովքեր ցանկանում են միանալ նման միությանը»։
Էներգետիկ ճգնաժամի մասին
Աբխազիայի նախագահը կարծում է, որ հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի էներգիայի սեփական աղբյուրները վերականգնելու համար, որպեսզի դուրս գա մշտական ու խորացող էներգետիկ ճգնաժամից։ Այդպիսի միջոցների շարքում մատնանշել է էլեկտրաէներգիայի սպառման սակագների բարձրացումը.
«Այսօր մենք ստիպված ենք սակագինը բարձրացնել և հասցնել տնտեսապես հիմնավորված մակարդակի։ Այդ ամենը կիրականացվի փուլային տարբերակով։ Որպեսզի Աբխազիայի էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը աշխատի անխափան ռեժիմով, անհրաժեշտ է զգալի միջոցներ ներդնել։ Մեր պետությունը դրանք չունի, և մենք բանակցում ենք և կշարունակենք բանակցել, որպեսզի օտարերկրյա ներդրումներ ներգրավենք ոլորտում»։
Օտարերկրյա ներդրումներ ասելով նկատի ունի, մասնավորապես, ռուսական ներդրումները։ Աբխազական հասարակության մեջ այս գաղափարը հիմնականում բացասաբար է ընկալվում, սակայն իշխանությունները պնդում են, որ այլ ելք չկա։
Բացի այդ, Բժանիան տեղեկացրել է, որ էներգետիկ անվտանգության հասնելու համար Աբխազիան գազաֆիկացման շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։
«Գազաֆիկացման նախնական նախագիծ է մշակվել, և Աբխազիայի հանրությունը գիտի այդ մասին։ «Գազպրոմի» ենթակա կառույցը պատրաստել է գազիֆիկացման սխեման։ Ակնկալվում է, որ ամբողջ նախագիծը կիրականացվի «Գազպրոմի» հաշվին, սա տնտեսական նախագիծ է, ոչ թե քաղաքական, և որպեսզի այն կյանքի կոչվի, աբխազական կողմից պետք է ապահովվեն համապատասխան ընդունելի պայմաններ, ինչն էլ մենք անում ենք»։