«Եթե Բաքուն չվերադառնա արևմտյան ձևաչափին, կկորցնի ձեռք բերածը»․ հայ քաղաքագետ
Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը
Բաքուն կվերադառնա արևմտյան հարթակներում Հայաստանի հետ բանակցություններին, քանի որ «Արևմուտքի նկատմամբ ապակառուցողական լինելով կարող է կորցնել այն, ինչ ձեռք է բերել»։ Այս կարծիքին է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
JAMnews-ի հետ զրույցում նա շեշտել է՝ խոսքը նաև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին է։ Կարծում է՝ «այդ հարցը Արևմուտքի համար միանշանակորեն փակված չէ»։
Ղևոնդյանն ասում է՝ Ադրբեջանը հաշվարկել է բոլոր վտանգները, այդ պատճառով էլ արել է առաջին քայլը, այն է՝ Ալիևը համաձայնել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ի՞նչ է հաղորդել պաշտոնական Երևանը Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպման մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին սուղ տեղեկություններ են հայտնի։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումից հետո Գերմանիայի կանցլերն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Նրա գնահատմամբ՝ «լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»։
Գերմանիայի կառավարությունը, իր հերթին, հայտնել է, որ հանդիպման ընթացքում կանցլերը կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները:
Ավելի ուշ եռակողմ հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետը։ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեղանին դրված էր մի կարևոր հարց՝ արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում՝ Պրահայում և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Խոսքը գնում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։
«Հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,- հայտարարել է նա ու հավելել,որ դրանց պահպանումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։
Վարչապետի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում ԱԳ նախարարների, այնուհետև սահմանազատման հանձնաժողովների հանդիպումներ կազմակերպելու մասին։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն, ըստ նրա, «պետք է վերաբերվի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանն ու համաձայնեցմանը»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը նաև կարճ առանձնազրույց են ունեցել։ Պաշտոնական Երևանն այդ մասին տեղեկություն չի հրապարակել։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի նախագահը շարունակի սրել Արևմուտքի հետ հարաբերություններն ու ամբողջապես դիրքավորվի ռուսական դաշտում, նա վտանգի տակ կդնի իր ձեռք բերածը։
Շեշտում է՝ Ալիևը խորամանկ քաղաքական գործիչ է, ուստի նույնիսկ Մոսկվայի ճնշման պայմաններում կփորձի կառուցողական հարաբերությունների մեջ լինել եթե ոչ միայն Արևմուտքի, ապա գոնե նաև Արևմուտքի հետ։ Հակառակ պարագայում, ըստ փորձագետի, ցանկացած պահի Արցախի թեման կարող է վերաբացվել․
«Կա մարդկանց իրավունքների խնդիր, էթնիկ զտման հետ կապված հարց, և այս հիմքով խնդիրները ցանկացած պահի կարող են նորից բացվել։ Օրինակ՝ մարդու հիմնարար իրավունքների իրացման հիմքով կարելի է նորից վերադառնալ ինքնորոշման իրավունքին, որի մասին նախորդ տարի խոսել էր Գերմանիայի կանցլեր Շոլցը»։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ կարծես թե Արևմուտքը փորձում է Ֆրանսիային փոխարինել Գերմանիայով։ Նկատում է՝ Գերմանիան խաղի մեջ մտել է այն ֆոնին, երբ Ադրբեջանը խնդրահարույց է համարում Ֆրանսիայի ներգրավվածությունը։
Փորձագետի խոսքով՝ Գերմանիան հայ-ադրբեջանական բանակցություններում «չեզոք միջնորդի» դեր է ստանձնում։ Դա, սակայն, չի նշանակում, թե Արևմուտքի մոտեցումները փոխվելու են։
Կարծում է՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախապես համաձայնեցված է եղել։ Պատահական չի համարում այն հանգամանքը, որ դա տեղի ունեցավ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումից հետո։ Հիշեցնում է՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արևմուտքում որոշ շրջանակներ հույս ունեին, որ ընտրություններից հետո «Բաքուն վերադառնալու է կառուցողական դաշտ»․
«Սա առաջին քայլն է այդ հույսերի արդարացման ճանապարհին։ Կարող է ունենալ շարունակություն, կարող է չունենալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանը ինչպես կգնահատի իր հնարավորությունները»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե Բաքուն տեսնի, որ ապակառուցողական լինելով կարող է ավելի շատ շահեր իրացնել, այս բանակցային ուղղությունը չի շարունակի։
Ենթադրում է՝ այս փուլում գնահատականներն այլ են եղել, և դա է պատճառը, որ Ալիևը համաձայնել է մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը։ Արևմուտքն, ըստ նրա, ակնկալում է, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն արևմտյան հարթակներում։ Ինքը՝ Ղևոնդյանն էլ այդ սցենարը հավանական է համարում։
«Արևմուտքը երբեք էլ չի դադարել այս առումով ճնշել Ալիևին։ Դրա մասին են վկայում բազմաթիվ իրողություններ՝ թե տնտեսական, թե քաղաքական։ Ուղղակի այս պահին փոխվել է այն, որ Ալիևը իր ցանկացած բարձր լեգիտիմությունը ստացավ, նկարեցին իր համար 92 տոկոս»,- պարզաբանել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ փոքր է հավանականությունը, որ «Ալիևը շարունակի Ադրբեջանը դիրքավորել որպես ՌԴ-Արևմուտք հակասությունում ռուսաստանյան շահերը առաջ մղող պետություն և ընդդիմանալ Արևմուտքի ճնշումներին»։
Անդրադառնալով Երևանի անելիքներին՝ նկատել է՝ հայկական կողմը պետք է շարունակի պնդել իր կարմիր գծերը, առաջին հերթին՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ ՀՀ պատկանելիության վերաբերյալ։
«Միաժամանակ անհրաժեշտ է շարունակել բանակի բարեփոխումները, գետնի վրա ֆիզիկապես զարգանալու ռազմավարությունը, ինչը հնարավորություն կտա ցանկացած պահի հակառակ իրադարձությունների զարգացման դեպքում ունենալ պլան Բ»,- ամփոփել է Ռոբերտ Ղևոնդյանը՝ չբացառելով, որ բանակցությունների ընթացքում ևս կարող են լինել սադրանքներ, փոքր մասշտաբի ռազմական էսկալացիաներ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը