«2023-ը հանգեցրեց կորուստների և վերադարձրեց Հայաստանը ելման կետ»։ Կարծիք
Քաղաքական իրավիճակի վերլուծություն
Անցած տարին Հայաստանի համար ծանր և նույնիսկ ողբերգական էր։ Հայերը հեռացան Լեռնային Ղարաբաղից՝ իրենց չտեսնելով Ադրբեջանի կազմում։ Թվում էր, թե Բաքուն հասել է իր համար ցանկալի արդյունքին, բայց խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել։
Հայաստանում կարծում են, որ խաղաղությունը Բաքվին ձեռնտու չէ՝ «քանի դեռ Հայաստանից պոկելու բան կա»։ Ռուսաստանն էլ իր համար խաղն ավարտված չի համարում, դեռ զորքերը դուրս չի բերում ԼՂ տարածքից։ Այս իրավիճակում, ըստ որոշ վերլուծաբանների, Հայաստանը կարող է հայտնվել լիակատար տնտեսական մեկուսացման մեջ՝ դառնալով «ռուսական հետամնաց էքսկլավ»։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի վերլուծությունն այն մասին, թե ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը և ինչ սպասել:
- 2023-ը Հայաստանում․ դրամատիկ, հիասթափեցնող և հուսադրող իրադարձությունները
- «Պետք է Բաքվի հետ բանակցել ԼՂ-ի ինքնավարության շուրջ»․ Սամվել Բաբայան
- «2023 թ.-ը բավականին հաջող տարի էր ՀՀ համար». Ֆինանսների նախարար
Արմեն Բաղդասարյան, քաղաքական մեկնաբան
Այլևս հնարավոր չէ մանևրել
«Աշխարհում տեղի է ունենում գլոբալ աշխարհաքաղաքական բախում, որի արդյունքում տարբեր տարածաշրջաններում լարվածության օջախներ են առաջացել։ Դրանց թվում են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը (իսրայելա-պաղեստինյան հակամարտություն): Սրանք նույն գործընթացի օղակներն են: Հարավային Կովկասը ամենապայթյունավտանգ տարածաշրջանն է, որտեղ իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ։
Հայաստանը չի կարող երկար մանևրել աշխարհաքաղաքական երկու բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ավելին, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Արևմուտքը Հայաստանին պայման են դնում՝ վերջնականապես որոշել արտաքին քաղաքականության վեկտորը և այլևս չմանևրել։
Անհնար է գտնվել Ռուսաստանի ազդեցության տակ տնտեսական տեսանկյունից և միաժամանակ անվտանգության երաշխիքներ փնտրել Արևմուտքում։ Այդպես չի լինում։
Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է հանգեցնել շատ մեծ վտանգների։ Նիկոլ Փաշինյանի այս կողմից այն կողմ նեռվելու փորձերը ոչ միայն ուշացած ու անիմաստ են, այլև շատ վտանգավոր։
Բոլոր հարցերի պատասխանը տվեց նրա այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովին։ Հայաստանն այլևս մանևրելու տեղ չունի։ Եվ եթե մոտ ապագայում իսկապես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ, ապա շատ կարևոր է հասկանալ, թե ով պետք է դառնա դրա իրականացման երաշխավորը։
Սա շատ կարևոր խնդիր է, և այս համատեքստում այսօր արդեն կարող ենք տեսնել հայ-ռուսական հարաբերությունների բարելավման առաջին նշանները»։
Ընտրություն չկա՞ր
«Հայաստանը նախկինում փորձել է մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Հիշենք նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, երբ նա ձգտում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սարգսյանը փորձեց շարժվել դեպի Արևմուտք՝ միանալով Արևելյան գործընկերության նախագծին, բայց Հայաստանը մի գիշերում դարձավ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության անդամ։
Այս մանևրն անիմաստ էր։ Մենք ընտրության հնարավորություն չունեինք։
Նման հնարավորություն կարող է առաջանալ, եթե մենք կարողանանք բարելավել մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ։ Բայց սրա համար մեզանից շատ բարձր գին են պահանջում։ Մեզնից տարածք են պահանջում, մոռանալ Հայոց ցեղասպանության հետ կապված անցյալը և արգելել այնպիսի կուսակցությունների գործունեությունը, որոնք չեն կարող մոռացության մատնել այդ ամենը։
Եթե վճարենք այս գինը, եթե գնանք այս բոլոր զիջումների, ապա հեշտությամբ կարող ենք շրջվել դեպի Արեւմուտք։ Բայց ի՞նչ կմնա նման զիջումներից հետո Հայաստանից և ընդհանրապես հայկական ինքնությունից։ Որևէ բան կմնա՞ Արևմուտքի հետ ինտեգրման համար։
Վճար երաշխիքի դիմաց
«Այնուամենայնիվ, չի կարելի միանշանակ ասել, թե Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի վերջնական ընտրություն է կատարել։
Հայաստանում հասկացան՝ խաղաղության պայմանագիր կնքելով հարցը չի լուծվում, անհրաժեշտ է, որ այդ համաձայնագիրը թղթի վրա չմնա, և դրա համար երաշխավոր է պետք։
Եվ, ըստ երևույթին, իշխանությունը եկել է այն եզրակացության, որ խաղաղության պայմանագրի դրույթների կատարման լավագույն երաշխավորը Ռուսաստանն է, Մոսկվան ավելի շատ լծակներ ունի, քան Արևմուտքը։
Այլ հարց է, թե ինչ է պահանջելու Ռուսաստանը նման երաշխիք տալու համար։ Եվ այս հարցը պետք է լինի առանցքայիններից մեկը հայ-ռուսական նոր երկխոսության մեջ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը գնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և հաղորդակցությունների վերահսկողության մասին։
Երբ Հայաստանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ռուսաստանը հայտարարեց, որ այն համահունչ է իր շահերին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը որոշակի ակնկալիքներ ունի հաղորդակցությունների վերահսկողության հետ կապված, և երկխոսությունն այս ուղղությամբ շարունակվում է»։
Ռուսաստանը խաղը ավարտված չի համարում
«Գլոբալ առումով Ռուսաստանին պետք չէ երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում։ Նրան անհրաժեշտ է շարունակական, բայց վերահսկվող լարվածություն, որի միջոցով Մոսկվան կարող է իր ազդեցության լծակները պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ:
Երբ խոսում ենք Արցախի ապագայի կամ արցախցիների հնարավոր վերադարձի մասին, Ադրբեջանը դա կապում է իր 90-ականների փախստականների Հայաստան վերադարձի հետ։ Ռուսաստանը դեմ չէ նման որոշմանը, քանի որ այս դեպքում հնարավորություն կունենա դառնալու թե՛ արցախահայության, թե՛ Հայաստանի ադրբեջանցիների անվտանգության երաշխավորը։ Կրկին պահպանելով լծակները:
Ուստի, թեև Արցախում այլևս հայեր չկան, ռուսական զորքերը, իբր, շարունակում են երեք ամիս խաղաղություն և անվտանգություն ապահովել խաղաղ բնակչության համար։ ՌԴ-ն այս առումով դեռ որոշակի ծրագրեր ունի։
Ռուսաստանը խաղն ավարտված չի համարում և հույս ունի, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով կավելանան նրա դերն ու լծակները երկու երկրների վրա»։
Անհամեմատելի փախստականների իրավունքների հավասարեցում
«Արցախցիների և Հայաստանից 90-ականներին դուրս եկած ադրբեջանցի փախստականները բացարձակապես անհամեմատելի են թե՛ իրավական, թե՛ մարդասիրական և հատկապես կարգավիճակի տեսանկյունից։
Հայաստանից հեռացած ադրբեջանցիների նկատմամբ բռնություն չի կիրառվել՝ ի տարբերություն Խորհրդային Ադրբեջանի հայերի։ Բացի այդ, դեռ խորհրդային տարիներին Հայաստանը նյութական փոխհատուցում է վճարել Ադրբեջանական ԽՍՀ-ին, իսկ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի վճարել։ Սա՝ զուտ սոցիալական ասպեկտով։
Իրավական առումով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թեկուզ չճանաչված, պետական միավոր էր, իսկ խորհրդային տարիներին ինքնավար մարզ էր։ Ինքնավար մարզը ոչ թե վարչական միավոր է, այլ քաղաքական։ Այն ժամանակ Հայաստանում ադրբեջանցիները ոչ մի ինքնավար կազմավորում չունեին։ Հետևաբար, իրավական դաշտի տեսակետից ևս այս հարցերն անհամեմատելի են։
Այլ հարց է, որ Ադրբեջանը ցանկանում է զուգահեռներ անցկացնել։ Եվ եթե, այնուամենայնիվ, այդ հարցերը պետք է քննարկվեն, ապա Հայաստանի խնդիրն է ապահովել, որ դրանք չդիտարկվեն նույն հարթության վրա»։
Ռուսաստանը պատժել է արցախահայերին Հայաստանի մերժման պատճառով
«Եթե հայերը պետք է վերադառնան Արցախ, ապա պետք է վերադառնան միջազգային երաշխիքներով։ Հասկանալի է, որ ոչ ոք չի վերադառնա ադրբեջանական երաշխիքների ներքո և էթնիկ փոքրամասնության կարգավիճակով։
Իսկ միջազգային երաշխիքները պարզապես թղթի վրա գրված իրավունքներ չեն։ Սա է մեկն է, ով կարող է ապահովել պայմանավորվածությունների իրականացումը։ Միջազգային երաշխավորներ կարող են լինել ինչպես ՄԱԿ-ի խաղաղապահները, այնպես էլ իրենք՝ ռուս խաղաղապահները։
Ռուս խաղաղապահները ցանկության դեպքում կարող էին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Սակայն նրանք դա չարեցին, քանի որ Հայաստանից համաձայնություն չստացան, որ տուսական ԱԴԾ-ն (ФСБ) վերահսկի բոլոր հաղորդակցությունները, իսկ ՀՀ-ն հրաժարվի իր արևմտամետ կողմնորոշումից։
Ռուսաստանը Հայաստանից չստացավ իր ուզածը և որոշեց պատժել հայերին՝ թույլ տալով ռազմական գործողություններ ԼՂ-ում։
Այսպիսով, հայերը կորցրին Արցախը։ Հայաստանն էլ այսօր կրկին գնում է դեպի Մոսկվա, ամեն ինչին տալիս է իր համաձայնությունը, բայց Արցախն արդեն կորած է։
Շուտով Նիկոլ Փաշինյանը կասի, որ երկու տարի առաջ կարող էր գնալ այս զիջումների, և մենք կունենայինք նույն արդյունքը, բայց առանց արցախահայության արտագաղթի։ Ինչպես 44-օրյա պատերազմից հետո ասաց, թե կարող էր ավելի վաղ դադարեցնել պատերազմը, նույն արդյունքին կհասնեինք, բայց առանց զոհերի»։
Ամեն ինչ զոհաբերել ու դառնալ Ռուսաստանի կցո՞րդ
«Հաղորդակցությունների վերահսկողությունը ձեռք բերելով՝ կվերջանան Ռուսաստանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ, բայց հարցն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն չեն դրան։
Խոսքը Միջին միջանցքի մասին է [այն ծառայում է Չինաստանից դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ բեռնահոսքի ավելացմանը, որը պետք է ապահովի Ռուսաստանի համար Կենտրոնական Ասիայից դեպի Արևմուտք ելք]։ Միջանցքի հայկական հատվածի նկատմամբ ռուսական վերահսկողության դեպքում Արևմուտքը դեմ դուրս կգա, և միջանցքը չի գործի։
Հետո Ադրբեջանն ու Թուրքիան կպահանջեն արտատարածքային միջանցք Սյունիքով, կամ կհրաժարվեն այս նախագծից։ Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ և կվերածվի ռուսական հետամնաց էքսկլավի։
Ստացվում է, որ մենք զոհաբերեցինք ամեն ինչ, բայց չստացանք ոչ խաղաղություն, ոչ «խաչմերուկ», ոչ էլ ապաշրջափակում, որոնց մասին խոսում են ՀՀ իշխանությունները։
Թուրքիան և Ադրբեջանը դեմ են հաղորդակցությունների վրա ռուսական ԱԴԾ-ի վերահսկողությանը։ Նրանք ցանկանում են իրենք վերասկել ամեն բան: Նախնական շրջանում, իհարկե, կարող են համաձայնվել ռուս-թուրքական համատեղ վերահսկողությանը՝ Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի պես։ Բայց ընթացքում կցանկանան լիարժեք վերահսկողություն ունենալ ճանապարհների վրա»:
Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ կհայտնվի
«Արևմուտքն այդքան հեշտ չի հեռանա տարածաշրջանից, բայց նրա գործողությունների արդյունավետությունը կախված կլինի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակից։ Եթե աշխարհաքաղաքական այս բախումը շարունակվի, ապա Արևմուտքը բազմաթիվ խնդիրներ կստեղծի Մոսկվայի համար տարբեր ճակատներում, և այստեղ ամենահարմար տարբերակը Հարավային Կովկասն է։
Եթե Ուկրաինայում և Պաղեստինում դադար լինի, ապա մենք կունենանք համապատասխան իրավիճակ՝ առանց որևէ առաջընթացի։
Այս ընթացքում Հայաստանը կթուլանա՝ գտնվելով տնտեսական շրջափակման մեջ»։
Ադրբեջանը խաղաղություն չի ուզում
«Դժվար է գուշակել, թե ինչ իրավիճակ կստեղծվի գալիք տարում, մենք չգիտենք, թե կողմերը ինչ փաստաթուղթ կարող են ստորագրել։ Արդյո՞ք սա կլինի խաղաղությանն ուղղված առաջին քայլի տեսքով փաստաթուղթ, թե՞ այն կլեգիտիմացնի Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի իրավունքը։
Կարծում եմ՝ Ադրբեջանն իրականում խաղաղություն չի ուզում։ Ալիևը կարծում է, որ Հայաստանը չափազանց թույլ է, չունի իրական դաշնակիցներ, աշխարհաքաղաքական իրավիճակն էլ շատ բարենպաստ է նրանից հնարավոր ամեն ինչ խլելու համար։
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն կցանկանա, երբ տեսնի, որ այն ոտքի է կանգնել և կարող է ամրապնդել իր բանակցային դիրքերն ու բանակը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Քաղաքական իրավիճակի վերլուծություն