«Խաղաղության խաչմերուկը» կօգնի մեծացնել դեպի ծով ելքի հնարավորությունը»․ Փաշինյան
Փաշինյանը՝ դեպի ծով ելքի հնարավորության մասին
Երևանում անց է կացվում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։ Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է։ «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպմանը մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ։ Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ հրավեր է ստացել նաև Ադրբեջանը, սակայն դրան չի արձագանքել։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ներկայացրել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վստահեցրել՝ «այն կօգնի մեծացնել Հայաստանի և Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները»։
Խոսելով տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ դրանք կարևոր են ինչպես ապրանքների և մարդկանց տեղափոխության, այնպես էլ «տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման» համար։
«Խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և առկայություն: Իսկ այդ կապերն ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների»,- հայտարարել է նա։
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) խմբի անդամ են Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բութանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Լաոսը, Մոնղոլիան, Նեպալը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Երեք տարին մեկ ցանկը թարմացվում է։ Երևանյան միջոցառմանը մասնակցում են դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման կարևոր արձանագրումները՝ հակիրճ
Դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներում ապրում է 570 մլն մարդ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիմայի խոսքով՝ այս պետությունները յուրահատուկ մարտահրավերների են բախվում իրենց աշխարհագրական մեկուսացվածության, հիմնական շուկաներից հեռու լինելու և ենթակառուցվածքների բացակայության պատճառով․
«Բոլոր այս համակարգային խոցելիությունները խորացել են, քանի որ COVID-19 համավարակի հետևանքները երկարաձգվել են, կա աշխարհաքաղաքական լարվածություն, պարենային ճգնաժամ, կլիմայի փոփոխություն և այլն»։
Ռաբաբ Ֆաթիման ասում է՝ դեպի ծով ելք չունեցող երկրները միջինում երկու անգամ ավելի շատ են տրանսպորտային ծախսեր կատարում, քան տարանցիկ ուղիներ ունեցողները։ Ասֆալտապատ ճանապարհների ծավալը շատ ավելի փոքր է: 44 հազար կիլոմետրով պակաս է երկաթգերի ծավալը: Այս ֆիզիկական խոչընդոտները հաղթահարելու համար առաջարկում է առավելագույնս օգտագործել թվային հնարավորությունները։
«Թվային ծառայությունների արտահանումը նշված խմբի երկրներից աճել է 67 տոկոսով COVID 19 համավարակից ի վեր, ինչն աշխարհի միջին ցուցանիշից ավել է երեք անգամ»,- նկատել է նա։
Կարծում է՝ նշված երկրներին անհրաժեշտ է աջակցություն թվային ենթակառուցվածքների և հմտությունների զարգացման, ինչպես նաև ազգային օրենսդրական կարգավորումներ իրականացնելու համար։
«Հնարավորություն ունենք դեպի ծով դուրս գալ հարևան Վրաստանի և Իրանի միջոցով»
Արձանագրել է Նիկոլ Փաշինյանն ու հիշեցրել, որ ավելի քան 30 տարի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են․
«Շատ կարևոր եմ համարում այս հեղինակավոր լսարանում արձանագրել Հայաստանի պատրաստակամությունը շատ կոնկրետ և գործուն քայլեր իրականացնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ»։
Շեշտել է՝ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ և այն «կօգնի մեծացնել երկրի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները»։
«Ընդհանուր առմամբ, մուլտի մոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի, ինչպես նաև նշված ուղղություններով շատ էական հնարավորություններ կարող են բացվել նաև խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի համար»,- մանրամասնել է նա ու հավելել, որ նախագիծը կարող է ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային էական ազդեցություն։
Վարչապետի գնահատմամբ՝ այս ամենը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Ասում է՝ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին խոսելիս չէր ցանկանա «կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա», կան նաև դրական փաստեր, օրինակ՝ նախօրեին Ադրբեջանում պահվող 32 հայ գերիների վերադարձը։
«Կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- հայտարարել է Փաշինյանը։
«Ոչ թե մրցակցելու, այլ լրացնելու հնարավորություն»
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացմամբ ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանմամբ։ Դա, ըստ նրա, պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերի համաձայն և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:
Նախարարի դիտարկմամբ՝ կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկն էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է։ Ընդգծել է՝ այն գալիս է ոչ թե մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները:
«Նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը, տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների»,- ասել է Միրզոյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ դեպի ծով ելքի հնարավորության մասին