«Բաքվի նոր հարձակման պատրվակ կարող են լինել անկլավները»․ հայ քաղաքագետ
Խաղաղության գործընթացի սառեցման մասին
Եթե խաղաղության շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները սառեցվեն, այսինքն՝ ոչ արևմտյան, ոչ ռուսական հարթակում գործընթացներ տեղի չունենան, ապա Ադրբեջանը կունենա Հայաստանի վրա ռազմական հարձակում իրականացնելու «նոր հնարավորությունների պատուհան»։ Civilnet-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը կարող է ռազմական գործողություններ սկսել ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», այլև «անկլավները» ստանալու պատրվակով։ Ասում է՝ դա շատ ավելի ռեալ է․ Բաքուն հիմքեր է նախապատրաստում։
«Նոր հարձակում կարող է լինել 2024 թ․-ի մարտին»
Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև ռելիեֆը՝ քաղաքագետը կարծում է՝ ձմռանը ռազմական գործողությունները քիչ հավանական են, հավանաբար, կհետաձգվեն մինչև գարուն։ Շեշտում է՝ դրանք կարող են լինել ինչպես միջանցքի, այնպես էլ՝ Բաքվի տերմինաբանությամբ, «Հայաստանի կողմից օկուպացված գյուղերի, կամ անկլավների համար»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակային հայտարարել է՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86․600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանից նույնաբովանդակ հայտարարություն մինչ օրս չի հնչել։ Մայիսի վերջին կազմակերպված ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է, թե «Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը ներառված չեն»։
Ասում է՝ նման պարագայում կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք անկլավները ներառված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որը ՀՀ վարչապետը ճանաչել է․
«Եթե Հայաստանը ճանաչում է, որ իր վերահսկողության ներքո կա տարածք, որն ինքը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, վախենամ, որ կարող ենք ունենալ նույն իրավիճակը, ինչ 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին [նկատի ունի ԼՂ-ի վրա ադրբեջանական զինուժի հարձակումը, որի արդյունքում Արցախը հայաթափվեց]»։
Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների և դա ներկայացնել որպես «սեփական տարածքների ազատագրում, ինքնապաշտպանության իրավունքի իրացում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի»։
«Չեմ բացառում, որ ունենանք իրավիճակ, երբ ՌԴ նախագահը հայտարարի՝ ես ինչ անեմ, ՀՀ-ն է ասել, որ այդ անկլավներն Ադրբեջան են, Ադրբեջանն էլ իր տարածքներն է հետ բերում, իսկ Արևմուտքի կողմից առանձնապես արձագանք չլինի»,- նշել է նա։
«Ադրբեջանը շահագրգռված չէ արևմտյան հարթակով»
Պողոսյանը շեշտել է, որ այս արևմտյան գործընկերներից Բաքուն արդեն իսկ ստացել է առավելագույնը, մասնավորապես՝ «էթնիկ զտում ԼՂ-ում և զրո իրական արձագանք Արևմուտքից»։ Բացի այդ՝ ադրբեջանական կողմը հարթակի շրջանակներում հասել է նրան, որ՝
- ձեռք է բերվել պայմանավորվածություն խորհրդային վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին,
- Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվել նաև ինքնավարության պահանջից։
Հիշեցնում է՝ Հայաստանը գնաց զիջումների և «նշաձողի իջեցման»՝ ակնկալելով ստանալ ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներ, սակայն ոչինչ էլ չստացավ։ Մինչդեռ Ադրբեջանը հայկական կողմի զիջումներն օգտագործեց որպես «լեգիտիմ հիմք» Արցախի վրա հարձակում իրականացնելու համար։
«Ասելով՝ տեսեք, եթե բոլորը, ներառյալ՝ Հայաստանը, ճանաչում են ԼՂ-ը որպես Ադրբեջանի մաս, հետևաբար, Ադրբեջանում չի կարող լինել առանձին պետություն՝ ԼՂՀ, չի կարող լինել առանձին բանակ՝ ԼՂ-ի Պաշտպանության բանակ»,- ընդգծել է նա։
Կարծում է՝ Բաքուն արևմտյան հարթակից ստանալու այլևս ոչինչ չունի, ուստի «հրաժեշտ է տալիս» դրան և փորձում վերադառնալ ռուսական հարթակ։
«Հայաստանը խուսանավում է»
Ըստ վերլուծաբանի՝ հայկական կողմը հիասթափված է արևմտյան հարթակից, որովհետև այնտեղից ոչինչ չստացավ, սակայն ռուսական հարթակ վերադառնալ ևս չի ուզում։ Ընդգծում է՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանը նոր սիրախաղ է սկսել ՌԴ և Իրանի հետ․
«Ադրբեջանը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես պետություն, որն անընդհատ փորձում է այստեղ ՌԴ և Իրանի թշնամի ուժերի ներկայություն ապահովել, նկատի ունեմ՝ ԵՄ և ԱՄՆ»։
Բացի այդ, Բաքուն կրկնում է նաև ռուսական և իրանական հռետորաբանությունը, թե «տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն վնասում է»։
«Եթե մենք շարունակենք խուսանավել ռուսական հարթակից, Ադրբեջանն էլ ավելի կկոշտացնի իր հռետորաբանությունը Ռուսաստանի և Իրանի մոտ՝ ասելով՝ տեսեք, ՀՀ-ն է, որ ուզում է ձեր թշնամիներին բերել Հարավային Կովկաս»,- ասել է նա։
Այդ պարագայում, ըստ քաղաքագետի, հավելյալ խնդիրներ կառաջանան ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-իրանական հարաբերություններում, ինչը Հայաստանին ձեռնտու չէ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Խաղաղության գործընթացի սառեցման մասին