Վրաստանի հիմնական խնդիրները՝ գործազրկություն, գնաճ, աղքատություն. Edison Research
Edison Research-ի նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության 47%-ը կարծում է, որ այս պահին երկրի ամենակարևոր խնդիրը գործազրկություննէ, 45%-ը մատնանշում է գնաճը, իսկ 43%-ը՝ աղքատությունը։
Հասարակական կարծիքի հարցումն անցկացրել է Edison Research միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերությունը՝ վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի պատվերով։
Անձնական հարցման մեթոդով հարցումներ են անցկացվել 18 տարեկան և ավելի բարձր տարիքի 1000 անձանց շրջանում: Մասնակցության համար պատահականության սկզբունքով ընտրվել են քվեարկելու իրավունք ունեցող և Վրաստանում ապրող մարդիկ երկրի ողջ տարածքից:
Սխալի միջակայքը +/- 3% է՝ 95% վստահության մակարդակի պայմաններում: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2023 թվականի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը։
Ամենակարևոր խնդիրը
Հարցին, թե հարցվածները ո՞ր խնդիրներն են համարում այս պահին Վրաստանի համար ամենակարևորը, պատասխանել են հետևյալ կերպ՝
- գործազրկություն – 47%
- գնաճ – 45%
- աղքատություն – 43%
- օկուպացված տարածքներ – 25%
- արտագաղթ – 19%
- կրթություն – 18%
- թմրամիջոցների ապօրինի օգտագործում/տարածում – 15%
- առողջապահություն – 13%
- ռուսների միգրացիան Վրաստան- 13%
- պատերազմ Ուկրաինայում – 8%
- եվրաինտեգրում – 8%
- կոռուպցիա – 8%
- հանցավորություն – 7%
- բնապահպանական խնդիրներ – 3%։
86%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն
Հարցման համաձայն՝ բնակչության 86%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ 14%-ը դեմ է դրան։ «Ո՞րն է հիմնական պատճառը, որ Դուք աջակցում եք Եվրամիությանն անդամակցելուն» հարցին պատասխանել են հետևյալ կերպ՝
- երկրի անվտանգության բարձրացում – 47%
- տնտեսական օգուտների ստացում- 30%
- ժողովրդավարության զարգացում – 14%
- Վրաստանի եվրոպական ինքնության ամրապնդում – 9%։
- «Վրաստանն ամբողջությամբ կատարել է 12 հանձնարարականներից 3-ը»․Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույց
- Transparency International-ը կոռուպցիայի մեջ կասկածում է ավելի քան 160 վրացի պաշտոնյաների
- Վրաստանը 36-րդ տեղում է «Սթիվ Հանկեի տառապանքի ինդեքսում»
Քաղաքական վարկանիշ
Հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, 37%-ը պատասխանել է, որ իր ձայնը կտար իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ Ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցությունների օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 21%-ը։ Մնացած կուսակցությունների օգտին հանդես է եկել հարցվածների 9-1%-ը։
Այս դեպքում կիրառվել է բաշխման մեթոդը, որով հետազոտողները կանխատեսում են, թե ում օգտին կքվեարկեն այն հարցվողները, որոնք չեն պատասխանել հարցին, թե որ կուսակցությանն են սատարում։
Բնակչության 80%-ը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Բնակչության 80 տոկոսը մտադիր է մասնակցել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Հարցին, թե որքանով է հավանական մասնակցությունն այդ ընտրություններին, տվել են հետևյալ պատասխանները՝
- անպայման կմասնակցեմ- 80%
- հավանաբար կմասնակցեմ -13%
- հավանաբար չեմ մասնակցի – 3%
- հաստատ չեմ մասնակցի – 4%։
Հարցման մասնակիցների 60%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, իսկ 40%-ը կարծում է, որ ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Բացի այդ, ըստ հարցման արդյունքների, մեծ մասը՝ 68%-ը, նախընտրում է, որ խորհրդարանական մեծամասնություն լինի մեկ այլ կուսակցություն, ոչ թե ներկայիս «Վրացական երազանք»-ը։
Հատկանշական է, որ Edison Research-ի անցկացրած նախորդ հարցման արդյունքներով՝ սեպտեմբերին այդ ցուցանիշը 67% էր։
Հարցվածների 56%-ը կարծում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պետք է ներում շնորհել, 44%-ը համարում, որ պետք չէ նրան ազատել բանտից։