Բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալիևը կգնա՞ Բրյուսել և ի՞նչ սպասել
Բրյուսելի բանակցություններից ակնկալիքներ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բրյուսել՝ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Հանդիպման ստույգ օրը դեռ չի հայտարարվում, հայտնի է, որ այն նախատեսված է մինչև հոկտեմբերի վերջ։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը տվել են նախնական համաձայնություն, փորձագետները վստահ չեն, տեղի կունենան արդյոք բրյուսելյան բանակցությունները։ Ենթադրում են, որ Ադրբեջանի նախագահը կարող է կրկին պատրվակ գտնել և հրաժարվել այցից։
Հոկտեմբերի սկզբին նա հրաժարվեց մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը։ Արդյունքում Փաշինյանը և եվրոպացի գործընկերները համատեղ հայտարարություն ընդունեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ առանց նրա մասնակցության։ Քանի որ Գրանադայի հանդիպման նախօրեին Փաշինյանը խոսել էր Ալիևի հետ «շրջադարձային փաստաթուղթ» ստորագրելու պատրաստակամության մասին, Հայաստանում քննարկվում է այն Բրյուսելում ստորագրելու հնարավորությունը։
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում քառակողմ հանդիպում էր կայացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը՝ Ֆրանսիայի, իբր, կողմնակալ դիրքորոշման պատրվակով։ Նա առաջարկել էր նաև հրավիրել Թուրքիայի նախագահին, ինչին դեմ էին արտահայտվել Փարիզն ու Բեռլինը։
Հայ վերլուծաբանները կարծում են, որ Ալիևը խուսափում է արևմտյան հարթակում բանակցություններից և նախընտրում է «իր հարցերը լուծել ուժով»։
Բայց եվրոպական բանակցային հարթակի միջնորդ Շառլ Միշելը հայտարարում է, որ շարունակում է հավատալ դիվանագիտության արդյունավետությանը։
Երկու հայ փորձագետների կարծիքները բրյուսելյան հանդիպման հնարավոր արդյունքների մասին, եթե այն տեղի ունենա
- «ՀՀ-ին բացահայտ սպառնում են Ուկրաինայի սցենարով»․ հայ քաղաքագետ
- «Դո՛ւրս բերեք Հայաստանը ՀԱՊԿ-ից, դիմե՛ք ՆԱՏՕ»․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին
- «Հայաստանը կկորցներ իր անկախությունը, եթե չլիներ ժողովրդավար»․ Փաշինյան
Հովսեփ Խուրշուդյան, վերլուծաբան
Եթե Ալիևը գնա, մի բան կստորագրի
«Վերջին եվրոպացի պաշտոնյան, ում հետ հանդիպել է Ադրբեջանի նախագահը, եղել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվ նրա` այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ լավատեսական արձագանքից կարելի է ենթադրել, որ Ալիևը, համենայն դեպս, չի հրաժարվել Բրյուսելից։
Նա իր հայտարարություններում միշտ ասում է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ։ Սակայն չի ստորագրել, քանի որ չի մեկնել հանդիպումների։ Դրա համար միշտ գտնվել են պատճառներ։ Կամ հյուր ուներ՝ Էրդողանը, կամ դուր չէր գալիս, որ Գրանադայում ներկա է Մակրոնը, որը, նրա կարծիքով, անաչառ չէր, կամ Էրդողանը ներկա չէր բանակցություններին։ Թե ինչ կհորինի այս անգամ, անհայտ է։
Եթե Ալիևն ամեն դեպքում գնա Բրյուսել, ապա կստորագրի խաղաղության պայմանագրի սկզբունքները, քանի որ դրանք արդեն համաձայնեցված են։ Հակառակ դեպքում Գրանադայի հանդիպման մասնակիցները (Միշելը, Շոլցը, Մակրոնը և Փաշինյանը) չէին ստորագրի հայտարարությունը առանց Ալիևի մասնակցության։ Ստորագրել են, որովհետեւ գիտեին, որ Ալիևն էլ է ստորագրելու»։
Բրյուսելի հռչակագրում արտացոլված են բոլորի շահերը
«Բրյուսելում Ալիևը պետք է ստորագրի այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա հնարավոր կլինի կնքել խաղաղության պայմանագիր։ Դրանում շահագրգռված են բոլորը, հատկապես Եվրոպան և ԱՄՆ-ն, քանի որ ընտրություններից առաջ ամերիկացիների համար կարևոր է նաև որոշակի առաջընթաց գրանցել այս հարցում։ Սրա հետ կապված հիմա Ալիևի վրա ճնշում է գործադրվում նրա ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, և այդ ալիքը գնալով մեծանալու է։
Հռչակագրում, ի թիվս այլ բաների, արտացոլված են Հայաստանի շահերը։ Չեմ կարծում, որ Փաշինյանը կստորագրեր փաստաթուղթը, եթե դա այդպես չլիներ։ Եվ, ընդհակառակը, չեմ կարծում, որ եթե փաստաթուղթն արտացոլեր միայն Ադրբեջանի շահերը, Ալիևը սաբոտաժի կենթարկեր դրա ստորագրումը, ինչպես անում է մինչ օրս։ Այնտեղ բոլորի շահերն են արտացոլված։
Պարզապես Ալիևի մաքսիմալիզմը ճնշող է և հուշում է, որ նա անկեղծ չէ, երբ ասում է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ»։
Հռչակագիրը չի շրջանցում Ղարաբաղի հարցը
«Հռչակագրում խոսվում է նաև Արցախից փախստականների վերադարձի անվտանգության երաշխիքների մասին։ Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը չի կարող լինել այդ երաշխավորը։ Եվ հիմա թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն խոսում են առնվազն անկախ միջազգային դիտորդական առաքելության մասին։
Սա կլինի առաջին քայլը։ Երբ այդ առաքելությունն ուղարկվի Արցախ, երբ համոզվեն, որ անվտանգության երաշխիքները չեն պահպանվում, հանդես կգան միջազգային խաղաղապահներ տեղակայելու առաջարկով։ Հակառակ դեպքում արցախցիները պարզապես չեն վերադառնա հայրենիք»։
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Միջազգային կոնսենսուս հայերի էթնիկ զտումների շուրջ
«Ցանկացած փաստաթղթի ստորագրման քննարկումը կեղծ օրակարգ է։ Ակնհայտ է, որ Ալիևը որևէ բան ստորագրելու կարիք չունի։ Բանակցային գործընթացը, որի մեջ նա մտավ 2021 թվականին, հետապնդում էր կոնկրետ նպատակ՝ չվերսկսել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները հին ձևով, որը կար մինչև 2020 թվականի պատերազմը։
Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի ապրիլ-մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավականին հստակ հայտարարություններ արեցին արցախյան հիմնախնդիրը նախկին տրամաբանության շրջանակներում լուծելու անհրաժեշտության մասին։ Ալիևին դա ձեռնտու չէր, ուստի նա սկսեց գետնի վրա փոխել իրողությունները և հանդես գալ այլ դիրքերից։
Բանակցային գործընթացի նոր փուլը ենթադրում էր ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմներով, որոնց շրջանակներում պետք է քննարկվեին հայերի իրավունքները։ Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ինչ-որ պահի Ալիևին հաջողվեց հասնել միջազգային կոնսենսուսի (ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ) ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների հարցի շուրջ»։
Ալիևը չի պատրաստվում նահանջել
«Արևմուտքը սպասում էր, որ գլխավոր՝ Արցախի խնդրից ազատվելուց հետո, Ալիևը խաղաղության պայմանագիր կստորագրի։ Սակայն X ժամի Ալիևը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը և չմեկնեց Գրանադա։
Եվ երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարեց Ալիևին և ներկայացրեց հանդիպման արդյունքները, նա կրկին սկսեց խոսել իր նպատակների մասին։ Հայաստանը, իբր, պարտավորվել է իրեն վերադարձնել ութ գյուղ՝ «անկլավներ», ինչպես ինքն է դրանք անվանում՝ հղում անելով միջազգային հարթակներում Փաշինյանի հայտարարությունների վրա, որտեղ նա այդ գյուղերը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Խոսելով Ադրբեջանի 86,6 քառակուսի կմ տարածքը ճանաչելու մասին՝ Փաշինյանը նկատի ունի նաև այդ «անկլավները»։
Հայաստանն, իհարկե, միաժամանակ հայտարարում է, որ ինքն էլ Ադրբեջանից ստանալու բան ունի՝ նույնպես անկլավի տեսքով։ Բայց Ալիևը խոսում է միայն իր ակնկալիքների մասին՝ հստակ նշելով, որ զիջելու ոչինչ չունի, և մտադիր չէ հեռանալ Հայաստանից օկուպացրած տարածքներից, ուր ներխուժել է 2021 թվականից»։
Ռուսական զորքերի ներկայության դիմաց՝ էթնիկ զտումների համաձայնություն
«Ալիևը մերժեց Գրանադան և գնաց Բիշքեկ, որտեղ գովաբանեց ռուսական հարթակը, քանի որ հենց Ռուսաստանի աջակցությամբ կարողացավ Լեռնային Ղարաբաղ մտնել: Իսկ ԼՂ մայրաքաղաք նա անձամբ եկավ Բիշքեկի հանդիպումից հետո, որտեղ հավանաբար պայմանավորվել էին, որ ռուս խաղաղապահները գոնե այս փուլում մնան Արցախում։
Արևմուտքը հայերի էթնիկ զտումների դիմաց պահանջում էր փաստաթուղթ ստորագրել։ Իսկ Ռուսաստանի պահանջը իր զորքերի ներկայությունն է, հնարավոր է՝ նաև ինչ-որ գազային համաձայնագրեր։
Ալիևը մերժում է Արևմուտքին և կատարում է ռուսական պահանջը, քանի որ կարող է Արևմուտքին մերժել և անպատիժ մնալ, բայց չի համարձակվի մերժել Ռուսաստանին. ավելի լավ է չթշնամացնել Մոսկվային»։
Ալիևը Բրյուսելում ոչինչ չի ստորագրի
«Եթե նույնիսկ կուլիսային ինչ-որ բանակցությունների շնորհիվ Եվրոպային հաջողվի ստիպել Ալիևին գնալ Բրյուսել, միևնույն է՝ նա ոչինչ չի ստորագրի։
Ալիևը դեռ չի պատրաստվում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը ենթադրում է ադրբեջանական զորքերի դուրսբերում օկուպացրած տարածքներից։ Սա կեղծ օրակարգ է, որը Ալիևի ձեռքում դարձել է Հայաստանից ավելի ու ավելի շատ զիջումներ կորզելու միջոց։
Ալիևն արդեն ստացել է այն ամենը, ինչ կարող էր ձեռք բերել արևմտյան բանակցային հարթակից։ Նա հասավ դրան, որ այդ հարթակը լռություն պահպանեց Արցախից հայերի արտաքսման հարցում, իսկ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դա արձանագրեց կիլոմետրերով։ Նա կփորձի մնացած ամենը ստանալ այլ հարթակների օգնությամբ: Այդ իսկ պատճառով սկսել է խոսել վրացական հարթակի և «3+3» ձևաչափի մասին, որը ենթադրում է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցություն»։
Բանակցող` առանց օրակարգի
«Բանակցությունների ձևաչափերը, իհարկե, տարբեր են, քանի որ յուրաքանչյուր հարթակ ունի իր շահերը։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, թե ինչ օրակարգով ես գնում բանակցությունների։ Ադրբեջանի օրակարգը պարզ է, բայց Հայաստանը մինչ օրս չունի իր սեփական օրակարգը։
Հայաստանը չի նախատեսում անգամ բարձրացնել արցախցիների էթնիկ զտումների, նրանց վտարման ու տեղահանման, ինչպես նաև առհասարակ Բաքվի ցեղասպան քաղաքականության հարցը։ Հայաստանը քաղաքական գնահատականներ չի պահանջում Արևմուտքից, չնայած այն հանգամանքին, որ Երևանն ունի դրա համար բոլոր հիմքերը։
Ալիևն իր հարցերը տեղում լուծում է գետնի վրա և ուժով, հետո պարտադրում բանակցային գործընթացում։ Բայց Հայաստանը շարունակում է սխալներ գործել։ Եվ հենց առաջին սխալն այն էր, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայի սպառնալիքի տակ հրաժարվեց Արցախի հարցում իր հիմնական իրավունքներից։ Թշնամին տեսնում է, որ զիջումների ես գնում, երբ քեզ սպառնում է, և գնում է նոր ագրեսիվ գործողությունների, որպեսզի ստանա նոր զիջումներ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բրյուսելի բանակցություններից ակնկալիքներ