Երևանում ընտրություններ են․ 14 քաղաքական ուժ հավակնում է իշխել մայրաքաղաքում
Ավագանու ընտրություններ Երևանում 2023
Երևանում ավագանու ընտրություններ են: Մասնակցում են 14 քաղաքական ուժեր՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Ընտրությունների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։
Այս ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի նաև, թե ով է զբաղեցնելու Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Քաղաքապետ կարող է դառնալ ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժի՝ դաշինքի կամ կուսակցության ընտրացուցակի առաջին համարը, որը կստանա ավագանու մանդատների 50 տոկոսը և ավելին: Եթե ընտրությունների մասնակիցներից ոչ ոք չկարողանա այդպիսի արդյունք ստանալ, ավագանիում հայտնված կուսակցությունները կարող են կոալիցիա ստեղծել և որոշել, թե ում ընտրել որպես քաղաքապետ:
Այս ընտրությունները կարևոր են, որովհետև դրանց արդյունքում փաստացի կպարզվի, թե որ քաղաքական ուժին են նախապատվություն տալիս երևանցիները։ Իսկ մայրաքաղաքում ապրում է Հայաստանի բնակիչների գրեթե կեսը։
20.7%-ը չի պատրաստավում մասնակցել ընտրություններին
Հայաստանում «GALLUP International Association»-ի լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերությունը հարցում է իրականացրել ընտրողների շրջանում, որին մասնակցել է 802 մարդ: Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 12-13-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսով:
Պատասխանելով «Մասնակցելո՞ւ եք արդյոք ավագանու ընտրություններին» հարցին՝ 55 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 13.8 տոկոսը՝ ավելի շուտ այո, 8.4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 20.7 տոկոսը՝ միանշանակ ոչ: 2.1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
«Մեր փորձից ելնելով՝ այդ 13.8 տոկոսը, որոնք ասել են, որ ավելի շուտ կմասնակցեն, չեն գնում ընտրությունների: Այնպես որ կարող ենք խոսել 55 տոկոսի մասին, որոնք հստակ ասել են, որ մասնակցելու են: Դա ավելի մեծ ցուցանիշ է, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ»,— լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցվածների 67.3 տոկոսը նշել է, որ չի ծանոթացել ներկայացված նախընտրական ծրագրերին: 92.3 տոկոսն առհասարակ չի մասնակցել կուսակցությունների և դաշինքների կազմակերպած հանդիպումներին:
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել քարոզարշավի ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ընտրական գործընթացի դիտարկում է իրականացրել քարոզարշավի ընթացքում: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է «ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցցանցերում տեղ գտած շուրջ 500 հրապարակում»:
Նշվում է, որ մշտադիտարկման արդյունքները, հրապարակումները, ինչպես նաև պաշտպանին հասցեագրված բողոքները վերաբերվել են ավագանու ընտրություններին առնչվող գործընթացի շրջանակներում արձանագրված մի շարք ենթադրյալ խախտումների, այդ թվում՝
- վարչական ռեսուրսի չարաշահման,
- հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու,
- հավաքներին մասնակցելու պարտադրանքի ենթադրյալ դեպքերին։
ՄԻՊ աշխատակազմում արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու «առերևույթ դեպքեր»:
«Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պաշտպանի կողմից համապատասխան գրություններ են ուղարկվել Գլխավոր դատախազություն, Ներքին գործերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլ իրավասու մարմիններ՝ նշված դեպքերը պատշաճ քննարկման առարկա դարձնելու պահանջով»,- հայտարարել է կառույցը:
«Կոռեկտ և հանգիստ քարոզչություն է եղել». ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասում է՝ «խնդիրներն այնքան էլ շատ չեն եղել»: Խոսքն, ըստ նրա, ոչ թե արձանագրված խախտումների, այլ ահազանգերի մասին է.
«Ահազանգերի 70-80 տոկոսը կեղծ են, այսինքն՝ ոչ թե կեղծ են, իրենք իրենց հիմքում չունեն խախտման փաստ»,- շեշտել է նա:
Հովակիմյանի փոխանցմամբ՝ եղել են ընթացիկ խնդիրներ, որոնցով պարբերաբար զբաղվել են, օրինակ՝ պաշտոնական գրություններով քաղաքապետարանից պահանջել են հեռացնել չնախատեսված վայրերոմ փակցված պաստառները:
ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող, բայց այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին և հայտարարել՝ «շահարկումները տեղին չեն»:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիություն չունեցող, սակայն պետական ռեգիստրում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող 18 տարին լրացած անձինք ևս ունեն քվեարկության իրավունք։ Հղում անելով ՆԳՆ Միգրացիայի ծառայությունից ստացված տեղեկությունների վրա՝ Factor.am-ն օրերս հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի այլ երկրի քաղաքացիություն ունեցող 14 հազար 839 անձ, գերակշիռ մեծամասնությունը՝ 10 հազար 303-ը ՌԴ քաղաքացիներ են։
Նշվում էր նաև, որ ընտրելու իրավունք ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 223 մարդ։ Հրապարակման համաձայն՝ նրանք «90-ականների փախստական հայերն են, որոնք մինչ այժմ շարունակում են պահպանել Ադրբեջանի քաղաքացիությունը»:
Օմբուդսմենի գրասենյակը կաշխատի արտակարգ ռեժիմով
Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը.
«Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ավագանու ընտրություններ Երևանում 2023