Փաշինյանը՝ Հայաստանի խնդիրների և «միջազգային իրավակարգի ճգնաժամի» մասին
Փաշինյանի՝ La Repubblica թերթին տված հարցազրույցը
Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոսել է միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին՝ պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի մասին հարցին։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ միջանցքն արդեն պետք է ապաշրջափակված լիներ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանն այդ մասին որոշում է ընդունել։ Փետրվարին դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանի հետ կապող ճանապարհով, հունիսին հաստատել է իր որոշումը, սակայն այն դեռ չի կատարվել։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ տեղի ունեցող հումանիտար աղետը վկայում է միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, քանի որ «դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կատարվում, և կարող են նման հետևանքներ առաջանալ»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները՝ չեն ապահովում խաղաղ բնակչության անվտանգությունը, նրա ազատ տեղաշարժի իրավունքը։
Փաշինյանը հարցազրույցում խոսել է նաև այն մասին, թե որ փուլում են Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, անդրադարձել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշմանը, ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքում առկա ճգնաժամին, դաշինք, որը չի կատարում Հայաստանի տարածքները պաշտպանելու իր պարտավորությունները։ Նա ռազմավարական սխալ է համարում այն, որ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը «99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ»։ Այս կապակցությամբ վարչապետը հայտարարել է անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացման մասին։
JAMnews-ը ներկայացնում է Հայաստանի վարչապետի հարցազրույցի կարևորագույն դրվագները՝ ըստ արծարծված թեմաների
- «Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ-ն սպառնալիք է դարձել». կարծիք
- «Դասալքություն է»․ կարծիքներ Արցախի նախագահի հրաժարականի մասին
- 10 նոր բեռնատար Լաչինի միջանցքի մոտ․ կհաջողվի՞ Ֆրանսիային դրանք հասցնել ԼՂ
Լաչինի միջանցքի արգելափակման մասին
«Դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 5000 բնակիչ չի կարողանում վերադառնալ և նաև Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 30 հազար բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ։ Այս խմբի մեջ են այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում լքել են իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց այս մարդկանց խնդիրը պիտի լուծված լիներ:
Այսինքն՝ դե յուրե լուծված է, դե ֆակտո լուծված չէ, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում արձանագրված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, և այս կատեգորիայի մեջ մտնող մոտավորապես մի քանի տասնյակ հազար հայ կա, որ այսօր փաստացի զրկված է այդ հնարավորությունից:
Մեր դիտարկմամբ և գնահատմամբ՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դա է պատճառը, որ, ըստ էության, արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով: Եվ Լաչինի միջանցքի խնդիրն էլ պիտի դե յուրե լուծված լիներ, որովհետև գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավական պարտադիր որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիների, բեռների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը»։
Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
«Սկզբից մենք լավ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող են և այնքան մեծ չլինել, բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով: Բայց մյուս կողմից, մեր կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի, և մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ՝ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ այստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային:
Մասնավորապես, վերջերս մենք Ադրբեջանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Բրյուսելում, դրանից առաջ էլ Պրահայում էր՝ պայմանավորվածության մի հատված, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքեն: Մենք Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 ք. կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 ք. կմ տարածքային ամբողջականությունը:
Եվ այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից մինչև օրս այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել:
Նկատի ունեմ՝ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես շատ կարևոր է ընդհանուր գործընթացի առումով»:
Իր պարտավորությունները չկատարող Ռուսաստանի և ՀԱՊԿ ռազմական դաշինքի մասին
«Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է:
Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»:
2022 թվականի նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և Երևանին օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Պատճառը ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ քաղաքական հստակ դիրքորոշման բացակայությունն էր։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված չէ։
«2021 թվականի մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ ռազմական ուժ է կիրառել և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառ. կմ տարածք։ ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։
Ի՞նչ ակնկալիքներ ունենք ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի հավաստում՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա կառույցն ինքն էլ չկա»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և Անկարայի միջոցով Բաքվի վրա ազդելու մասին
«Մենք չենք կապում և չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և, ըստ էության, անընդհատ այդ հարցն առաջ են բերում: Բայց ընդհանրապես, եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, որևէ պետություն անվտանգության մասին կարող է խոսել, եթե հարևանների հետ ունի կարգավորված հարաբերություններ: Եվ սա ճիշտ է ոչ միայն ռազմական գերտերություն չհանդիսացող երկրների համար, սա ճիշտ է ընդհանրապես բոլոր դեպքերում, այսինքն՝ որպես բանաձև:
Այդպիսի օրինակներ պատմության մեջ շատ են եղել: Թվում է թե, երբ որևէ պետություն ռազմական առումով ուժեղ է, կարող է չմտածել հարևանների հետ և ընդհանրապես կարգավորված հարաբերություններ ունենալու մասին, բայց նաև պատմության շատ օրինակներ, նաև այսօրվա օրինակներ, ցույց են տալիս, որ թվացյալ ռազմական հզորությունը չի նշանակում անխոցելիություն:
Եվ, հետևաբար, կարծում եմ, որ խաղաղությունը մի բան է, որով պետք է շահագրգռված լինեն բոլորը` տարածաշրջանի բոլոր երկրները, այլ բան, որ հասկանալի է, որ կան շահեր, որ հեշտ չէ այդ նպատակին հասնել: Բայց, հենց դրանում է քաղաքական առաջնորդության դժվարությունը, որ երբեմն հնարավոր դարձնել այնպիսի բաներ, որոնք թվում են անհնար: Եվ դա շատ դժվար է: Եթե դժվար չլիներ, վաղուց լուծված կլիներ:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցելության և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Եվ կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ: Այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ահա, այսպիսի որակը»:
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին
«Հայաստանը ֆորմալ առումով, ինչու եմ ասում ֆորմալ առումով, որովհետև մենք դրա գործիքակազմից չենք կարողացել փաստացի օգտվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, և այս տրամաբանության բերումով բոլոր արևմտյան երկրների կամ փորձագետների հայացքով և տրամաբանությամբ Հայաստանը պրոռուսական երկիր է:
Մյուս կողմից՝ Ռուսաստանում շատ շրջանակներ Հայաստանը կամ նրա գործող կառավարությունը և քանի որ կառավարությունը ձևավորվել է ժողովրդի մեծամասնության քվեով, համարում են պրոարևմտյան:
Այստեղ մեր այսօրվա դիրքի ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ եթե պրոռուսականությունն ունի հնարավոր ինչ-որ առավելություններ, կամ եթե պրոարևմտականությունն ունի ինչ-որ առավելություններ, Հայաստանը չի կարողանում օգտվել ո՛չ պրոռուսականության առավելություններից, որովհետև Ռուսաստանում առնվազն բավարար չափով պրոռուսական չեն համարում Հայաստանին: Օրինակ՝ այն պատճառով, որ Հայաստանն Ուկրաինայի հետ կապված, իրենց տեսակետից, բավարար չափով աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանին:
Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում օգտվել պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից, որովհետև Արևմուտքում էլ համարում են, որ Հայաստանը բավարար չափով պրոարևմտյան չէ, օրինակ, որ Ուկրաինայի հետ կապված բավարար չափով, իրենց տեսակետից՝ բավարար չափով, չի ընդդիմանում կամ դիմադրում Ռուսաստանին: Եվ հենց սրանում է մեր իրավիճակի նրբությունը և վտանգավորությունը»:
Ճանապարհի մասին, որը ադրբեջանցիները կոչում են «Զանգեզուրի միջանցք»
«Նախ սկսենք նրանից, որ նրանք իրավունք չունեն միջանցք ակնկալել, որովհետև եթե խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, այնտեղ «միջանցք», «corridor» բառն օգտագործված է մի դեպքի համար, և դա Լաչինի միջանցքի մասին է։
Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» են անվանում այն ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են երկրի տարածքով ճանապարհներ տրամադրել, բայց ոչ միջանցք, քանի որ այդ տերմինը ենթադրում է նշված տարածքի հանդեպ ինքնիշխան վերահսկողության կորուստ։
Երբ ես ասում եմ Լաչինի միջանցք, ես կարող եմ ցույց տալ թուղթ, որի տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է: Ուրիշ որևէ միջանցքի մասին աշխարհում ընդհանրապես և պատմության մեջ գոյություն չունի մի այնպիսի փաստաթուղթ, որը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք աշխատի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ որ Ադրբեջանը փորձ է անում առաջադրել: Բայց հակառակը, գոյություն ունի այդ փաստաթուղթը, ուրիշ բան գոյություն ունի: Այդ տերմինի իրավաչափությունը և իրավազորությունն արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը:
Հիմա տեսեք, Ադրբեջանն ասում է Լեռնային Ղարաբաղ չկա, գոյություն չունի, բայց ես կարող եմ ցույց տալ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ թուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղն ունի տարածություն և Լեռնային Ղարաբաղն ունի շփման գիծ, այսինքն՝ ուրվագիծ և Լեռնային Ղարաբաղն ունի Լաչինի միջանցք՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Սա շատ լուրջ խոսակցություն է, և շատ կարևոր է, որ շատ լուրջ խոսակցության մեջ չօգտագործվեն անլուրջ տերմիններ և բառապաշար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանի՝ La Repubblica թերթին տված հարցազրույցը