Մեդվեդևը խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ կազմում ներառելու հնարավորության մասին
Վրաստանի տարածքը միացնել Ռուսաստանին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Аргументы и факты» թերթում հրապարակել է «Չքաղված դասեր» վերնագրով հոդված, որում Վրաստանն անվանել է «ագրեսոր» և ասել, որ Մոսկվան «չի վարանի» և պատրաստ է Աբխազիան և Հարավային Օսիան միացնել Ռուսաստանին։
1992-1993 թվականներին վրաց-աբխազական զինված հակամարտությունից հետո հակամարտության գոտում տեղակայվեցին ԱՊՀ հավաքական խաղաղապահ ուժերը՝ ամբողջությամբ կազմված ռուս զինվորականներից։ 2008 թվականի օգոստոսի վրաց-ռուսական 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց Աբխազիան և Հարավային Օսիան անկախ երկրներ ճանաչելու մասին։
Վրաստանն այդ տարածքները համարում է իրեն պատկանող շրջաններ, որոնք օկուպացվել են Ռուսաստանի կողմից, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության կարգավիճակը ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։ ՄԱԿ-ը և միջազգային հանրության մյուս անդամները Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Վրաստանի անջատողական շրջաններ։
«Իհարկե, ավելի լավ է, երբ նման իրադարձությունները լավ դաս են ծառայում թշնամաբար տրամադրված դիտորդների համար։ Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ։ Եվ համառությամբ, որ շատ ավելի լավ կիրառման է արժանի, արևմտյան աշխարհը նորից ու նորից քայլում է նույն փոցխի վրա: Չփոփոխվող և խիստ կանխատեսելի արդյունքով:
Արյունալի պատերազմը, որը ՆԱՏՕ-ն այժմ մեզ հետ մղում է Ուկրաինայում՝ Կիևի ռեժիմի ձեռքով, և որում մեր հակառակորդները խրված են մինչև իրենց ականջները, դա հաստատում է ամենայն հստակությամբ: Թե ինչպես կավարտվի ամեն ինչ, պարզ է նույնիսկ հիմա՝ Կիևի անփառունակ պարտությունը, ինչպես ժամանակին տեղի ունեցավ վրացի ագրեսորների հետ:
Իսկ ապագայում միանգամայն հավանական է ԽՍՀՄ փլատակների վրա արհեստականորեն ստեղծված Ուկրաինա պետության անհետացումը աշխարհի քաղաքական քարտեզից։ […]
Թվում է, թե ԱՄՆ-ի և նրա կամակատարների համար նախկին Խորհրդային Միության տարածքը «չքաղած դասերի երկիր է»։
- Օգոստոս, 2008. Հարավային Օսիայի շուրջ պատերազմի ժամանակագրությունը փաստերով և լուսանկարներով
- 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
- Ռուսները Վրաստանում ամսական միջինը 1300 ընկերություն են գրանցում․ Transparency International
Միխեիլ Սաակաշվիլի
Մեդվեդևը վիրավորանքներ է գրել Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին, որը Վրաստանի նախագահն էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ։ «Վստահ եմ, որ 15 տարի առաջ պատերազմ չէր լինի, եթե չլիներ Սաակաշվիլիի և նրան աջակցողների անպատասխանատու, հանցավոր պահվածքը»,- գրում է նա։
Մեդվեդևը նաև կես էջ վիրավորանքներ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։
«Ռուսաֆոբները Թբիլիսիում»
«Վրաստանում ռուսաֆոբների վերջին ելույթները ցույց են տալիս, որ այս հասարակությունը դեռ հույս է կապում ռևանշի հետ։ Թեև […] Վրաստանի բնակիչների մեծ մասը շատ ավելի հարմարավետ է ապրում մեր պետության հետ խաղաղ պայմաններում։ Ռուսաստանը մոտ է, Ամերիկան՝ օվկիանոսից այն կողմ: Վրաստանի համար՝ հարուստ մշակույթ ունեցող երկրի, որը կապված է Ռուսաստանի հետ հազարավոր թելերով, ռուսաֆոբիան նոնսենս է, այլանդակություն, լուրջ հիվանդություն»,- գրում է Մեդվեդևը։
Եվ ավելացնում է. «Այդ հիվանդությունը, բարեբախտաբար, լիովին բուժելի է»։
- Հակառուսական պատժամիջոցների պատճառով Աբխազիան մասամբ հանել է Վրաստանից ներկրվող ապրանքների էմբարգոն
- Աբխազիան պատրաստ է ընդունել Վրաստանից «վտարված» Astoria Grande զբոսանավը
- Բաթումիի որոշ սրճարաններ վրացերենով չեն սպասարկում հաճախորդներին
Ինչպե՞ս է Մեդվեդևը տեսնում հակամարտությունների կարգավորումը Վրաստանում
Մեդվեդևի պնդմամբ՝ Վրաստանը երկար տարիներ «իրականացնում է օս ժողովրդի անթաքույց ցեղասպանություն»։ Մեդվեդևը վրացական կողմին է մեղադրում 2008 թվականի իրադարձությունների համար՝ ասելով, որ Թբիլիսին «ագրեսիա է իրականացրել՝ անհնազանդ Հարավային Օսիան թշնամական պետության սահմաններ վերադարձնելու համար»։
«Վրացական բանակը, չնայած «արդիականացմանը», ռազմական գործողությունների օրերին ցույց տվեց իր կատարյալ անկարողությունը և բացարձակապես բարոյալքված էր»,- գրում է Մեդվեդևը։
Եվ առաջարկում է հակամարտությունները կարգավորելու տարբերակ.
«Մեզ 2008 թ.-ի պատմության կրկնություն պետք չէ: Մենք պատրաստ ենք լուծել խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ոգով: Բայց եթե մեր մտահոգությունն իրական ուրվագծեր ստանա, մենք չենք վարանի։
Աբխազիայում և Հարավային Օսիայում դեռևս տարածված է Ռուսաստանին միանալու գաղափարը։ Եվ դա կարող է իրականացվել, եթե դրա համար լինեն հիմնավոր պատճառներ:
Նախապատմություն
Հարավային Օսիայում ոչ բոլորն են համաձայն անկախության գաղափարից հրաժարվելու և Ռուսաստանի մաս դառնալու մտադրության հետ, նման մարդիկ այնտեղ ակնհայտ փոքրամասնություն են։ Այդ թեմայով հանրաքվե անցկացնելու մի քանի փորձեր են եղել 1992, 2014, 2017 և 2022 թվականներին։
Աբխազիայում բնակչության մեծամասնությունը մինչ այժմ կտրականապես բացասական է արտահայտվել անկախությունից հրաժարվելու վերաբերյալ։