$1 մլրդ օտարերկրյա ներդրումներ Հայաստանում․ քարոզչական գործի՞ք, թե՞ իրական աճ
Օտարերկրյա ներդրումներ Հայաստանում
«Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով 2022 թվականի ցուցանիշները։
Նախարարը կարևորել է բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերությունների կառուցումն ու տեղեկացրել, որ առաջիկայում Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյան ասում է՝ ուղղակի ներդրումների մասին հրապարակվածն ընդամենը մակրո թվեր են, մանիպուլյացիաներ, որոնց մասնագետները լուրջ չեն վերաբերվում: Խոսելով առևտրային ներկայացուցիչների հնարավոր նշանակման մասին՝ նկատել է՝ դեսպանատներում էլ նման պաշտոններ զբաղեցնող անձինք եղել են և կան, նոր բան չէ։
Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները և տնտեսագետի անդրադարձը բոլոր կետերին
Կառավարությունն ավելի բարձր թվերի է սպասում
Էկոնոմիկայի նախարարը՝ խոսելով մեկ մլրդ ներդրումների մասին, որոնք կազմել են ՀՆԱ-ի 5․13 տոկոսը, հիշեցրել է․
«Օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը»։
Նախարարի փոխանցմամբ՝ միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշն արդեն կազմում է 21․7 տոկոս։ Ըստ նրա՝ վերջնական տվյալներն «էապես ավելի բարձր» են լինում, ուստի կառավարության նախանշած թիրախին «բավականին մոտ» կլինեն։
Քերոբյանը կարծիք է հայտնել, որ եթե հաջողվի հասնել ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին, կնշանակի՝ կարողացել են անցում կատարել սպառման վրա հիմնված տնտեսական աճից դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսական աճ։
«Պլանավորում ենք առևտրային ներկայացուցիչներ նշանակել երեք երկրում»
Քերոբյանի խոսքով՝ նպատակն այդ երկրների՝ Չինաստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը զարգացնելն է։ Ասում է՝ ներկա պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։ Օրինակ բերելով Իրանը՝ նկատել է՝ առևտրային ներկայացուցիչը նշանակվել է երկու տարի առաջ, այս ընթացքում շրջանառությունը կրկնապատկվել է։
Էկոնոմիակյի նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատանք տանելը։
Մեկնաբանություն
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասում է՝ հրապարակված թվերով ոչ մեկին չեն զարմացնի․ լուրջ մարդկանց համար «զավեշտալի օրակարգ» է։ Նրա փոխանցմամբ՝ թեև դոլարն արժեզրկվել է, դրամն արժևորվել, գնաճն «աննախադեպ թռիչք» արձանագրել, բայց չի երևում, թե «այդ 1 մլդ-ը քանի աշխատատեղ է ավելացրել և որ ոլորտներում»։
«Այո՛, կարող է հանքարդյունաբերության մեջ, կազինոներում, օֆշորային գոտիներից եկած փողերը, կամ ռուսական կապիտալը, որը «փախել» է ՌԴ-ից դասալիքների գրպաններով, բազմաթիվ ուղիներով, գումար եկել է Հայաստան: Բայց կրկնում եմ՝ էդ ո՞ր բարձր տեխնոլոգիական սեկտորներն են ուժեղացել, ավելացել և ամենակարևորը՝ ստեղծել ավելացված արժեք ու բարձրացրել բարեկեցությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ այս տվյալներն ընդամենը քարոզչական գործիքներ են։
Ասում է՝ կառավարությանը թվում է, թե որքան մեծ ու ուռճացված լինեն թվերը, այնքան արագ մարդիկ կմոռանան՝ ինչ է կատարվում սահմաններին, ինչ է կատարվում Արցախում, ինչպիսի սողացող ցեղասպանություն է իրականացվում և այլն․
«Թող իրենք հատ-հատ ներկայացնեն, թե որ ոլորտում ինչպիսի բարձր եկամտաբեր աշխատատեղեր ստեղծվեցին, ովքեր էին այդ ներդրումները ստացող կամ կատարող սուբյեկտները և ինչպիսի հետագիծ են ստեղծել դրանք»:
Մարգարյանի խոսքով՝ կան ներդրումներ, որոնք վտանգներ կարող են ստեղծել երկրի համար։ Օրինակ է բերում հանքարդյունաբերության ոլորտն ու դրա էկոլոգիական հետևանքները։ «Ոչ դրական» ներդրումների շարքին է դասում նաև խաղաբիզնեսում արվողը։ Կարծում է՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար կարիք կա ներդրումներ կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։ Մյուս կողմից նկատում է՝ հայտարարված ներդրումների պարագայում երկրի պետական պարտքն ուղղակի անտրամաբանական է։
«Եթե այդքան մասնավոր աղբյուրներից փողեր են եկել, ինչո՞ւ է յուրաքանչյուր տարի 1 մլրդ-ով մեր երկրի պետական պարտքն ավելացել և այսօր 11 մլրդ-ի սահմաններում է: Լավ կլինի, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ պարադոքսի բացատրությունը տան»,- ընդգծել է տնտեսագետը։
Անդրադառնալով Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչների նշանակման պլաններին՝ տնտեսագետը նշել է, որ դա նոր բան չէ, նման գաղափարներ միշտ են եղել։ Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգն առանց այն էլ գերուռճացված վիճակում է, աշխատատեղերի ավելացումը հարցի լուծում չեն:
«Ի՞նչ է եղել, թող նշանակեն, դրանք էլ բյուջետային ծախսեր են, մի քանի հոգի իրենց ընտանիքներով, ազգ ու տակով լավ կզգան իրենց այդ երկրներում: Մենք ունեցել ենք դեսպանատներում տնտեսական ատաշեներ, հիմա էլ կան և ի՞նչ են արել»,- հարցնում է Մարգարյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Օտարերկրյա ներդրումներ Հայաստանում