«Երկխոսությունից հրաժարվելը կնշանակի հրաժարվել մեր ապագայից»․ երիտասարդ ակտիվիստ
Հնարավո՞ր է երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
26–ամյա գյումրեցի Գևորգ Ղուկասյանը ՀՀ մարզային ամենամեծ բուհի` Շիրակի պետական համալսարանի ուսանող է, նույն բուհի Ուսանողական խորհրդի նախագահը, որը շուրջ 350 անդամ ունի։ Համալսարանում սովորում է հոգեբանություն մասնագիտությամբ, ամենասիրելի առարկան կլինիկական հոգեբանությունն է։
Գևորգը նաև ակտիվիստ է․
․ չորս տարի առաջ հիմնել և զարգացրել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնը, որն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի հյուսիսային մարզերում։ Գևորգն ասում է, որ իր կազմակերպությունը մարզերում բազմաթիվ կարևոր ռեֆորմների նախաձեռնողն ու իրականացնողն է եղել, և հենց դա է պատճառը, որ նա չի կորցնում հավատը երիտասարդական ներուժի նկատմամբ՝ այդ թվում նաև խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման համատեքստում։
«Խաղաղության գործընթացի ձախողման հետևանքները կրելու է մեր սերունդը»
«Հետևանքները կրելու է մեր սերունդը»
«Շատ կարևոր է հասկանալ, որ խաղաղությունը նման շարունակական, հիբրիդային կոնֆլիկտների դեպքում չի կարող բխել միայն մի կողմից, իսկ խաղաղության գործընթացի ձախողման հետևանքների հետ ապագայում առերեսվելու են հենց մեր սերնդի ներկայացուցիչները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։
Իսկ խաղաղության հասնելու համար առաջին հերթին պետք է խոսել իրար հետ։
«Անգամ, եթե այսօր պատրաստ չենք երկխոսելու, այդուամենայնիվ պետք է փորձենք, որովհետև հրաժարվել երկխոսությունից, կնշանակի հրաժարվել մեր ապագայից, Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ, ժողովրդավարական, բարեկեցիկ, անվտանգ և ազատ ապագայից»,– ասում է երիտասարդը։
«Հայերի և ադրբեջանցիների միջև անհասկանալի ծագումնաբանություն ունեցող ատելությունը»
Քաղաքացիական գործունեությունը Գևորգը սկսել է դեռ 11 տարի առաջ, երևանյան Մաշտոցի պուրակի ցույցերի ժամանակ, երբ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ կարողացան պաշտպանել Երևանի կենտրոնում գտնվող պուրակը և ստիպել քաղաքապետարանին հրաժարվել այդտեղ կրպակներ կառուցելու մտադրությունից։
Հետո «Էլեկտրիկ Երևան» շարժման հերթն էր, երբ խաղաղ ցույցերի և բողոքի ակցիաների արդյունքում հաջողվեց փոխել իշխանությունների որոշումը էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին։
Սակայն մասնակցելով ցույցերին, , մասնավորապես 2018 թ․–ի ժողովրդավարական հեղափոխությանը և հետո հիմնելով «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է ժողովրդավարության, կրթության, երիտասարդության, քաղաքացիական և այլ ոլորտներում ռեֆորմներ նախաձեռնելով և իրականացնելով, նա չէր կորցնում հավատը հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծելու վերաբերյալ։
«Խաղաղության և մեր հասարակությունների երկխոսության վերաբերյալ իմ մոտեցումները նույնն են եղել նաև մինչև 2020 թվականի 44–օրյա պատերազմը, – ասում է նա, – ուղղակի այն ժամանակ դրա հավանականությունն ավելի մեծ էր»։
Պատերազմից շատ կարճ ժամանակ առաջ լույս է տեսել Գևորգի առաջին գիրքը՝ «Շունչ–արտաշունչ» անունով արձակ բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը չեղարկվել է հենց պատերազմի պատճառով։
Գրքում անդրադարձ կա տարածաշրջանում ապրող երիտասարդների հիմնահարցերին, իր սերնդակիցների տխուր կյանքին, այդ թվում՝ ադրբեջանցի։
«Մենք մնացել ենք Խորհրդային Միության փլատակների վրա և անհասկանալի ծագումնաբանություն ունեցող ատելության մեջ՝ շրջապատված բռնապետություններով, – ասում է նա ու շարունակում, – իմ գրքով նաև սոլիդարություն և աջակցություն եմ հայտնել ադրբեջանցի անարխիստ երիտասարդներին, ակտիվիստներին, դիսիդենտներին ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց երկրից՝ քաղաքական հետապնդումների պատճառով, ճշմատությունը ասելու պատճառով, հայերի հետ խաղաղության մասին խոսելու պատճառով: Հիմա զգում եմ, որ Հայաստանի հասարակությունը ավելի ազատ է և ավելի ժողովրդավարական ու պատրաստ է խաղաղության մասին խոսել, պատրաստ է խաղաղության։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի հասարակությունն էլ»։
Լաչինի միջանցքի փակման մասին
2022թ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են իբր «էկոակտիվիստներ», Բաքվի իշխանությունների աջակցության և ռուս խաղաղապահների անգործության պայմաններում փակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Նա վստահ է, որ հատկապես այս օրերին կարևոր է խոսել խաղաղության մասին և քաջալերել դրա համար պայքարող յուրաքանչյուր մարդու։ Հենց այդ պատճառով էլ Գևորգն իր էջում, որպես ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ, աջակցություն էր հայտնել ադրբեջանցի ուսանող Ֆաիդ Իմանովին, որը բարձրաձայնել էր Բաքվի պետական համալսարանի ղեկավարության կողմից ուսանողներին Լաչինի միջանցքի արգելափակմանը մասնակցելու համար խոստացված «արտոնությունների» մասին։
«Կարևոր եմ համարում այստեղից աջակցել բոլոր այն ադրբեջանցիներին, որոնք խիզախում են խոսել նման ապօրինի և անհիմն գործողությունների դեմ և իրենց երկրում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Սա հենց այն է, ինչ մենք կարող ենք անել խաղաղության համար՝ չվախենալ խոսել։ Ես այս հարցում անվախ ու ազնիվ եմ և ես միայնակ չեմ», – ասում է նա։
«Կոնֆլիկտի լուծումը հնարավոր է միայն ժողովրդավարական պայմաններում»
Ըստ նրա՝ ընթացող պատերազմի և Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ֆոնին գրեթե անլսելի են դառնում երկու կողմերից արվող խաղաղության կոչերը։ Շատ դեպքերում էլ մարդիկ քննադատվում կամ հալածվում են իրենց տեսակետների համար։ Սակայն միևնույն ժամանակ, Գևորգը վստահ է․ դա չի կարող պատճառ դառնալ պատերազմն արդարացնելու ու տեղի ունեցողի հետ համակերպվելու համար։
«Մենք կարող ենք և պետք է նոր երկխոսություն սկսենք խաղաղության հնարավորության մասին, և դրա նախաձեռնությունը իրենց վրա պետք է վերցնեն երիտասարդները՝ երկու կողմերից։ Այլապես մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ արդեն 30 տարի մենք իրար ենք սպանում։ Եվ այս անիմաստ սպանդը, այս դժբախտությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ չի եկել սերունդ, որը կորոշի խոսել՝ սպանելու փոխարեն, և այդ սերունը պետք է լինի մեր սերունդը», – ասում է Գևորգը։