«Կարմիր խաչի օգնությունը բավարար չէ»․ Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին
Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին
«Շրջափակումը հանգեցրել է սննդի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար»,- անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը: Կազմակերպությունը հանդես է եկել Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու կոչով, հրապարակել իրականացրած ուսումնասիրության արդյունքները։
Արդեն 60 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հիշեցրել է, որ նախօրեին Ադրբեջանը շրջափակումից ի վեր յոթերորդ անգամ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։
Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է վերածվել բնապահպանական աղետի, քանի որ ցուրտ ձմռան պայմաններում բնակիչները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն էլ, իր հերթին, բերում է անտառային հատումների։
Amnesty International-ի ուսումնասիրության արդյունքները, Փաշինյանի ելույթը, թարմացված տվյալներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին
«Անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը». Amnesty International
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ արգելափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը։
«Էլեկտրաէներգիայի, բնական գազի և փոխադրամիջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում հատկապես այն խմբերի համար, որոնք խոցելի են: Սա պետք է դադարի հիմա»,- շեշտել է կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:
Amnesty International-ի գնահատմամբ՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվի սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների հասանելիությունից:
«Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,- հավելել է Ստրաթերսը։
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։
Բացի այդ, հրապարակել է նաև իր իրականացրած ուսումնասիրության արդյունքները։ Հաղորդվում է, որ հարցազրույցներ են անցկացրել ԼՂ-ի բուժաշխատողների և բնակիչների հետ ու բացահայտել շրջափակման ծանր ազդեցությունները, մասնավորապես՝
- դեղամիջոցների և բժշկական անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով հիվանդների համար ստեղծված ծանր վիճակը,
- սննդի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի պակասի պատճառով կանանց և երեխաների շրջանում իմունոդեֆիցիտի, սակավարյունության, վահանաձև գեղձի հիվանդությունների զգալի ավելացումը, դիաբետի վատթարացման դեպքերը,
- հղի կանանց մոտ բարդացումների առաջացումը, հղիության ընդհատման կամ վաղ ծննդաբերության դեպքերի ավելացումը,
- երեխաների կրթության իրավունքի խախտումները:
«Բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի»․ Հայաստանի վարչապետ
Փաշինյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի «բնապահպանական քողարկում ունեցող, ապօրինի շրջափակումը» հումանիտար ճգնաժամից բացի հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի։ Խոսելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցումների մասին՝ վարչապետը նշել է, որ մարդիկ ստիպված են տները փայտանյութով տաքացնել, այսինքն՝ գնալ անտառահատումների։ Դա, ըստ նրա, «բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի»՝ հաշվի առնելով այն, որ Արցախում ձյուն է տեղացել, և գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչև 5 աստիճան զրոյից ցածր։
«Սրանով ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի, իբր, բնապահպանական նպատակադրումները»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցրել է՝ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցրել է յոթ անգամ։ Սակայն ամբողջական դադարեցումներին զուգահեռ տեղի են ունեցել նաև մասնակի դադարեցումներ՝ մատակարարումը հասցնելով 40, 30 և երբեմն էլ 10 տոկոսի։ Վարչապետի փոխանցմամբ՝ նմանատիպ շուրջ 27 գործողություն է տեղի ունեցել։
«Ընդ որում, սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»,- շեշտել է նա։
Կարծում է՝ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է «Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը», ուստի անհրաժեշտ է համարում առկա ճգնաժամը «ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա» դարձնելը։
Ի՞նչ իրավիճակ է շրջափակված ԼՂ-ում
Պլանային վիրահատությունները շարունակում են դադարեցված մնալ։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այդ պատճառով մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրները լուծելու հնարավորությունից։
Այսօր վիրահատական միջամտության կարիք ունեցող 7 անձ է ԼՂ-ից Հայաստան տեղափոխվել։ Ընդհանուր առմամբ, ճանապարհի արգելափակման մեկնարկից մինչ օրս Կարմիր խաչի կոմիտեի միջնորդությամբ հայաստանյան տարբեր բուժկենտրոններ են տեղափոխվել 83 բուժառուներ։
Շրջափակման պայմաններում Արցախում ծնվել է 215 երեխա։
Տնտեսական իրավիճակը գնալով ավելի է բարդանում։ Առնվազն 5100 մարդ կորցրել է եկամտի աղբյուրը։ Աշխատանքը կորցրած քաղաքացիների և գործազուրկ ծնողների երեխաների համար կառավարությունը սոցիալական աջակցության ծրագիր է մշակել։
Գազի պարբերական անջատումներին զուգահեռ էլեկտրաէներգիան ամեն օր հովհարային անջատումների է ենթարկվում․ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վթարված հատվածում նորոգման աշխատանք իրականացնել։ Ջեռուցման բացակայության և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակ են:
Դեկտեմբերի 12-ից որպես բնապահպան ակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Պահանջում են տարածքի հանքավայրերի մոնիթորինգ և հանդիպում ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարի հետ։
Սննդի և դեղորայքի պակաս կա։ Նախքան շրջափակումը ամեն օր Հայաստանից Արցախ էր մատակարարվում 400 տոննա բեռ։ Այժմ, սակայն, միայն ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի կոմիտեի մեքենաներն են կարողանում անցնել միջանցքով և մարդկանց անհրաժեշտ ապրանքներ հասցնել՝ անհամեմատ և մի քանի անգամներ պակաս քանակով։
Չնայած միջազգային հանրության՝ ճանապարհը բացելու պահանջներին, պաշտոնական Բաքուն պնդում է՝ միջանցքը փակ չէ, ակտիվիստները թույլ են տալիս մեքենաներին անցնել, պարզապես իրենց բողոքն են արտահայտում հանքավայրերի շահագործման հետ կապված։ Ռուսաստանի ԱԳՆ-ն պարբերաբար հայտնում է՝ բանակցությունները շարունակվում են։ Թե ում միջև և ինչ պայմաններով՝ չի հաղորդվում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին