Հայաստանը չի փոխի կառավարման մոդելը, կմնա խորհրդարանական երկիր
Կառավարման մոդելի փոփոխություն Հայաստանում
Հայաստանը կշարունակի լինել խորհրդարանական երկիր, կառավարման մոդելի փոփոխություն չի արվի։ Նոյեմբերի 30-ին նման որոշում է կայացրել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը։ Ֆեյսբուքյան էջում այդ մասին հայտնել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա «մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար»։
«Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը: Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը»,- գրել է նա։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին հաղորդվեց 2021 թ․-ի վերջին։ Խորհուրդն այս տարի մի քանի նիստեր է անցկացրել։ Այն ունի պարտավորություն՝ մինչև հաջորդ տարվա հունիս վարչապետի աշխատակազմ ներկայացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Նման փոփոխությունների հայեցակարգի մշակման նպատակով հանձնաժողով էր ստեղծվել դեռևս 2020 թ.-ին: Այդ հանձնաժողովում կար ընդհանուր համաձայնություն՝ կառավարման մոդելի փոփոխության հարց չի քննարկվելու։ Պաշտոնական մեկնաբանությամբ՝ աշխատանքները ձախողվեցին կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով։
Խորհրդի նիստի բոլոր մանրամասները
«Միջանկյալ հանրաքվե անելն իրատեսական չէ»
Իոաննիսյանը նշել է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե կառավարման մոդելի հարցը որոշվեր «առանձին խորհրդատվական (միջանկյալ) հանրաքվեով», խորհուրդն էլ նախագիծ ստեղծեր այդ հանրաքվեի արդյունքների հիման վրա։
«Այդ դեպքում ժողովուրդը է՛լ ավելի կզգար, որ օրինականության ու կարգի հեղինակը ինքն է: Բայց, ցավոք սրտի, այս իրավիճակում միջանկյալ հանրաքվե անելը իրատեսական չէ»,- ընդգծել է նա։
Անվերջանալի ճգնաժամերի ճանապա՞րհ, թե՞ կայունություն
Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց հիմնավորումները գործող մոդելի պահպանման և նախագահականի անցնելու վերաբերյալ։
Իրավաբան Դավիթ Հակոբյանի խոսքով՝ խորհրդարանական մոդելի պարագայում լիդերի փոփոխությունն ավելի հավանական է, քան կառավարման մյուս մոդելների դեպքում․
«Եթե տեսնում են, որ լիդերը չունի բարձր հեղինակություն, կարող են փոխել նրան, նոր լիդեր ընտրել»։
Կարծում է՝ լուրջ փաստարկներ են պետք կառավարման ձևի փոփոխության համար, քանի որ Հայաստանն արդեն իսկ խորհրդարանական երկիր է, ունի համապատասխան օրենսդրություն։
«Ես կառաջարկեի գործող կառուցակարգերը բարելավել, փորձել ավելի ուժեղացնել խորհրդարանական փոքրամասնությանը»,- ընդգծել է Հակոբյանը։
Այս կարծիքը կիսողներն ասում են՝ խորհրդարանականը կայուն կառավարման մոդել է, կարիք չկա անցում կատարել այլ մոդելի ու «ճանապարհ բացել անվերջանալի ճգնաժամերի և անկայունության համար»։
Խորհրդի անդամ, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի խոսքով՝ պետք է անցում կատարել նախագահականի, քանի որ հանրային ընկալումներն այդ համակարգին ավելի մոտ են։ Նա, սակայն, որևէ ուսումնասիրության հղում չի արել, վիճակագրական տվյալներ չի հրապարակել։ Նշել է միայն, որ հիմնվում է Արդարադատության նախարարության հարցման և տարբեր հանրային քննարկումների վրա։
Հնարավոր անցումը նախագահական համակարգի նա դիտարկում է որպես «իշխանության տարանջատման կոշտ մեթոդ»։ Չի բացառում, որ արդյունքում լինի նաև «առճակատում» նախագահի ներկայացրած ուժի և խորհրդարանական մեծամասնության միջև։ Բայց համոզված է՝ անորոշ կամ հայեցողական լիազորություններ այս պարագայում չեն լինի։
«Գործող պառլամենտական համակարգի թերությունները պետք է շտկվեն»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ պաշտպանում է «պառլամենտական համակարգի պահպանումը», բայց նաև հավելել՝ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձևավորումը դեռևս կիսատ է։
«Պետք է ամբողջացնել այն։ Թերությունները, որոնք նպատակային են թողնվել գործող Սահմանադրության մեջ, որպեսզի պառլամենտը լինի հնարավորինս անատամ, հակակշիռների հնարավորություն չլինի, պետք է փոխել, շտկել և ունենալ ռեալ գործող պառլամենտական համակարգ»,- շեշտել է նա։
Մարուքյանի խոսքով՝ իր ղեկավարած կուսակցությունը «եվրոպական մոդելի պետության ջատագով ուժ» է։ Կարծիք է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական կառավարումը կարող է լինել ներառական կառավարման համակարգ ունենալու, որևէ ուժի չմարգինալացնելու, «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը մերժելու և երկրի բոլոր կարող ուժերը համախմբելու լավ օրինակ։
«Այսօր եվրոպական զարգացման տենդենցները հանգում են նրան, որ մենք հնարավորություն ունենք արդյունավետ արտաքին հարաբերություններ, երկրի անվտանգություն ու տնտեսական զարգացում ապահովել նաև խորհրդարանական կառավարման համակարգի միջոցով»,- կարծում է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Պատգամավորը կարևոր է համարում ոչ այնքան կառավարման մոդելը, որքան զսպումների և հակակշիռների մեխանիզմի ներդրումը։
Խորհրդի անդամներից Եղիշե Կիրակոսյանը, որը ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է, նույնպես նպատակահարմար չի համարում անցումը նախագահական կամ կիսանախագահական համակարգի։ Ասում է՝ համակարգը լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Ըստ նրա՝ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման իրավական փուլը, «գաղափարական ու արժեքային փուլը» նոր է սկսվում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կառավարման մոդելի փոփոխություն Հայաստանում