Երկիշխանություն Մոլդովայում․ խորհրդարանի կողմից կառավարության նշանակումը քաղաքական ճգնաժամ է առաջացրել
Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է։ Երեկ խորհրդարանն ընտրություններից երեք ամիս անց վերջապես իշխող կոալիցիա և նոր կառավարություն է ձևավորել։ Կոալիցիա են կազմել ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունն ու եվրոպամետ ACUM դաշինքը։ Սակայն խորհրդարանն ու նոր կառավարությունն ընդամենը մեկ գիշեր են դիմացել․ սահմանադրական դատարանը ցրել է խորհրդարանն ու նախագահին հեռացրել պաշտոնից։ Ի պատասխան խորհրդարանը հայտարարել է օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի Դեմոկրատական կուսակցության կողմից իշխանության բռնազավթման մասին։ Նրա կողմնակիցները սկսել են հավաքվել մայրաքաղաքում՝ ակցիա անցկացնելու։
Կոալիցիա և նոր կառավարություն․ ընդդեմ օլիգարխի կողմից «իշխանության բռնազավթման»
ACUM դաշինքի և Սոցիալիստական կուսակցության պատգամավորները հունիսի ութին խորհրդարանի արտահերթ նիստ են գումարել։ Ինչպես հաղորդում է NewsMaker-ը, մեկ օրում նրանք հասցրել են խոսնակ ընտրել (սոցիալիստների ներկայացուցիչ Զինաիդա Գրեչանիին) և երեք փոխխոսնակ, ինչպես նաև վարչապետ նշանակել ACUM դաշինքի առաջնորդ Մայա Սանդույին և հաստատել նոր կառավարության կազմը։
Դա գործնականում իշխանափոխություն էր նշանակում, քանի որ երկրի նախորդ կառավարությունը վերահսկվում էր Մոլդովայի դեմոկրատական կուսակցության կողմից՝ օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի գլխավորությամբ։
Խորհրդարանը նաև հռչակագիր է ընդունել, որի համաձայն՝ Մոլդովան «բռնազավթված պետություն» է ճանաչվել․ նկատի ունեն օլիգարխի կողմից պետական ինստիտուտների հանդեպ վերահսկողություն սահմանելը։
Նիստին ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոլդովայում ԵՄ առաքելության ղեկավարը, Ռուսաստանի դեսպանն, ԱՄՆ, Նիդերլանդների դեսպանատան ներկայացուցիչները և այլոք։
Միաժամանակ Մոլդովայի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նիստին ներկա չէին, իսկ խորհրդարանի շենքում անջատված էր հոսանքն ու բացակայում էր անձնակազմը։
Պատասխան հարված․ խորհրդարանի ցրում
Սակայն մինչ նոր խորհրդարանի որոշումների մասին հայտնի դառնալը երկրի սահմանադրական դատարանը դրանք ապօրինի է հայտարարել։ Ինչպես հաղորդում է ZDG-ն, սահմանադրական դատարանը հայտարարել է այն մասին, որ հունիսի 7-ին լրացել է այն օրինական ժամկետը, երբ փետրվարի 24-ին ընտրված խորհրդարանը պետք է կառավարություն ձևավորեր։ Սակայն շատ պատգամավորներ և իրավաբաններ պնդում են, որ սահմանադրությունում երեք ամիս ժամկետ է նշված, այլ ոչ թե 90 օր, իսկ դա նշանակում է պատգամավորների տնօրինության տակ ևս մեկ օր կար նոր կառավարության ձևավորման հարցը լուծելու համար։
Իսկ հունիսի 9-ին սահմանադրական դատարանը ժամանակավորապես լիազորություններից զրկել է Իգոր Դոդոնին (որը Սոցիալիստական կուսակցությունն է ներկայացնում և սատարում է խորհրդարանի կողմից ընտրված նոր կառավարությանը)։ Դատարանը նախագահի պաշտոնակատար է նշանակել Պավել Ֆիլիպին, որն ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարն էր։ Ֆիլիպը միանգամից հայտարարեց խորհրդարանը ցրելու և սեպտեմբերի 6-ին նոր ընտրություններ նշանակելու մասին։
Քիշնևում բողոքի ակցիայի էին հավաքվել Դեմկուսի կողմնակիցները, որը չի ճանաչում խորհրդարանի որոշումները։ Ոստիկանությունն ուժեղացրել է պետական հաստատությունների պահպանությունը։
Նոր կոալիցիան չի հանձնվում
Չնայած սահմանադրական դատարանի և կառավարության որոշումներին՝ խորհրդարանը կիրակի շարունակել է աշխատանքը։ Պատգամավորները հռչակագիր են ընդունել, որի համաձայն՝ Ֆիլիպի կառավարությունն օրենքից դուրս են ճանաչել, ինչպես նաև անվստահություն են հայտնել սահմանադրական դատարանի վերջին որոշումներին։
Մայա Սանդուն, որը խորհրդարանի կողմից վարչապետ է նշանակվել, բրիֆինգ է անցկացրել, որի ընթացքում պետական հաստատություններին կոչ է արել օրենքը պահպանել և նոր կառավարությանը թույլ տալ գործել։ Նա նաև դիմել է ոստիկանությանն ու կարաբիներներին՝ խնդրելով պահպանել օրենքը։
Նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր կողմնակիցներին կոչ չի անելու փողոց դուրս գալ, քանի որ Դեմկուսի կողմից սադրանքների մտավախություն ունի, բայց հույսեր է կապում նախկին իշխանությունների վրա միջազգային ճնշման հետ, նրանց խորհրդարանի որոշումը ճանաչել տալու համար։
Մոլդովայում 2019թ-ի փետրվարի 24-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջատարը Սոցիալիստական կուսակցությունն էր, որ հավաքել էր 31,15 տոկոս ձայն, դրան հետևում էր ACUM դաշինքը՝ 26,84 տոկոս և Դեմկուսը՝ 23,62 տոկոս։ «Շոռ» քաղաքական կուսակցությունը հավաքել էր 8,32 տոկոս ձայն։ Միամանդատ ընտրատարածքներում դեմոկրատները հավաքել էին ավելի շատ մանդատ (19), հետո գալիս էին սոցիալիստները (15), ACUM դաշինքը (11) և ՊՊՇ-ն (2)։ Այսպիսով՝ սոցիալիստներն ունեն 35 մանդատ, դեմոկրատները՝ 30, ACUM դաշինքը՝ 26, «Շոռ» կուսակցությունը՝ յոթ, երկու պատգամավոր անկուսակցական է։