Եթե կուսակցությունները երեք ամսում իշխող կոալիցիա չձևավորեն, խորհրդարանը կարձակվի" />

Մոլդովայի ընտրություններ․ ռուսամետ կուսակցությունն առաջին տեղում է։ Սակայն հայտնի չէ, թե ովքեր են կառավարություն ձևավորելու

Եթե կուսակցությունները երեք ամսում իշխող կոալիցիա չձևավորեն, խորհրդարանը կարձակվի

Ըստ ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի և մոլդովական ZIARUL DE GARDĂ պարբերականի հրապարակումների

Մոլդովայի խորհրդարան են առաջին անգամ անցել միացյալ ընդդիմության ներկայացուցիչները։ Ընտրությունների մյուս կարևոր արդյունքն է ռուսամետ քաղաքական ուժի՝ սոցիալիստների հաղթանակը։ Ընդ որում, իր դիրքերը կարողացել է պահպանել նաև դեմոկրատական կուսակցությունը, որի թիկունքին կանգնած է տեղի օլիգարխներից մեկը։

Մոլդովայի նոր խորհրդարանը ձևավորելու են սոցիալիստների կուսակցությունը, ACUM դաշինքը, Դեմոկրատական կուսակցությունն ու «Շոռ» կուսակցությունը։

Երեքշաբթի առավոտյան բոլոր ձայների հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է արդյունքները՝ քվեների 31,15 տոկոսը հավաքել է Սոցիալիստների կուսակցությունը, 26,84 տոկոսն՝ ընդդիմադիր ACUM դաշինքը, 23,62 տոկոսը՝ Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը և 8,32 տոկոսը՝ «Շոռ» կուսակցությունը։ Մյուսները չեն հաղթահարել վեցտոկոսանոց անցողիկ շեմը։

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ սոցիալիստները խորհրդարանում կունենան 35 տեղ, դեմոկրատները՝ 30 տեղ, ACUM դաշինքի ներկայացուցիչները՝ 26 տեղ, «Շոռ» կուսակցությունը՝ յոթ տեղ, ևս երեք տեղ կմնա անկախ պատգամավորներին։

Մոլդովայի «Էրդողանացում»․ ինչպե՞ս և ի՞նչ է երկիրը սովորում Թուրքիայից

Մոլդովայում շատերն են երկիրը լքում գումար վաստակելու ակնկալիքով․ երեխաները հետևում են ծնողներին

Քաղաքական սերիալ․ կոնֆիկտ Մոլդովայի նախագահի և կառավարության միջև

Կոլաժով պաստառ, որտեղ հիմնական քաղաքական գործիչները պատկերված են որպես Վլադ Պլախոտնյուկի ծաղրածու-խամաճիկներ; Քիշնև, Մոլդովա, 2019թ-ի փետրվարի 24։ Լուսանկարն՝ Ալեքսանդր Կոխանի/«Հրոմադսկոյե»

Քանի որ ոչ մի կուսակցություն չի կարողացել 51 տեղ ստանալ, նրանք պետք է պայմանավորվեն կոալիցիա կազմելու մասին։ Փորձագետները կանխատեսում են, որ դա հեշտ չի լինելու։ Եթե քաղաքական գործիչները երեք ամսում պայմանավորվածության չգան, խորհրդարանը կարձակվի, և երկրում նոր ընտրություններ կնշանակվեն։

«Հրոմադսկոյե» ուկրաինական անկախ առցանց հեռուստատեսությունը Մոլդովա է այցելել ընտրությունների նախօրեին՝ հանդիպելու մարդկանց, որոնք սատարում էին տարբեր թեկնածուների, և նրանց հետ քննարկելու նրանց քաղաքական նախընտրությունները։

Օլիգարխն ու ռուսական պրոպագանդան

«Եթե մեր կուսակցությունը հաղթի, ամեն ինչ կանի այնպես, ինչպես նախկինում էր», – նոստալգիկ հոգոց է հանում թոշակառու Մարիտանան, որը փողոցում թռուցիկներ է բաժանում սոցիալիստների հանրահավաքից առաջ։ «Նախկինի պես»-ը խորհրդային ժամանակների պեսն է, երբ, ըստ Մարիտանայի, «բոլորն ապրում էին հաշտ ու համերաշխ»։

Երիտասարդությունը՝ սոցիալիստների կուսակցության հանրահավաքին, Քիշնև, Մոլդովա, 2019թ-ի փետրվարի 22։ Լուսանկարն՝ Ալեքսանդր Կոխանի/ «Հրոմադսկոյե»

Ալինա Ռադուն՝ Ziarul de Garda պարբերականի գլխավոր խմբագիրը, պարզաբանում է․ Մոլդովայում նման տրամադրությունները բացառություն չեն, և հիմնականում ռուսական պրոպագանդայի ազդեցության արդյունք են։

«Մենք ունենք ռուսալեզու բնակչություն և ռումինալեզու բնակչություն։ Եվ ռուսալեզուները հիմնականում ռուսական ալիքներ են դիտում, քանի որ այստեղ միայն այդ ալիքներն են ռուսերենով հեռարձակվում։ Օրական այդ ալիքներով սպառնալիքներ են հնչում, որ եթե մենք Ռուսաստանի հետ ընկերություն չանենք, բոլոր եկեղեցիները կավերվեն, բոլորը գեյ կդառնան․ ինքներդ լավ գիտեք այդ հռետորաբանությունը։ Որ այստեղ կգան սիրիացիներ, մեզ հետ ինչ-որ վատ բան կկատարվի, եթե Եվրոպայի հետ ընկերություն անենք»։

Մոլդովայում սոցիալիստների ավանդական հակառակորդները երկար տարիներ է՝ դեմոկրատներն են, որոնք իշխանությունն էին ներկայացնում վերջին ութ տարին՝ վերահսկելով բոլոր կարևոր պետական պաշտոններն ու կառավարական կառույցները։ Դեմոկրատական կուսակցությունը գլխավորում է տեղի օլիգարխ Վլադ Պլախոտնյուկը։

«Ողջ արդարադատությունը, դատարանները, դատախազությունն ու ոստիկանությունը վերահսկում է գործող իշխանությունը։ Կառավարությունում որոշումները կայացվում են ի շահ Վլադ Պլախոտնյուկի, ասում է Ալինա Ռադուն։ Ողջ քաղաքականությունը կախված է մեկ օլիգարխից»։

Դեմկուսի պաշտոնան օրակարգը ենթադրում է ԵՄ հետ համագործակցության զարգացում, սակայն ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին։

«Մենք 2009թ-ից խոսում ենք եվրաինտեգրման մասին, սակայն ապրում ենք նույն կերպ, միգուցե՝ ավելի վատ, – հավելում է Կրիստիան Ժարդանը՝ Unimedia պարբերականի խմբագիրը։ – Եվ «եվրոպամետ» բառը մարդկանց համար կորցրել է գրավչությունը»։

Զվարճանքների այգին՝ որպես գովազդ

Կոռուպցիան և կախվածությունն օլիգարխներից մեծ խնդիր է Մոլդովայի համար։ Ընտրություններից առաջ ողջ Քիշնևով մեկ կոլաժով պաստառներ էին փակցվել, որտեղ հիմնական քաղաքական գործիչները պատկերված են որպես Վլադ Պլախոտնյուկի ծաղրածու-խամաճիկներ։ Նրանց թվում էր նաև ևս մեկ օլիգարխ Իլան Շոռը, որը սեփական կուսակցությունն ունի։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մոլդովական բանկից մեկ միլիարդ դոլար գողանալու համար, սակայն Շոռը բողոքարկել է վճիռը, հետևաբար՝ իրավունք է ունեցել ընտրություններին մասնակցելու։

Օլիգարխ Իլան Շոռի քաղաքական ուժի ագիտացիոն բիլբորդ քիշնևյան փողոցում, Մոլդովա, 2019թ-ի փետրվարի 23։ Լուսանկարն՝ Ալեքսանդր Կոխանի/ «Հրոմադսկոյե»

Շոռին Մոլդովայում ճանաչում են՝ շնորհիվ նրա հարազատ Օրհեև քաղաքի։ Այնտեղ՝ Քիշնևից ոչ հեռու, գործարարը զվարճանքների մեծ այգի է կառուցել «Օրհեյլենդը»։ Բնակչության մի մասի համար այդ բավականին խնամված փոքր քաղաքն ապագա Մոլդովայի յուրօրինակ մոդելն է։ Ոմանք հավատում են, որ, իշխանության գալով, Շոռը Մոլդովան վերածելու է ծաղկուն և հարուստ երկրի։

«Հանրային տրանսպորտ, ճանապարհներ, զվարճանքների այգի», – թվարկում է քիշնևցի մի տաքսու վարորդ՝ բացատրելով, թե ինչու է նա քվեարկելու «Շոռ» կուսակցության օգտին։

ACUM-ը ռումիներենից թարգմանաբար նշանակում է «այսօր»։ Ասպես է կոչվում եվրոպամետ ընդդիմության դաշինքը, որը նախկինում խորհրդարանում ներկայացված չէր։

Եվգենին՝ ACUM դաշինքի համակիրը, հստակ պատասխան ունի իր սպասած փոփոխությունների մասին հարցին

«Ինձ համար ամենագլխավորն արդարադատության հանդեպ վստահությունն է։ Որ ես վստահ լինեմ, որ եթե դատարան եմ դիմում և իրավացի եմ, ապա շահելու եմ։ Օրինակ, եթե ուզում եմ բիզնես բացել կամ պարզապես անվտանգ ապրել, պետք է վստահ լինեմ, որ մեր դատարաններն անկաշառ են, իսկ հանցագործները պատժվելու են»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում