Մեկնաբանություն․ Ուկրաինան մաքուր էջի՞ց է սկսում
Անորոշություն և սպասում․ թերևս այս երկու խոսքերով կարելի է բնութագրել ուկրաինական հասարակության վիճակն ապրիլի 21-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որի արդյունքում դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին ջախջախիչ հաղթանակ (75 տոկոսը 25-ի դիմաց) տարավ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդեպ։
• Ի՞նչ կարող է անել Ուկրաինայի նոր նախագահ Զելենսկին և ինչ չի կարող անել
• Թե ինչպես են Ուկրաինայում սաթի հանքավայրերը հարստահարում իշխանությունների աչքի առաջ
Ոչ ոք՝ նույնիսկ հաղթած թեկնածուի կողմնակիցները հաստատ չգիտեն, թե որոնք են լինելու երկրի կարևոր հարցերի ուղղությամբ նոր նախագահի առաջին քայլերն ու քաղաքականությունն ընդհանրապես։
«Նա կարծես մաքուր էջ լինի», — Զելենսկուն է բնութագրել ուկրաինացի լրագրողներից մեկը։
Նա նկատի ուներ, որ ցանկացած ոք, ով կարող է պետության նոր ղեկավարի վրա ազդեցություն ունենալ, կարող է այդ թղթի վրա գրել այն ամենն, ինչ ցանկանա։
Արդեն պարզ է, որ չնայած այն բանին, որ նախկին նախագահն առաջին հայացքից հեշտությամբ ընդունեց պարտությունը, նա չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։ Պորոշենկոն պատրաստվում է նոր մարտ սկսել իր մրցակցի հետ՝ այդ նպատակի համար հաջողությամբ մոբիլիզացնելով իր կողմնակիցներին։
2019թ-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ուկրինայում ոչ պակաս թեժ քաղաքական պայքար է սպասվում։
Ապրիլի 22-ի երեկոյան Պորոշենկոյի կողմնակիցները հավաքվել էին նախագահի վարչակազմի շենքի մոտ՝ նրան շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ նա արել է։ Այդտեղ երևաց, որ հավաքվածները կամազուրկ պետաշխատողներ չեն, այլ անկեղծ մտահոգվում են իրենց երկրի ապագայի համար։
Նրանք կարծում են, որ հենց Պորոշենկոն բոլորից լավ կարող էր պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը, պայքարել ռուսական ագրեսիայի դեմ և երաշխավորել դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ուղղության պահպանումը։
Գործող նախագահի ընտրարշավը հենց դրա վրա էր կառուցված։ «Հավատ։ Լեզու։ Բանակ»․ այսպես էր հնչում Պորոշենկոյի գլխավոր կարգախոսը։
Նա իր արժանիքն էր համարում նաև այն, որ հենց իր մասնակցությամբ է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ձեռք բերել երկար սպասված տոմոսը՝ անկախության ճանաչումը։
Ուկրաինայի արևմուտքում
Հավանաբար հայրենասիրական կարգախոսներն ու ազգային արժեքների հիշատակումն էր նախագահին ապահովել Ուկրաինայի արևմուտքի՝ Լվովի աջակցությունը, որտեղ ազգային զգացմունքներն ավանդաբար ուժեղ են։ Դա միակ շրջանն էր, որտեղ Պորոշենկոն ավելի շատ ձայներ էր ստացել, քան նրա մրցակից Զելենսկին։
Ուկրաինայում շատ արագ՝ ընտրություններից անմիջապես հետո, լեզվի մասին օրենք ընդունվեց, որը պարտավորեցնում է բոլոր պաշտոնյաներին և լրատվամիջոցներին օգտագործել ուկրաիներենը և տուգանք է սահմանում խախտումների համար։ Հասարակությունում ասում են, որ օրենքի ընդունման պատճառը նույնն է՝ հեռացող իշխանության կողմը քաշել հայրենասերներին։ Այդ որոշման կողմնակիցները համարել են, որ նոր նախագահը նման օրենք հազիվ թե ստորագրի, այդ պատճառով էլ շտապել են։
Ուկրաինայի արևելքում
Սակայն Ուկրաինայի արևելքում հայրենասիրական հռետորաբանությունն ու առավել ևս ուկրաիներենի կարգավիճակի ամրապնդումը բնավ ոգևորությամբ չեն ընկալում։
Երկրորդ փուլում երկրի արևելքի ընտրողների մեծ մասը, որոնք առաջին փուլում քվեարկել էին բացահայտ ռուսամետ թեկնածուների օգտին, իրենց ձայները տվել էին Զելենսկուն։ Որոշ շրջաններում նրանց տոկոսը հասնում էր 90-ի։
Պատճառն, ինչպես տեղացիներն են ասում, դժգոհությունն էր ներկայիս իշխանությունից։ Այդ թվում՝ ձգձգվող պատերազմից։
Ուկրաինայի և արևելքում, և արևմուտքում
Իրականում Ուկրաինայում այսպիսի իրավիճակ էր․ հայրենասիրական կարգախոսներն ընտրություններից առաջ մարդկանց առաջարկվում էին ոչ թե նրանց խնդիրների լուծման հետ միասին, այլ փաստացի դրա փոխարեն։
Սակայն լեզվից, հավատքից և բանակաշինությունից և ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն ինտեգրվելուց բացի մարդկանց հուզում են ցածր աշխատավարձերը, անհամաչափ բարձր կոմունալ վճարումները, հսկայական կոռուպցիան և այլ սոցիալական խնդիրները, որոնք նախորդ հինգ տարվա ընթացքում չի հաջողվել լուծել։
Արդյունքում այդ ընտրությունների քվեարկությունը միավորեց արևմուտքը, արևելքն ու գրեթե բոլոր տարիքային և սոցիալական խմբերը։
Զելենսկին ամենապարադոքսալ կերպով միավորեց ամենատարբեր մարդկանց՝ արևմտամետ երիտասարդությունից, որը փոփոխությունների ծարավ է, մինչև ԽՍՀՄ-ը կարոտող թոշակառունները։
«Ժողովրդի ծառան» այն սերիալի անվանումն է, որում Վլադիմիր Զելենսկին ուսուցչի դեր է տանում, որն անսպասելիորեն նախագահ է դառնում։ Եվ այսպես, «ժողովրդի ծառայի» գործը հեշտ չի լինելու․ ոչ մեկին չնեղացնել նա էլ չի կարող։
Իսկ մարդիկ, որոնք ակտիվորեն սպասում են, որ կյանքն արագ բարելավվելու է, Ուկրաինայում շատ են։ Հավանաբար, նրանց թիվը համեմատական է այն արդյունքին, որը Վլադիմիր Զելենսկին ստացել էր ընտրություններին՝ 75%: