Նոր ջերմաէլեկտրակայանը Երևանում աշխատելու է իրանական գազով
Հայաստանի կառավարությունն ու մի քանի խոշոր միջազգային ընկերություններ համաձայնագիր են ստորագրել Երևանում ջերմաէլեկտրակայանի շինարարության վերաբերյալ։ Այս նախագծի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 250 մլն դոլար։
Ի՞նչ կարժենա ՋԷԿ-ի արտադրած էներգիան
Նոր էներգաբլոկը տարեկան 250 ՄՎտ էներգիա է արտադրելու։ Արտադրվող էլեկտրաէներգիայի ողջ ծավալը պարտավորվում է գնել պետությունը։ Ի սկզբանե նախորդ իշխանության հետ բանակցությունների արդյունքում մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է կազմեր 6,2 ցենտ։ Սակայն հետագայում այն նվազել է մինչև 5,7 ցենտ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարությունը հայտարարում է, որ դա ամենաէժան էլեկտրաէներգիան է հայկական ջերմաէլեկտրակայանների արտադրածից։
Նախարար Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ատադրվող էլեկտրաէներգիայի արժեքն ու ծավալը թույլ են տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը ողջ երկրում․
«Նախնական գնի փոփոխման արդյունքում կհաջողվի տնտեսել մոտ 6,4 մլն դոլար։ Դա կարող է հանգեցնել ողջ երկրում 1.5 դրամով սակագնի նվազեցման»։
Այժմ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 47 դրամ 1 կՎտ ժամի համար։
• Արդյո՞ք պետք է փակել Հայաստանի ատոմակայանը։ Եվ արդյո՞ք պետք է նորը կառուցել
Ո՞վ և ի՞նչ գումարներով է կառուցելու ՋԷԿ-ը
Երևանյան նոր ջերմաէլեկտրակայանը մասնավոր կապիտալ է։ Այն կառուցելու են հայտնի Renco իտալական ընկերությունն ու Siemens գերմանական կոնցեռնը։ Ջէկ-ի շինարարության նախագիծը մասնակիորեն ֆինանսավորվում է այդ կառույցների կողմից, մասնակիորեն՝ վարկային կազմակերպությունների, այդ թվում՝ Զարգացման ասիական բանկի կողմից։
ՋԷԿ-ի շինարարությունը կսկսվի երկու շաբաթից։ Շինարարության մեջ ներգրավված կլինի 1000-1200 մարդ, իսկ այն շահագործման հանձնելուց հետո կստեղծվի մոտ 200 աշխատատեղ։
Ինչո՞ւ է նոր ՋԷԿ-ը կարևոր օղակ Հայաստանի էներգետիկ համակարգում
Հայաստանում այժմ երկու գործող ջերմաէլեկտրակայան կա՝ Երևանի և Հրազդանի ՋԷԿ-երը։ Մոտակա ժամանակներում իշխանությունները պետք է դադարեցնեն Հրազդանի ՋԷԿ-ի շահագոծումը։ Նոր կայանը կոչված է փոխարինել այն և ապահովել ավելի էժան էլեկտրաէներգիայի արտադրություն։
Էլեկտրաէներգիան արտադրվելու է բնական գազի միջոցով, որը երկիրը գնում է Իրանից։ Փոխարենը Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանելու Իրան։ Բարտերի համակարգը երկար տարիներ է գործում, և Երևանը մտադիր է ժամանակի ընթացքում ավելացնել մատակարարման ծավալները։
Վերջին տասը տարիների ընթացքում հայ-իրանական գազատարն օգտագործվում էր հնարավորությունների մեկ երրորդի չափով։ Սակայն արդիականացումից հետո այն կարող է օգտագործվել ողջ ծավալով, որն անհրաժեշտ է Հայաստանին (տարեկան մոտ 2 մլրդ կուբամետր գազ)։ Դա կարող է թույլ տալ Երևանին դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը։ Այժմ երկիրը կապույտ վառելիքի գրեթե ողջ անհրաժեշտ ծավալը գնում է Ռուսաստանից։