Իշխանությունների ու փորձագետների կարծիքները չեն համընկնում" />

Արդյո՞ք պետք է փակել Հայաստանի ատոմակայանը: Եվ արդյո՞ք պետք է նորը կառուցել

Իշխանությունների ու փորձագետների կարծիքները չեն համընկնում

լուսանկարը` Գայանե Մկրտչյան, JAMnews

Հայաստանում քննարկում են, թե ինչ անել 41-ամյա ատոմակայանի հետ. փակե՞լ այն և կառուցել նո՞րը, թե՞ երկարաձգել նրա կյանքը:

Մեծամորի ատոմակայանը գտնվում է հայ-թուրքական սահմանից 16կմ հեռավորության վրա և անվտանգության առումով բավականին զգայուն հարց է և Հայաստանի, և Թուրքիայի համար:

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում, որի տեքստը հրապարակվել է վերջերս, խոսվում է նաև ատոմակայանի մասին: Համաձայնագրում պնդում կա, որ 1976թ-ին շահագործման հանձնված կայանը պետք է փակվի և նորով փոխարինվի, սակայն չի նշվում, թե երբ և ինչպես է դա պետք անել:

«Կարծում եմ՝ մեր առջև ատոմակայանի փակման ժամանակահատվածի որոշման խնդիր է դրված: Վաղ թե ուշ մենք կկանգնենք այդ խնդրի առջև, չէ՞ որ այն հնարավոր չէ մշտապես շահագործել», – ասում է էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը:

Հայաստանի իշխանությունները տարիներով խոստանում են նոր ատոմակայան կառուցել: Այդ սխեման Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների ցանկում էր: Համեմատաբար վերջերս փոխվարչապետ Վաչե Գաբրիելայնը հայտարարել է, որ իշխանությունները չեն հրաժարվում այդ պլանից, և նոր ատոմակայանի շինարարությունը կարող է սկսվել 2022-2023թթ-ին:

Սակայն այժմ առաջին անգամ հանրային կերպով երկրի ղեկավարությունից հնչեց կասկած, թե արդյոք դա պետք է անել:

«Ենթադրենք, մենք ունենանք նոր ատոմակայան: Սակայն մի պահ պատկերացրեք, վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ էներգիայի նույն քանակն առանց ատոմակայանի: Եվ այդ ժամաակ ատոմակայանի միջոցով արտադրված մեր էներգիան սպառողների համար շատ ավելի թանկ կլինի: Ուրեմն մեզ համար ո՞ր ճանապարհով գնալն ավելի ճիշտ կլինի: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների ճանապարհով», – լրագրողներին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա հետ, սակայն, համաձայն չեն Հայաստանի շատ փորձագետներ:

Տնտեսագետ Վիգեն Խաչատրյանն ասում է, որ աշխարհը դեռևս չի հասել այն մակարդակին, որպեսզի ատոմային էներգիան փոխարինվի արևայինով, կինետիկով կամ այլ էներգիայով:

«Ատոմակայանի փակումը զգալիորեն կվատթարացնի Հայաստանի դիրքը տարածաշրջանում: Բացի այդ, ատոմակայանի փակման գործընթացն ինքնին պարզ բան չէ: Դրա համար տարիներ են պետք», – ասում է Խաչատրյանը:

Ներկա պահին Մեծամորի ատոմակայանն ապահովում է պահանջարկի 40 տոկոսը: Այն Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է: Ատոմակայանի շենքը ունակ է 9 բալ մագնիտուդով երկրաշարժի դիմանալ: Դա կարևոր է, քանի որ Հայաստանն սեյսմի տեսանկյունից անկայուն գոտում է գտնվում:

Ատոմակայանի նոր բլոկի կառուցման համար, փորձագետ Վահե Դավթյանի խոսքով, մոտ 5 մլրդ դոլար կպահանջվի, այն էլ եթե դա միջին՝ 600Մվտ հզորության բլոկ լինի, այսինքն՝ լուրջ ներդրումներ են պետք: Սակայն ատոմակայանի փակումն, ըստ նրա, Հայաստանին կզրկի էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունից և երկրի անվտանգության տեսանկյունից հարված կլինի:

«Հնարավոր ուղղությունը, որը կարող է փոխարինել ատոմային էներգիայի արտադրությունը, դա հիդրաէներգետիկան է: Ներկա պահին հիդրաէլեկտրակայաններին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 25%-ը: Զարգանում են նաև վերականգնվող էներգիայի աղբյուրները, սակայն դա երկարաժամկետ հեռանկար է: Առանց ատոմակայանի Հայաստանը կզրկվի բավականին հասանելի էլեկտրաէներգիայից: Բլոկադայի պայմաններում դա բավականին ուժեղ հարված կլինի երկրի համար», – համարում է Վահե Դավթյանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում